Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը. 29 մարտ, Վիեննա

2294

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

17։25

«Բրիսթոլ» հյուրանոցից հեռացավ նաև Իլհամ Ալիևը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Որևէ մեկնաբանություն չեն արել նաև համանախագահները։ Ենթադրաբար հայ համայնքի հետ այսօր կայանալիք հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հանդես կգա որևէ մեկնաբանությամբ։

17:15

Բանակցությունները, որոնք տևեցին 3 ժամ 15 րոպե, ավարտվեցին, Նիկոլ Փաշինյանը հեռացավ «Բրիսթոլ» հյուրանոցից։ Շուտով կհեռանա նաև Իլհամ Ալիևը։

16։30

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցն ավարտվեց։ Հանդիպումը շարունակվում է համանախագահների ու ԱԳ նախարարների մասնակցությամբ։

14։45

Ընդլայնված կազմով բանակցություններն ավարտվեցին, սկսվել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը։

14։00

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ժամանեցին, բանակցությունները սկսվեցին։

13։45

Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոցում մեկնարկում է Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Նախ կանցկացվեն ընդլայնված կազմով բանակցություններ՝ արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, ապա տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որը կտևի մոտ մեկ ժամ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախատեսված հանդիպումը կկայանա տեղի ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00)։

Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպում կունենա Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:

Երեկոյան նախատեսված է հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ։

Թաթուլ Հակոբյան, Վիեննա