Սիմոն Վրացյանի երեք հեռագրերը Անկարա՝ թուրք քեմալականներին. 1921թ. մարտ

1408

Հայաստանի վերջին 100-ամյա պատմության ամենաքիչ լուսաբանված  թեմաներից մեկը հայ-թուրքական գործակցության փորձն է՝ ընդդեմ ռուս բոլշևիկների, 1921 թվականի փետրվար և մարտ ամիսներին: Հիշեցնենք, որ 1920թ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն. ՀՅԴ-ն, որ իշխող հիմնական ուժն էր, Բյուրոյի որոշումով երկրի կառավարումը փոխանցեց Հայհեղկոմին՝ հայ բոլշևիկներին, որոնք համախմբվել էին Բաքվում և ռուսական 11-րդ բանակի աջակցությամբ Ղազախ-Իջևան հատվածից շարժվում էին դեպի Երևան:

Թուրք քեմալականները 1920թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գրավել էին Օլթին, Սարիղամիշը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն, ապա անցել Ախուրյանը և ռազմակալել Գյումրին՝ Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը: ՀՀ կառավարությունը, ի դեմ Ալեքսանդր Խատիսյանի, դեկտեմբերի 2-3-ին Ալեքսանդրապոլում հաշտության պայմանագիր կնքեց քեմալականների Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հետ:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի վերջին վարչապետ և Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ Սիմոն Վրացյանի երեք հեռագրերը Անկարա՝ քեմալականներին, որոնք տեղ են գտել նրա «Կյանքի ուղիներով. դեպքեր, դեմքեր, ապրումներ» հատորում  (էջ 38-71)՝ հրատարակված Բեյրութ, 1967-ին:

Ինչպես հայտնի է, 1921 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցավ ապստամբություն ընդդեմ բոլշևիկյան բռնակալության: Վրացյանի կառավարությունը՝ Հայրենքի փրկության կոմիտե անունով, Երևանում և Արարատյան դաշտի շրջանում երկիրը ղեկավարեց մինչև 1921 ապրիլի 2՝ ընդամենը 42 օր, և ստիպված եղավ նահանջել դեպի Զանգեզուր՝ բոլշևիկյան ուժերի ճնշման տակ:

***

Հայրենիքի փրկության կոմիտեի առաջին ժողովում որոշվեց Հայաստանում տեղի ունեցածի մասին հեռագրեր ուղարկել մի շարք կառավարությունների, այդ թվում՝ Անկարա, քեմալականներին:

Կոմիտեի նախագահ Սիմոն Վրացյանը երեք հեռագիր է ուղարկել թուքրերին: Անկարա, Ազգային Մեծ ժողովին ուղղված առաջին հեռագրում ասվում էր, որ «Հայաստանը ձգտում է խաղաղ և բարեկամական հարաբերություն թուրքերի հետ»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունը շեշտվում է կոմիտեի՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված գրության մեջ, որի տակ դրված է Վրացյանի անունը:

«Անցյալ տարվա [1920] նոյեմբերի վերջերին մեր պատերազմը Թուրքիայի հետ վերջացավ մեր պարտությամբ: Կարսը և Ալեքսանդրապոլը ընկան, և վտանգվեց Արարատյան դաշտը, այսինքն՝ Հայաստանի գոյությունը: Մեր կառավարությունը ուրիշ ելք չուներ, ստիպված էր հաշտության բանակցություններ սկսել և դաշն կապել, որքան էլ ծանր լինեին թելադրված պայմանները: Բանակցությունները տեղի ունեցան Ալեքսանդրապոլում, այնտեղ էլ ստորագրվեց խաղաղության դաշնը: Թուրքերի պահանջները շատ ծանր էին, բայց քանի որ մենք հաղթված էինք և պատերազմը շարունակելու ոչ մի հնարավորություն չունեինք, խոնարհվեցինք հաղթողի կամքի առաջ:

Ալեքսանդրապոլի պայմանները, որքան ծանր էր մեզ համար, այնուամենայնիվ, ապահովում էր Հանրապետության գոյությունը, ապա հնարավորություն էր տալիս ժողովրդին մի քիչ շունչ քաշել, ուժերը հավաքել և վերաշինել երկիրը, թեև շատ նեղ սահմաններում, ու վերականգնել ավերված տնտեսությունը: Կառավարության որոշումն էր՝ կատարել ամենայն ճշտությամբ հաշտության դաշնը, առիթ չտալ նոր պատերազմներին, հաստատել Թուրքիայի հետ բարի դրացիական, նույնիսկ՝ բարեկամական կապեր, վերսկսել առևտրական հարաբերությունները և խույս տալ ամեն տեսակի նոր բարդություններից

Դժբախտաբար, այս ծրագիրը չիրագործվեց:

Նույն ժամին, երբ մեր լիազոր պատվիրակները ստորագրում էին Ալեքսանդրապոլում խաղաղության դաշնը, նույն ժամին Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչը Երևանում՝ Լեգրանը, հայտնեց մեր կառավարությանը, որ Ադրբեջանի սահմաններից, Ղազախի և Դիլիջանի վրայով, մտել է Հայաստան ռուսական Կարմիր բանակը՝ հետը ունենալով Հայաստանի Հեղկոմին՝ կազմված դրսից եկած հայ բոլշևիկներից: Պարոն Լեգրանը … պահանջում էր Հայաստանը դարձնել Խորհրդային:

Հայաստանին սպառնում էր մի նոր պատերազմ, այս անգամ Սովետական Ռուսաստանի հետ:

Այսպիսի պատերազմ վարելու կամ առհասարակ որևէ ընդդիմադրություն ցույց տալու ոչ մի հնարավորություն չուներ մեր կառավարությունը, ուստի պատասխանեց, որ հաշվի է առնում իր դեմ ելած գերազանցորեն մեծ ուժը և, խուսափելով անիմաստ արյունահեղությունից, տալիս է իր տեղը եկվորներին…

Մեր արտասահմանի բարեկամները հաճախ խոշոր սխալներ են անում՝ անտեղյակ լինելով կամ հաշվի չառնելով մեր իրական դրությունը:

Բոլշևիկների դեմ կռվելու և ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պատք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությունը, նույնիսկ՝ աջակցությունը: Ամեն մի քայլ այդտեղ՝ արտասահմանում, որ հակառակ է մեր՝ Թուրքիայի հետ բարյացակամ կապերը հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ուժ ունենք մեր կողքին, մեկը Սովետական Ռուսաստանն է, մյուսը՝ Թուրքիան: Մյուս ուժերը մեզանից շատ հեռու են: Առաջինի հետ, ինչպես ցույց տվեց դառը փորձը, հաշտվել չենք կարող: Մենք պետք է հաշտվենք և բարեկամանանք մյուսի հետ: Դա անհնար չէ, քանի որ մենք և թուրքերը ունենք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով: Բոլշևիկի վերադարձը նույնքան անցանկալի պետք է նկատել Թուրքիայի համար, որքան և մեզ համար: Բոլշևիկների վերադարձը նշանակում է ոչ այլ ինչ, քան Հայաստանի կցումը Ռուսաստանին: Այդ դեպքում, Թուրքիան իրեն սահմանակից կունենա դարձյալ իր դարավոր թշնամին, մեծ ու ագրեսիվ Ռուսաստանը: Ագրեսիվ, որովհետև ամենքի համար պարզ է, որ Սովետական Ռուսաստանը նույնքան իմպերիալիստական է, որքան եղել է իր ժամանակին ցարականը:

Պահած ունենալով իր ձեռքում Ադրբեջանին, ամրանալով Վրաստանում և նվաճելով Հայաստանը, Սովետական Ռուսաստանը հետևյալ հերթին պիտի հարձակվի նաև Թուրքիայի վրա: Հասկանալի է, Թուրքիայի համար որքան ձեռնտու է ունենալ իր և Ռուսաստանի միջև այնպիսի անկախ պետություններ, ինչպիսին Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը: Այդ նորակազմ, փոքր պետությունները ոչ մի սպառնալիք չեն կարող ներկայացնել Թուրքիային, բայց, միևնույն ժամանակ, բավականին ապահովություն են Ռուսաստանի ոտնձգությունների դեմ: Եթե Թուրքիայի և Ռուսաստանի միջև ծագեն անհամաձայնություններ, որ անխուսափելի է, հակաբոլշևիկյան հայությունը հանդիսանում է թուրքերի բնական դաշնակիցներից մեկը: Այս հողի վրա մենք հաշտությամբ կարող ենք համաձայնության գալ թուրքերի հետ՝ նրանց և մեր օգտի համար:

Բայց սրա համար անհրաժեշտ է, որ արտաքին գործոնները անհնարին չդարձնեն հայ-թուրքական մերձեցումը… Մեր այսօրվա և վաղվա իրական դրությունը պահանջում է հաշտ և բարեկամական կենակցություն մեր հարևան Թուրքիայի հետ: Ուրեմն, մեր արտասահմանի բարեկամները, եթե նրանք իրոք բարեկամ են մեզ, չպիտի դնեն Թուրքիայի այնպիսի դրության մեջ, որ նա նկատի մեզ իբրև իր դժբախտության պատճառը և լցվի ատելության և վրեժխնդրության զգացումներով՝ հանդեպ մեզ…»:

1921թ մարտի 15-ին Վրացյանը կոմիտեի հատուկ նիստ է հրավիրում՝ քննելու թուրքական հարցը: Այդ նիստին ներկա էին նաև նախկին վարչապետներ Քաջազնունին և Օհանջանյանը:

Վրացյանը նկատում է, որ «միակ պետությունը, որի հետ մենք պիտի խոսենք… Թուրքիան է: Մենք հնարավորություն ունենք խոսելու նրանց հետ՝ հիմնված Ալեքսանդրապոլի դաշնագրության վրա… Ես կարծում եմ՝ բանակցություններ սկսել կարող ենք մենք՝ միայն հիմք ունենալով Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Այսօր ժամանակը չէ գնահատելու այդ դաշնագրի բոլոր կողմերը: Մենք, եթե կամենում ենք փրկել մեր երկիրը այս ծանր դրությունից, հարկարված ենք դիմելու այս քայլին ևս, ինչքան էլ ծանր լինի և ոչ պատվաբեր»:

Քաջազնունին նշում է, որ «ինչքան էլ ծանր լինի Ալեքսանդրապոլի դաշնագրությունը, ըստ ամենայնի այն ժամանակվա և այսօրվա մեր դրությունը երբեք թույլ չի տա մեզ ստեղծել ավելի նպաստավոր դրություն: Ինձ թվում է կա հնարավորություն այսօրվա պայմաններում որոշ բարեփոխումների ենթարկել Ալեքսանդրապոլի դաշնագիրը… Շնորհիվ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական վերջին փոփոխություններին, ստեղծվել է մի կացություն, որը կարծես ավելի հնարավոր է դարձնում մեր և թուրքերի մերձեցումը: Մեր այս դրությունը և մեր բացառիկ կացությունը կարիք է զգացնում թուրքերի լայն աջակցության՝ որպես զինակցի: Այդ աջակցությունը պիտի լինի գլխավորապես արտաքին թշնամու դեմ»:

Վրացյանը հարց է դնում՝ «բոլշևիկների դեմ կռվելիս օգտվելու ե՞նք թուրքական ուժերից, թե ոչ: Եթե այո, այդ դեպքում պիտի բանակցություններ սկսել հենց այսօր»:

Բանակի ընդհանուր հրամանատար Կուռո Թարխանյանը շեշտում է, որ բոլշևիկների դեմ «մեր ուժերով անզոր ենք պայքարել երկար ժամանակ»: «Օգտվե՞լ թուրքական ուժերից, թե ոչ: Ինձ թվում է, որ մենք հարկադրված ենք դիմել այդ ուժերի աջակցությանը»,- եզրակացնում է նա:

Վահան Մինախորյանը հակադրվում է. «Եթե մեր կռիվը պիտի լինի ռուսների դեմ, ոչ մի թուրքական ուժ չի փրկում մեզ»:

Եզրակացնելով արծարծված մտքերը՝ Վրացյանը քվեարկության է դնում հետևյալ կետերը. «Առաջին՝ սկսել թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ, երկրորդ՝ այդ հարաբերությունների հիմք ընդունել Ալեքսանդրապոլի դաշնագիրը»: Ապա որոշվում է նաև տալ հետևյալ հեռագիրը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարության արտաքին գործոց կոմիսարություն, Անկարա.

«Ազատվելով բոլշևիզմի անունով Հայաստան մտած օտար լծից՝ Հայաստանի ժողովուրդը լի է խորունկ վճռականությամբ, ապրելու ազատ ու անկախ և ամենամոտիկ բարեկամական հարաբերություններ ստեղծելու իր հարևանների և, առաջին հերթին, թուրք ժողովրդի հետ: Իմ կառավարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև միջազգային նորմալ և բարեկամական հարաբերություններ ստեղծելու բազա է համարում այն պայմանագիրը, որոնք ձևակերպված են անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հայ-թուրքական դաշնագրի մեջ և հետագայում ստեղծված իրական պայմանները:

Տոգորված լավագույն զգացմունքներով դեպի թուրք ժողովուրդը և նրա ազատության համար մարտնչող Ազգային Մեծ ժողովի կառավարությունը և ապավինելով Ձեր կողմից շուտափույթ կարգադրության երկու երկրների միջև բարեկամական կապեր հաստատելու և քաղաքական ու տնտեսական-առևտրական հարաբերություններ սկսելու խնդրի մասին, իմ կառավարությունը կարծում է, որ հարցի լուծումը արագացնելու ամենահարմար ձևը անձնական տեսակցությունն է: Հայաստանի կառավարության նախագահ և արտաքին գործոց նախարարության վարիչ՝ Վրացյան»:

Ժողովում Քաջազնունին պատրաստակամություն է հայտնում մեկնել Անկարա և անձամբ վարել բանակցությունները, բայց այդ հարցը թողնվում է անորոշ: Ապա Ղամարլուի ճակատի հրամանատար, մշեցի խմբապետ Սմբատը Վրացյանին և Քաջազնունուն առաջարկում է թուրքերից օգնություն խնդրել:

Մարտի 18-ին Վրացյանը մեկ այլ հեռագիր է ուղարկում Անկարա՝ այն հանձելով Հայաստանում քեմալականների ներկայացուցչին.

«Թուրքերի Ազգային Մեծ ժողովի կառավարության Արևելյան ճակատի հրամանատարության ներկայացուցիչ Բեհաեդդինին,

Հաճեցեք ներկա դիմումը շտապ կերպով հասցնել Ձեր բարձր իշխանության և, ինչպես անձամբ բացատրել եմ Ձեզ, շտապեցնել, որ շուտափույթ պատասխան ստացվի:

Իր ազատության և անկախության համար մարտնչող Հայաստանի կռիվը բոլշևիկների դեմ, մեր համոզումով, ծառայում է ոչ միայն Հայաստանի, այլ Առաջավոր Ասիայի բոլոր ազգերի օգտին: Այդ պատճառով, Հայաստանը հույս ունի, որ իր կռվի ընթացքում ինքը կստանա օգնություն իր հարևաններից և, առաջին հերթին, թուրք ժողովրդի կենսական շահն էլ պահանջում է Հայաստանի հաղթական դուրս գալը այս կռվից և անկախ մնալ:

Այդ համոզումից ելնելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, հանուն երկու ազգերի փոխադարձ շահի, ըստ կարելվույն շուտ.

Վերադարձնել Երևանի ռազմաճակատում գտնվող հայ զնվորական գերիներին,
Տալ որոշ պայմաններով հայ բանակին ռազմամթերք, առաջին հերթին ռուսական երեք գծանի հրացանի կամ թուրքական մաուզերի փամփուշտներ և կամ Ռոսի և Լեբելի սիստեմի հրացաններ,
Հաղորդել մեզ, թե արդյոք Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավոր գտնո՞ւմ է հասցնել Հայաստանին զինվորական օժանդակություն և, եթե կարող է, ի՞նչ չափով ու եղանակով և ի՞նչ ժամանակամիջոցով:
Սույն դիմումը անելով՝ Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնց հիմքն է դրված Ալեքսանդրապոլի դաշնագրից սկսած և որոնք խանգարված էին բոլշևիկների իշխանության ժամանակ:

Խորին հարգանոք՝ Հայաստանի կառավարության նախագահ Վրացյան»:

Թաթուլ Հակոբյան