Բուդապեշտից՝ Լիսաբոն. Արցախյան կարգավորման բանակցությունները 1994-1996 թթ

4181

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

1996թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ: Միավորված ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը վիճարկեց և կասկածի տակ առավ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունը: Եվրոպական կազմակերպություններն ընդգծեցին, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Ընդդիմությունը Մանուկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին գրոհում է Ազգային ժողովի շենքը: Բռնարարքներ են գործադրվում խորհրդարանի նախագահ Արարքցյանի և նրա տեղակալ Սահակյանի նկատմամբ, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց: Հաջորդ օրը բռնարարքները շարունակվում են, Տեր-Պետրոսյանի համախոհները խորհրդարանում հարձակվում և ծեծում են ընդդիմադիր պատգամավորներին: Ընդդիմության ճամբարից 8 պատգամավոր զրկվում է անձեռնմխելիությունից:

ՙԱյն վճռականությունը, որ կար, դրանից ավելը կարող էր կորստաբեր լինել Հայաստանի համար: Ժողովրդով մտանք, գրավեցինք Ազգային ժողովը: Դրանից մի քայլ էլ վճռական լինել և գրավել նախագահի դղյակը, զոհերի միջոցով փոխել իշխանությունը, դրանով Հայաստանն ավելի ժողովրդավար չէր դառնա: Դիմացի կողմից որոշ անձերի մոտ այնքան վճռականություն կար, որ մեր վճռականության ավելը չէր բերելու փոփոխության: Միգուցե կարելի էր ավելի խելոք տեխնոլոգիաներ գտնել, բայց թերությունը վճռականության պակասը չէր՚,- ասում է Մանուկյանը:

Սեպտեմբերի 26-ին Տեր-Պետրոսյանի հրամանագրով արգելվում են երթերը, ցույցերը, հանրահավաքները: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ուժային նախարարությունները որպես նախագահ չեն ճանաչի Մանուկյանին, ՙեթե նա նույնիսկ հարյուր տոկոս ձայներ ստանար՚: Երևանի կենտրոն է բերվում զրահատեխնիկա: ՙԻնձ համար անհասկանալի էր Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը: Բանակի միջոցով էին ուզում ջարդել, որը շատ բաներով պարտական էր ինձ: Վազգեն Սարգսյանը հստակ գիտեր, որ իմ իշխանության գալու դեպքում բոլոր այն խնդիրները, որ դրված էին Շարժման ժամանակ և քիչ թե շատ կատարվում էին պատերազմի տարիներին, բոլոր այդ խնդիրների լուծման համար ես պիտանի էի: Եթե իմ փոխարեն լիներ մեկ ուրիշը, Սարգսյանի հոգեբանությունը ես կարող էի հասկանալ` հանկարծ վտանգի տակ չդրվի Ղարաբաղի հարցը, պատերազմի արդյունքները, ժողովրդավարությունը: Իմ դեպքում նրա դիրքորոշումը մինչև հիմա անհասկանալի է՚,- ասում է Մանուկյանը:

Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով` Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների շուրջ 52, Վազգեն Մանուկյանը` ավելի քան 41, կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը` մոտ 6, Աշոտ Մանուչարյանը չէր հաղթահարել մեկ տոկոսը: Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը: Նա պաշտպանեց աթոռը, սակայն ավելի կորցրեց ժողովրդականությունը: Իսկ ամենածանր հարվածը ստացավ Հայաստանի միջազգային վարկը:

Նոյեմբերի 24-ին առաջին անգամ նախագահական ընտրություններ անցկացվեցին ԼՂՀ-ում: Քոչարյանը ստացավ ձայների մոտ 89 տոկոսը: Նա փաստացի ԼՂ-ը ղեկավարում էր 1992թ. օգոստոսից նախ որպես ՊՊԿ նախագահ, իսկ 1994թ. դեկտեմբերից` միջազգայնորեն չճանաչված հանրապետության նախագահ:

Լիսաբոն

1996թ. դեկտեմբերի 2-3-ը Պորտուգալիայի մայրաքաղաքում կայացավ ԵԱՀԿ գագաթաժողովը, որի օրակարգում Եվրոպայի անվտանգության հայեցակարգի քննարկումն էր: Առաջին և կարեւորագույն փաստաթուղթը, որն ընդունվեց միաձայն, վերնագրված էր` ՙԼիսաբոնի հռչակագիրը 21-րդ դարում Եվրոպայի համընդհանուր և համապարփակ անվտանգության մոդելի մասին՚: Երկրորդը` ՙԼիսաբոնի գագաթաժողովի հռչակագիր՚, ընդհանուր գնահատականներ էր տալիս ԵԱՀԿ տարածքի իրավիճակին: Փաստաթղթի 20-րդ կետով նախատեսվում էր անդրադառնալ Լեռնային Ղարաբաղին:

Հայ քաղաքական իրականության մեջ Լիսաբոնը ընկալվեց որպես դիվանագիտական պարտություն և Հայաստանի միջազգային մեկուսացում: Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, ընդգծում է, որ Լիսաբոնը ղարաբաղյան բանակցությունների պատմագրության մեջ նախ և առաջ մնաց որպես Ադրբեջանի չիրականացված ցանկություն: ՙՀայաստանը և Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ ձևակերպումների շուրջ, նրանցից յուրաքանչյուրը սպառնաց, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե քվեարկության դրվի չհամաձայնեցված որևէ ձևակերպում: ԼՂ-ին վերաբերող պարբերությունը հանվեց հռչակագրի տեքստից: Հռչակագիրն ընդունվելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահ Ֆլավիո Կոտտին փորձեց մի հայտարարություն ներկայացնել, որը հիմնվում էր երեք սկզբունքների վրա` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում, Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ամենաբարձր աստիճանի ինքնակառավարման ապահովում, ԼՂ-ի և նրա բնակչության անվտանգության երաշխավորում՚:

Վաֆա Գուլուզադեն գրում է. ՙՆոյեմբերի 30-ին մենք հավաքվեցինք ՙՊարկ Ատլանտիկ՚ հյուրանոցում` Ալիևի համարում, լսեցինք գագաթաժողովի աշխատանքային խմբերում ներգրավված փոխարտգործնախարար Արազ Ազիմովի և ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցիչ Վագիֆ Սադըխովի մռայլ հաշվետվությունները: Հռչակագրի տեքստում որևէ դրական բան ներառելու մեր ջանքերը հաջողություն չէին ունեցել: Սկսվեցին անվերջ բանակցությունները, մենք բախում էինք բոլոր դռները: Մեր տրամադրությունն ավելի ընկավ, երբ ծանոթացանք հռչակագրի տեքստի նախագծին: Նրանում ներառվել էին կետեր Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության մասին, և դրա դեմ ոչ ոք չառարկեց: Ագրեսոր Հայաստանի քմահաճույքների պատճառով միջազգային հանրությունն ի զորու չէր ԵԱՀԿ գագաթաժողովի իր փաստաթղթերում ճանաչել անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ չենք խոսում Ղարաբաղի` Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչումը՚:

Բաքուն սպառնում էր խափանել փաստաթղթերի ընդունումը, եթե ԼՂ-ի վերաբերյալ վերջնական փաստաթղթում չհաստատվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ԼՂ-ի վերաբերյալ ԵԱՀԿ հայտարարության տեքստի մշակման բանակցություններն ավարտվել էին ապարդյուն: Արդյունք չէր տվել նաև դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ալիևը մեղադրեց Հայաստանին. ՙՂարաբաղի անկախության անօրինական հավակնություններն անհամատեղելի են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած նորմերի հետ: Մենք երբեք թույլ չենք տա, որ Ադրբեջանի տարածքում ստեղծվի երկրորդ հայկական պետությունը՚:

Հայաստանի նախագահը գագաթաժողովի իր ելույթում ընդգծեց, որ հակամարտությունն Ադրբեջանի առաջարկած սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում ՙձեղասպանության և բռնի արտաքսման մշտական սպառնալիքը՚ կախված կլինի Ղարաբաղի բնակչության վրա: ՙ1988թ. փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին` Կիրովաբադում և 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի փորձը, ինչպես նաև 1991թ. մայիս-հունիսին Ղարաբաղի 24 գյուղերի բռնի արտաքսման փորձն ակնհայտորեն վկայում են, որ չնայած բոլոր հավաստիացումներին` Ադրբեջանը չի կարող ապահովել ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքները: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելն է՚:

Տեր-Պետրոսյանը վետո դրեց հայտարարության վրա` ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է հրադադարը պահպանելու իր պարտավորության հարցում և պատրաստակամություն է հայտնում շարունակել կառուցողական մասնակցությունը բանակցային գործընթացին թե’ Մինսկի խմբի շրջանակներում, թե’ անմիջական երկխոսությունում: ՙՄեր փաստարկներն էին` հայտարարությունը չէր արտացոլում Բուդապեշտի գագաթաժողովում հաստատված` բանակցությունների միջոցով քաղաքական համաձայնության հասնելու Մինսկի խմբի մանդատի ոգուն և տառին, կանխորոշում էր ԼՂ  կարգավիճակը՝ հակասելով 1992թ. ԵԱՀԽ նախարարների խորհրդի որոշմանը, ըստ որի` այդ հարցը հանձնվում էր Մինսկի խորհրդաժողովի իրավասությանը, և երրորդ` խնդրի լուծումը կարող էր գտնվել միջազգային իրավունքի և այն սկզբունքների հիման վրա, որ ամրագրված են Հելսինկիի Եզրափակիչ ակտում և ամենից առաջ` ինքնորոշման սկզբունքի հիման վրա՚,- ասում է Արզումանյանը:

Տալվիտիեն ընդունում է, որ Լիսաբոնը հետագայում ընկալվեց հաղթանակ Ադրբեջանի և պարտություն Հայաստանի համար. ՙԲայց այս հակամարտության կարգավորման հարցում, քանի դեռ չկա լուծում, չկան հաղթողներ ու պարտվողներ: Ինչպես Լիսաբոնում, այնպես էլ Քի Վեսթում, երբ մի կողմը շատ է ստանում, մյուս կողմը` քիչ, ես չեմ հավատում, որ այդ դեպքերում լուծումը մոտ է՚:

Լիպարիտյանի կարծիքով` Հայաստանը ձևական առումով մեկուսացվեց, երբ նախագահ Տեր-Պետրոսյանն օգտագործեց վետոյի իրավունքը. ՙԼիսաբոնը մի փուլ էր, որի ընթացքում Ադրբեջանը և Արեւմուտքը համոզվեցին, որ Հայաստանը ճնշումներին տեղի չի տալու: Բաքուն համոզվեց, որ մենք շարունակելու ենք կարգավորման հասնել բանակցությունների ճանապարհով և ոչ ՙմեծ քեռիների՚ ճնշումով: Մենք ի վիճակի եղանք Լիսաբոնի փակուղին հաղթահարել հօգուտ մեզ: Արդյունքը 1997թ. սեպտեմբերի առաջարկն էր, որը, ես շարունակում եմ հավատալ` բանակցությունների համար առաջարկում էր լավագույն հիմքը: Հայաստանում 1996թ. սեպտեմբերյան դեպքերը ոգեւորեցին Բաքվին, մտածեցին, որ Տեր-Պետրոսյանի դիրքերը թուլացել են, և նախագահը չի համարձակվի հաշվի չառնել միջազգային հանրությանը՚:

Արզումանյանը համաձայն չէ, թե Հայաստանը մեկուսացվեց: ՙՄեզ պարտադրվում էր փաստաթուղթ, որն անընդունելի էր ԼՂ-ի և Հայաստանի համար: Մենք առաջնորդվել ենք մեր ազգային շահերով, եթե դա համարվում է միջազգային մեկուսացում, ապա, այո’, մենք գիտակցաբար գնացել ենք այդ մեկուսացմանը՚,- ասում է նա` հիշեցնելով, որ 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ևս Հայաստանն օգտվել է վետոյի իր իրավունքից, երբ առաջարկվում էր ՙկոնսենսուս մինուս մեկ՚ բանաձևը:

Բուդապեշտում օրակարգ էր բերվել գերմանա-հոլանդական առաջարկը` մի երկրի վրա ճնշումներ գործադրելու մեխանիզմների մշակման խնդիրը, որը հայտնի է ՙԿինկել-Կույմանսի նախաձեռնություն՚ անունով: Առաջարկը, վկայակոչելով մի շարք իրավիճակներ, երբ այս կամ այն երկրի կողմից վետոյի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կանխարգելմանը, նախատեսում էր ԵԱՀԿ-ին իրավունք տալ համապատասխան կառավարությունների առջև բարձրացնել այն հարցերը, որոնք սպառնում են միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը, և այն դեպքերում, երբ ԵԱՀԿ ջանքերն արդյունք չեն տալիս, հարցը տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ` առանց հակամարտող կողմ երկրի համաձայնության: ՙՀայաստանը վետո դրեց` չնայած մեծ ճնշումներին, որտեղ ամենաակտիվը Գերմանիան էր: Դա միայն Հայաստանի դեմ ուղղված չէր, բայց գիտակցում էինք, որ վաղը մեր դեմ է լինելու: Ընդամենը երկու տարվա դիվանագիտական փորձ ունենալով` 54 երկրի ներկայությամբ, վետո ենք դրել, և դրա շնորհիվ էր նաև, որ կարողացանք Լիսաբոնում հանգիստ վետո դնել: Եթե արած չլինեինք Բուդապեշտում, Լիսաբոնում դա կանցներ ՙկոնսենսուս մինուս մեկ՚ ձևով, եւ մեզ կպարտադրեին որոշում՚,- հիշեցնում է Արզումանյանը:

Օսկանյանը մինչև գագաթաժողովը գլխավորել է հայկական պատվիրակությունը եռակողմ բանակցություններում: Նա ուշադրություն է դարձնում Լիպարիտյան-Գուլուզադե խորհրդապահական հանդիպումներին, որոնց նպատակն էր` հասնել համաձայնության քաղաքական կարգավորման շուրջ:  ՙԱյն ինչ Լիսաբոնում եղավ, հետևանք էր նաև այն բանակցությունների, որոնք վարում էին Լիպարիտյանն ու Գուլուզադեն ամբողջ տարվա ընթացքում: Զուգահեռաբար մշակվում էր նաև մի տեքստ, որն արդեն կարտահայտեր ձեռք բերված համաձայնությունը կամ կարտացոլեր արձանագրված առաջընթացը և վերջապես տեղ կգտներ Լիսաբոնում ընդունվելիք քաղաքական փաստաթղթում: Մինչեւ վերջին պահը մեզ անընդհատ ասում էին, որ Լիսաբոնի ղարաբաղյան տեքստը Լիպարիտյանը կհամաձայնեցնի Գուլուզադեի հետ: Լիսաբոնից մի քանի օր առաջ Գուլուզադեն զանգեց Լիպարիտյանին, ասաց, որ պատրաստ չեն տեքստ համաձայնեցնել՚:

1995թ. դեկտեմբերից մինչև 1996թ. նոյեմբեր, Մինսկի խմբի գործընթացին զուգահեռ, տեղի էին ունենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականների խորհրդապահական հանդիպումները եվրոպական քաղաքներում: ՙԳուլուզադեի հետ բանակցություններն ունեին երկար և  բարդ պատմություն: Նախագահ Տեր-Պետրոսյանը և նրա վարչակազմը չէին կարծում, որ այդ ժամանակ հնարավոր է լուծել կարգավիճակի հարցը: Եվ եթե կարգավիճակի հարցը չէր լուծվում, կարգավորման մյուս հարցերը ևս չէին կարող լուծվել: Բաքուն և Ստեփանակերտը պնդում էին, որ լուծվի կարգավիճակի հարցը: Իմ խորհրդապահական հանդիպումները Գուլուզադեի հետ փորձեր էին տեսնելու` որևէ հնարավորություն կա± լուծում գտնել կարգավիճակի հարցում՚,- ասում է Լիպարիտյանը:

Գուլուզադեն գրում է. ՙԼիպարիտյանը ցանկանում էր, որ մեր բանակցություններն անցկացվեն բացարձակապես գաղտնի: Նա համարում էր, որ ԼՂ հայերի ներկայացուցիչները կարող են բանակցություններին մասնակցել միայն այն բանից հետո, երբ մենք լիովին փոխըմբռնման հասնենք (կարգավորման) հիմնարար սկզբունքներում: Լիպարիտյանը ( Ղարաբաղին) ամբողջովին տեղեկացնում էր մեր բանակցությունների մանրամասները՚:

Ղուկասյանը հակված է մեղքը բարդել Լիպարիտյանի վրա. ՙԼիպարիտյան-Գուլուզադե յուրաքանչյուր հանդիպումից հետո Գուլուզադեն հայտարարում էր, թե Հայաստանը պատրաստ է ԼՂ-ը ճանաչել Ադրբեջանի մաս: Մենք հարցնում էինք Լիպարիտյանին` ինչո՞ւ չեք հերքում: Իսկ այսօր պարզվում է, որ Գուլուզադեն ճիշտ էր ասում: Եթե Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում համաձայնում է, որ ԼՂ-ը կարող է Ադրբեջանի մաս կազմել, հիմարություն է միջնորդներից այլ առաջարկներ սպասել՚:

Լիպարիտյանն այսպես արձագանքեց. ՙ1996թ. փետրվարին ես հանդիպեցի Ղուկասյանի հետ, որի ընթացքում ես և պարոն Ղուկասյանը համաձայնության եկանք Ղարաբաղի կարգավիճակի հիմնական բնորոշիչների շուրջ, որոնք ընկած էին իմ` Գուլուզադեի հետ բանակցությունների հիմքում: Ես այդ ձեռագիր գրառումները (Ղուկասյանի հետ հանդիպման եւ դրանից հետո արված) կհրապարակեմ, երբ գա դրա ժամանակը՚:

Փափազյանը և Արզումանյանը պնդում են, որ գագաթաժողովի նախապատրաստման ողջ պատասխանատվությունը դրված էր Օսկանյանի վրա, իսկ նա ընդհուպ մինչև գագաթաժողով Հայաստանի ղեկավարությանը գրավոր զեկուցում էր, որ բանակցություններն ընթանում են բնականոն, բացառվում է Հայաստանի համար անբարենպաստ որևէ անակնկալ: Սակայն Լիսաբոն ժամանած Հայաստանի պատվիրակությանը ներկայացվում է մի ձևակերպում, որն սկզբունքորեն անընդունելի էր: Արզումանյանը, ով արտգործնախարարի պաշտոնում Լիսաբոնից մի քանի օր առաջ էր փոխարինել Փափազյանին, պնդում է, որ գագաթաժողովի ժամանակ Օսկանյանը խնդրել է Տեր-Պետրոսյանին ազատել պաշտոնից` բանակցությունները տապալելու համար:

Օսկանյանն ընդունում է, որ մինչևգագաթաժողով հիմնական բանակցողը հայկական կողմից ինքն է եղել, սակայն հերքում է իր հրաժարական ներկայացնելու պնդումները: Հիմնական զարգացումները, նրա ասելով, տեղի են ունեցել գագաթաժողովի օրը, կարևոր բանակցություններն ամենաբարձր մակարդակով՝ նախագահների և միջնորդների միջեւ, հենց Լիսաբոնում են կայացել: Օսկանյանն ընդգծում է, որ հատուկ պատասխանատու լինելու զգացում չի ունեցել, քանզի ոչ ոք չէր ակնկալում, որ ամբողջ փաթեթն Ադրբեջանը կարող է պատանդ վերցնել եւ պարտադրել իր տեսակետը: ՙԵրբ Լիսաբոն էի մեկնում, ինձ հստակ ասվել էր, որ շատ մոտ են, ընդամենը մի քանի նախադասության, բառի խնդիր է մնացել, Գուլուզադեն և Լիպարիտյանը բանակցում են, տեքստը կուղարկեն Լիսաբոն, և  համաձայնեցված այն կդրվի փաստաթղթի մեջ: Վերջին պահին Գուլուզադեն հրաժարվեց: Երբ գնացինք Լիսաբոն, տեքստ չկար, փորձեցինք մի նոր տեքստ ստեղծել: Հիմա այն ամենը, որ Արզումանյանն ու Փափազյանն ինձ վրա են բարդում, բացարձակ կապ չունի իրականության հետ երեք պատճառով, որոնցից այս պահին կուզեմ բացել միայն երկուսը: Առաջինը, Լիպարիտյանն ու Գուլուզադեն վերջին պահին պիտի տեքստ տային, բայց չտվեցին, երկրորդ` հիմնական իրադարձությունները ոչ թե մինչևգագաթաժողովն էր, այլ` հենց գագաթաժողովի օրը: Միջնորդները Տեր-Պետրոսյանի հետ էին բանակցություններ վարում՚:

Ինչո՞ւ փորձ արվեց լուծում պարտադրել Հայաստանին: Արզումանյանն Օսկանյանի վրա պատասխանատվություն դնելուց բացի նշում է մի քանի գործոններ` Ռուսաստանի և Արեւմուտքի ընդհանուր դիրքորոշումը գագաթաժողովում, ինչպես նաև` Հայաստանի վարկի խաթարումը նախագահական ընտրություններում. ՙԳուցեև դեր խաղաց ներքին վիճակը: Հայաստանի վարկանիշն ընտրություններից հետո լուրջ հարված ստացավ, փորձեցին օգտվել առիթից և շուտափույթ ինչ-որ լուծում առաջարկել՚:

Գագաթաժողովում Երևանն օգտվեց վետոյի իրավունքից, սակայն հետագայում, երբ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացրեց կարգավորման առաջարկներ` ՙփաթեթային՚ և ՙփուլային՚, հիմնված էին Լիսաբոնի սկզբունքների վրա: Այս իմաստով, անշուշտ, Լիսաբոնը թողեց իր բացասական հետքը: ՙՀայաստանում իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հարցի ներկայացման շեշտադրումները որոշ չափով փոխվեցին: Մինչ այդ հարցը հետեւյալ կերպ էր ներկայացվում` ՙդե-ֆակտո անկախ, դե-յուրե` միգուցե Ադրբեջանի կազմում՚: Մենք մի փոքր փոփոխություն արեցինք, որն էական էր. ՙդե-ֆակտո անկախ, դե-յուրե` ոչ Ադրբեջանի կազմում՚: Ձևակերպումը լեզվական առումով շատ լավ չէր հնչում, բայց գաղափարական առումով բավական հիմնավոր էր: Մենք ավելացրինք ՙոչ՚ բառը, և դա դարձավ մեր քաղաքականության հիմքը: Դա իր արդյունքը տվեց: Վերջիվերջո բերեց ՙընդհանուր պետության՚ փաստաթղթի առաջ գալուն, որին հետեւեց Քի Վեսթը՚,- ասում է Օսկանյանը:

1996թ. դեկտեմբերի 18-ին Փարիզում ֆրանսահայերի հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ Լիսաբոնը ոչ հաղթանակ էր և ոչ էլ պարտություն Արցախի համար: Կարևորն այն էր, որ Հայաստանը, օգտագործելով իր վետոյի իրավունքը, թույլ չի տվել ադրբեջանամետ բանաձևը տեղ գտնի վերջնական հայտարարության մեջ: Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանը շուրջ մեկ տարի նախապատրաստական աշխատանք է կատարել, սակայն Հայաստանը, մանավանդ վերջին շրջանում, չափազանց զբաղված է եղել նախագահական ընտրություններով և հարկ եղած պատրաստվածությամբ չի ներկայացել գագաթաժողովին: