Բենիամին գյուղը գտնվում է Շիրակի մարզի հարավ արևմտյան մասում, ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա: Բենիամինը հյուսիս արևմուտքից սահմանակից է Ազատան, արևելքից` Սարատակ, հարավից` Լուսակերտ, հուսիս արևմուտքից` Գուսանագյուղ և արևմուտքից Բայանդուր համայնքներին:
Գյուղը մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 12 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից 113 կմ հեռավորության վրա:
Նախկինում կրել է Ճլոխան, Ջելոխան, Ճալովխան անունները: 1945 թվականի դեկտեմբերի 7-ից կրում է Բենիամին անունը՝ ի հիշատակ Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Բենիամին Գալստյանի:
Այսօր գյուղն ունի շուրջ 700 բնակիչ:
Բենիամինի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 109 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 347 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 483 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 561 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1904 թվական – 653 հոգի
1914 թվական – 701 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 718 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 607 հոգի
1919 թվական – 550 հոգի
1922 թվական – 483 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 442 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 441-ը՝ հայ, 1-ը՝ ասորի
1931 թվական – 530 հոգի, բոլորը՝ հայ:
Բենիամինը եղել է Ախուրյանի շրջանի գյուղերից Ազատան համայնքի կազմում:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.
- Ազատան
- Ախուրիկ
- Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
- Այգաբաց
- Առափի
- Արևիկ
- Բայանդուր
- Բենիամին
- Գետք
- Երազգավորս
- Լեռնուտ
- Կամո
- Կապս
- Կառնուտ
- Կարմրաքար
- Կրաշեն
- Հայկավան
- Հացիկ
- Հովիտ
- Հովունի
- Ղարիբջանյան
- Մայիսյան
- Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
- Մարմաշեն
- Մեծ Սարիար
- Մուսայելյան
- Շիրակ
- Ոսկեհասկ
- Ջաջուռ
- Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
- Ջրառատ
- Վահրամաբերդ
- Փոքրաշեն
- Քեթի