Սամվել Բաբայան` Արցախը դնել Ռուսաստանի մանդատի ներքո. Ստեփանակերտը հակադարձում է

2719

Արցախի խորհրդարանական ուժերն արձագանքել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո:

Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան էջում ռուսերեն ծավալուն գրառում է հրապարակված, որում մասնավորապես ասված է, որ ներկայիս բանակցային ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն չի տալիս։

«Հարցը կարելի էր լուծել մանդատային տարածքի շրջանակում՝ միջազգային հովանու ներքո։ Այսինքն, օրինակ, Ռուսաստանն իր վերահսկողության տակ է վերցնում ամեն ինչ, և հարցը լուծվում է նրա մանդատի շրջանակում, այլ ոչ այնպես, որ Երևանն ու Բաքուն բանակցություններ վարեն և վերջապես գան համաձայնության։ Դա ճանապարհ է դեպի պատերազմ»,- ասել է Բաբայանը, որը «բնական» է համարում վերջերս Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր «համաձայնեցնել իր դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից առաջ»։

«Այստեղ էլ Ղարաբաղը պետք է հստակ պաշտպանի իր դիրքորոշումը, ոչ թե ասի, որ ամեն ինչում համաձայն է Երևանի հետ։ Եթե Ստեփանակերտը ցանկանում է, որ իր ձայնը լսեն, պետք է լսելի դարձնի այն»,- նշել է  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը։

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, Արցախի Խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը քննադատաբար են արձագանքել Սամվել Բաբայանի հայտարարությանը։

Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքով՝ մանդատային տարածքի գաղափարը անընդունելի և վտանգավոր է:

«Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար, Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների»,- ասել է Խանումյանը և շեշտել, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության համար բացի Հայաստանի Հանրապետությունից, Արցախի ենթակայությունը այլ պետության կամ կազմակերպության անընդունելի է:

Խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծվել էր Հատուկ կառավարման կոմիտե, որը երկրամասը վերածել էր յուրօրինակ մանդատային տարածքի: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ դա չի կարող արդյունավետ լինել:

«Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը, պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- մասնավորապես ասել է Թովմասյանը:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Արցախի ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը:

«Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո: Անշուշտ, հարգում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տեսակետը, առավել ևս, որ նա համանախագահ պետություն է, բայց մենք կառուցում ենք մեր երկիրը, և այլընտրանք լինել չի կարող»,- ավելացրել է  Բաղրյանը:

Իսկ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ ամեն մի ազգի համար ամենամեծ արժեքը նրա պետականությունն է, և պետք է ձգտել պայքարել, որպեսզի այդ պետականությունը լինի անսասան:

«Մեր բազմադարյա պատմության մեջ, երբ ունեցել ենք պետականություն, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ազգային ինքնատիպ մշակույթը զարգանա, քաղաքական համակարգը կատարելագործվի, տնտեսությունը վերելք ապրի: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ այն հաղթանակները, որոնք կերտել ենք, միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելու միջոցով են ստացվել: Արցախյան ազատագրական պայքարի հաջողությունը ևս դրանով էր պայմանավորված: Անհրաժեշտ է մատաղ սերնդին, և, ընդհանրապես, հանրությանը մշտապես ներկայացնել այդ գաղափարը»,- նշել է Բալայանը:

Իսկ ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցի կարծիքով, առհասարակ ընդունելի չէ ցանկացած ձևի խաղաղապահ ուժերի ներկայությունը թե՛ Արցախի տարածքում, թե՛ սահմանին:

«Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկրի, ժողովրդի անվտանգությունը դնել խաղաղապահ ուժերի վրա: Մենք ապացուցել ենք, որ ինքներս ի վիճակի ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, և հետագայում նույնպես անհրաժեշտ է ունենալ նման քաղաքականություն: Կարծում եմ՝ ցանկացած ոտնձգություն, որը սպառնում է թեկուզ և մեկ զինվորի, մեկ քաղաքացու կյանքին, պետք է ընդունենք որպես լուրջ մարտահրավեր, և այնպես անենք, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը»,- ասել է Բաղունցը: