Սիրելի Արթուր… կամ՝ այդ ամենը եղել է, եղել է

1694

1992-93թթ. ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավարն եմ եղել, եւ այդ ընթացքում եղել են դրվագներ, որոնք ոչ մի կերպ չեն ջնջվում իմ հիշողությունից, որոնք վերապրում եմ գրեթե ամեն օր: Եւ ամեն անգամ ցավ եմ զգում:

Ամենաշատն իմ առջեւ հառնում են երկրորդ հայկական պետականության առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանի հոգնած ու տխուր աչքերը:

-Թող խոսեմ այդ մասին:

-Չէ…

Արթուրը պաշտոնավարեց շատ ծանր ժամանակահատվածում: Միայն պատերազմը չէ, որ նկատի ունեմ (թեեւ միայն այս հանգամանքն էլ հերիք է), այլեւ ներքին պառակտումը եւ փաստացի երկիշխանությունը, գումարած դրան՝ Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը: Այսօր արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը չընդունեց նրան եւ համագործակցում էր ոչ թե օրինական, ընտրված իշխանությունների հետ, այլ հենվում էր այլ փաստական ուժերի վրա՝ դրանք վերաճեցնելով օրինական իշխանության հակակշռի:

Պատերազմող Արցախի վրա ներազդելու լծակներ շատ կային, բայց ամենառեալն ու մաշկիդ վրա զգացնել տվողը… բենզինն էր: Հայաստանից առաքվող բենզինն ընտրված իշխանությունը չէր, որ ստանում էր, այլ ՀՀ բարձրագույն ղեկավարության մտերիմները: Հիմա պատկերացրեք Արցախի ղեկավարության վիճակը: Այս ամենը ծանր էր տանում Արթուրը: Բայց հակադարձ քայլերի չէր դիմում, ինչն անհասկանալի էր շատերի, այդ թվում՝ տողերիս հեղինակի համար: Սովորական մահկանացուներիս համար դժվարընկալելի էր դա:

Մի անգամ, երբ որպես ԳԽ լրատվական ծառայության ղեկավար պիտի մեկնեի Երեւան, որտեղ նաեւ մամուլի ասուլիս էր նախատեսված, ես նրան խնդրեցի թույլ տալ խոսելու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության եւ առկա լուրջ տարաձայնությունների մասին: Նա ընդամենը մի քանի վայրկյան մտածեց (գայթակղությունը մի քանի վայրկյանի կյանք ունեցավ).

-Չէ, այնուամենայնիվ՝ չէ: Չի կարելի այս ծանր պահին ներքին երկպառակության մասին խոսել: Մենք դրա իրավունքը չունենք: Հետո, հետո, կգա ժամանակը՝ կխոսենք: Թող ժողովուրդը չիմանա, որ լուրջ տարաձայնություններ կան: Կփորձենք հարթել դրանք: Մեր մեջ թշնամիներ որոնելու ժամանակը չէ, ունենք ընդհանուր թշնամի:

Գրեթե բոլոր կողմերից թիրախի մեջ հայտնված մարդն այսպիսի վեհ ու իսկական հայրենասերի ու մտավորականի կեցվածք ուներ: Չեմ ասում՝ իր իշխանության, այլեւ իր փրկության մասին չմտածեց:

Երկրորդ դրվագը եւս Արթուրի, ինչպես նաեւ իմ այդ այցելության հետ է կապված: Արթուրի հանձնարարությամբ եղա ՀՀ Գերագույն խորհրդում եւ ԳԽ նախագահի տեղակալ Արա Սահակյանին հանձնեցի իր նամակը, որում նա խնդրում էր օգնել մի շարք օրինագծերի հարցում: Արա Սահակյանը սիրահոժար պատրաստեց անհրաժեշտ փաստաթղթերը եւ հենց իմ ներկայությամբ գրեց պատասխան նամակը: Ընդ որում, եւ գրում էր, եւ բարձրաձայնում: Տաքուկ, լուսավոր, մաքուր աշխատասենյակում ճերմակ ու մաքուր թղթի վրա գեղեցիկ ձեռագրով, գրեթե մարգարտաշար գրում ու բարձրաձայնում էր՝ սիրելի Արթուր… Իսկ ես պատկերացնում էի, թե ինչպես է ՙսիրելի Արթուրը՚ իր ցուրտ ու անշուք աշխատասենյակում իր ձեռքով վառարանը վառում եւ սրթսրթալով կարդում նամակը:

Սիրելի Արթուր… Այս փարիսեցիությունը բառ առ բառ կրծում է հոգիս մինչեւ այսօր: Իմ հիշողության մեջ Արա Սահակյանը դեռ գրում է այս տողերը, իսկ Արթուրն էլ դեռ ձեռքերն է իրար շփելով տաքացնում, իսկ աչքերը հոգնած-հոգնած, տխուր-տխուր…

-Թող խոսեմ այդ մասին:

-Չէ…

Երրորդ դրվագը եւս նույն այդ այցելության հետ է կապված: Պատերազմական Արցախից ընկնելով Երեւան՝ կարծես թե մեկ այլ աշխարհ էի ընկել, որտեղ սկզբնական շրջանում պատերազմ չկար, եւ չկար առաջին հերթին մարդկանց հոգեբանության մեջ: Ընկերներս ինձ տարան կերուխումի, իսկ ես սգավորի պես նստել էի, ու խիղճս թույլ չէր տալիս օգտվելու կյանքի բարիքներից: Թողել էի Ստեփանակերտում մահ ու ավեր, վախվորած ու սովալլուկ երեխաներ…

Ես ֆիզիկապես չէի հասկանում այդ կոնտրաստը: Ամիսներ անց ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը պիտի ասեր.

-Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այսպես պատերազմել. մի ձեռքում՝ սուր, մյուսում՝ սուրճի բաժակ:

Չորրորդ դրվագ: ՙՆոր Արցա՞խ, թե՞ նոր Սպարտա՚ հոդվածս տպագրվելուց հետո ինձ ձերբակալեցին:

Հոդվածում փորձում էի ապացուցել, որ ռազմապետությունն ապագա չունի, ահազանգում էի, որ ուժի գործոնը գերակա է դառնում նաեւ երկրի ներքին կյանքում:

Ավելի լավ մինչ այդ ասել էր Արթուրը.

-Պատերազմը կենցաղ է դարձել, բայց ամենասարսափելին այն է, որ նաեւ կենցաղն է պատերազմ դառնում:

Ինչ որ է, կատարվածի ողբերգազավեշտն այն էր, որ ձերբակալել էին պետության Գերագույն մարմնի (այն ժամանակ նախագահական ինստիտուտ չկար) լրատվական ծառայության ղեկավարին, իսկ Գերագույն մարմինն էլ անզոր էր նրան պաշտպանել: Ու ստիպված հավաքվել էր ԳԽ նախագահությունը եւ գաղտնի նամակ գրել ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ պահանջելով երեք օրվա ընթացքում ինձ ազատ արձակել, այլապես…

Ահա այսպիսի նամակ հայոց թագավորին:

Հինգերորդ դրվագը ԼՂՀ ԳԽ հերթական նստաշրջանում հերթական ընտրությունն էր: Արթուրի մահից հետո նրա տեղակալ Գեորգի Պետրոսյանը պաշտոնակատար էր: Քանիցս փորձ արվեց ընտրել նախագահ, բայց ոչ ոք չէր անցնում (մի անգամ քիչ մնաց ընտրվեր Շահեն Մեղրյանը, բայց մի քանի ձայն չհերիքեց): Ոչ Գեորգին էր պաշտոնակատարից նախագահ դառնում (ի դեպ, պաշտոնակատար էլ մնաց՝ մինչեւ հրաժարականը), ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն էր ընտրվում:

Ընտրություններից մեկում Ռ. Քոչարյանը չէր ընտրվում ու չէր ընտրվում, թեեւ Հայաստանից պատկառելի պատվիրակություն էր եկել սատարելու նրան: Ոչ մի փաստարկ չէր ազդում: Ի վերջո, Վահան Շիրխանյանը ՙհուսահատ՚ բերեց վերջին փաստարկը.

-Եթե չընտրեք մեր ուզած թեկնածուին՝ կասկածի տակ է դրվելու ալյուրի մատակարարումը:

Արցախցի պատգամավորներից կարծեմ Համլետ Գրիգորյանն էր, որ վրդովված բացականչեց.

-Դարասկզբին էլ ազերիներն էին մեզ հետ այդպես խոսում, ասում էին՝ նավթ բաց չենք թողնի, եթե Ադրբեջանի կազմում չլինեք…

Ահա այսպես՝ ոչ լաց է, ոչ ծիծաղ…

Եւ, վերջապես, վեցերորդ դրվագը Քարվաճառի ՙհանձնման՚ պատմությունն է: Այս մասին շատ է խոսվել, ամեն մեկն իր ՙզանգակատնից՚ է դիտարկել հարցը, բայց ոչ ոք փաստացի չի խոսել:

Արդյունքում՝ խճողված մի պատմություն, կամ նույն այդ պատմության բազմաթիվ վարկածներ:

Մինչդեռ թեման հատուկ ու լուրջ ուսումնասիրության կարիք ունի, որովհետեւ Հոմերոսի ՙՈդիսականը՚ պարզապես ՙհանգստանում՚ է մեր այս պատմության կողքին:

ՀՀ ղեկավարությունը միանշանակ պահանջում էր ստորագրել համապատասխան փաստաթուղթը, իսկ Արցախում էլ հարցը քննարկվում էր ներքաղաքական դաժան պայքարի պայմաններում: Ոչ թե Քարվաճառի, այլ իշխանության հարց էր լուծվում: Հետագա խեղաթյուրումների հիմնական թիրախը սույն ՙբանակցությունների՚ կողմերն էին, թե ով որտեղ էր, ով էր ճնշում, եւ ով էր ճնշման ենթարկվում: Իսկապես, կար երկու կողմ:

Մի կողմում ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունն էր ու արցախցի իրենց համախոհներն` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի, Սերժ Սարգսյանի եւ այլոց, մյուս կողմում` ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ՀՅԴ-ական ու ՀՅԴ-ամետ անդամները: Տեր-Պետրոսյանն ու համախոհներն ամեն գնով ուզում էին ստանալ ԳԽ նախագահության համաձայնությունը, ընդ որում՝ եթե Տեր-Պետրոսյանը շեշտը դնում էր փաստարկների ու իր ունեցած տեղեկատվության մի մասի բացահայտման վրա, ապա նրա արցախցի համախոհները նվազ նրբանկատ էին եւ նույնիսկ քամահրանքով ու քմծիծաղով էին վերաբերվում ԳԽ դաշնակցական անդամների նկատմամբ, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ նախագահի շնորհիվ իրենք տեղյակ էին որոշ մանրամասների, որոնց տեղյակ չէին դաշնակցականները:

ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ու համախոհները չէին ուզում ստորագրել փաստաթուղթը երկու պատճառով, նախ՝ որ մինչեւ վերջ համոզված չէին, թե դա ճիշտ քայլ է, եւ երկրորդ՝ որ ներքին միասնության բացակայության եւ փաստացիորեն առկա երկիշխանության պայմաններում դա քաղաքական ինքնաոչնչացում կլիներ, մի խոսքով՝ թիկունքից վտանգ կար:

Կոպիտ ասած՝ նրանք ընդդիմախոսներին առաջարկեցին նստել աթոռին եւ ստորագրել: Այդպես էլ եղավ: Եւ փաստաթուղթը ստորագրվեց, եւ միիշխանություն հաստատվեց:

Մինչ այդ՝ 1993թ. հունիսի 12-ին, եղել էր գորիսյան հանդիպումը, որտեղից Գեորգի Պետրոսյանը մի քանի հավատարիմ մարդու հետ ուղղակի դուրս է պրծել՝ անցնելով սարուձորով՝ հասելՍտեփանակերտ: Վտանգ կար երկու կողմից՝ թե Հայաստանից, եւ թե հարազատ Դաշնակցությունից, որն արդեն շրջանառության մեջ էր դրել ՙդավաճանության՚ վարկածը, վարկած, որ Գ. Պետրոսյանից ավելի շուտ էր Ստեփանակերտ հասել:

Դրանից երկու օր անց կայացել է կողմերի ստեփանակերտյան հանդիպումը, որին ես մասնակցել եմ:

Եւ հիմա, տարիներ անց, ներկայացնելով իրական պատմությունը, ես չեմ ուզում մտածել այն մասին, թե ում է այն ձեռնտու լինելու եւ ում՝ ոչ: Գոնե մի անգամ մենք պիտի իմանանք մեր պատմությունը:

Պատմությունը ջնջել հնարավոր չէ, բայց կարելի է դասեր քաղել: Ներկայացնելով այս պատմությունը՝ երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, եւ ոչինչ՝ ճշմարտությունից բացի:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

(Ստեփանակերտ)

ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, փետրվար, 2009