Նիկոլ Փաշինյանի Իրան այցի արձագանքը պարսկալեզու մամուլում

6869

Իրանի զանգվածային լրատվության տպագիր և էլեկտրոնային միջոցները և արտասահմանի պարսկալեզու ԶԼՄ-ները անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցելությանը:

ՀՀ պատվիրակությունը Թեհրան հասավ 27 փետրվարի առավոտյան, երբ արդեն ԻԻՀ-ի նախագահ պրն Ռոհանին մի քանի ժամ առաջ մերժել էր իր կաբինետի արտաքին գործերի նախարարի հրաժարականի դիմումը և պրն Զարիֆը ներկայացել էր նախագահական պալատ՝ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության դիմավորելու համար:

Օրվա առաջին ժամերին Իրանի եթերը ողողված էր Զարիֆին վերաբերող լուրերով և հիմնականում միայն երեկոյան ժամերից ռեպորտաժներ հայտնվեցին ՀՀ վարչապետի՝ Իրանում ունեցած բանակցությունների կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության բոլոր կայանները Հայաստան-Իրան բանակցություններին անդրադարձան իրենց հիմնական թողարկումների բաժնում՝ շեշտը դնելով Խամենեի-Փաշինյան կարևոր հանդիպման վրա:

Արձագանքներն ավելի շատացան 28 փետրվարի առավոտյան մամուլում: Այսպես,  համարյա բոլոր թերթերը, այդ շարքում «Իրան», «Քեյհան», «Էթելլաաթ», «Ջոմհուրի Էսլամի», «Շարղ», «Համշահրի», «Մառդոմ սալարի», «Արման», «Ջավան», «Ջահան սանաթ» և «Աֆթաբ Յազդ» օրաթերթերն իրենց առաջին էջերում տեղադրել են ՀՀ վարչապետի Իրան այցի և հեղափոխության առաջնորդի հետ ունեցած հանդիպման լուրը և լուսանկարը:

նրանք անխտիր կերպով ընտրել են հետևյալ խորագիրը. Հեղափոխության առաջնորդը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ի հեճուկս ԱՄՆ ցանկության, մենք պետք է ամուր և բարեկամական հարաբերություններ ունենանք» և կամ «ԱՄՆ-ն բոլոր տեղերում պատերազմ, սադրանք և խռովություն է ստեղծում»:

Մամուլում առայժմ չկան մանրամասնություններ կամ վերլուծություն: Իրանի այդ օրը ԶԼՄ-ներին հետաքրքրող մյուս նյութերը վերաբերում են Զարիֆի անվան շուրջ ստեղծված անցուդարձերին, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցություններին, երկրի ջրի պաշարների անկմանը և ՖԱԹՖ-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մեկնաբանել են նաև արտասահմանի պարսկալեզու ԶԼՄ-ներից՝ ԲԻ ԲԻ ՍԻ-ի պարսկական բաժինը, «Ռադիո ֆարդա»ն և «Մանոթո» հեռուստաալիքը:

Տիգրան Դավթյան