Ռաֆայել Իշխանյան. «Հոշոտվող Հայաստան»

3827

Նախաբան- Ռաֆայել Իշխանյանը այս հոդվածը գրել 1988-ի սեպտեմբերին “Մաշտոց” թերթում: Այն ներկայացնում ենք զգալի կրճատումներով: Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Իշխանյանի “Երրորդ ուժի բացառման օրենքը” գրքում (էջ 17-26):

Նայեցեք Հարավային Կովկասի (Անդրկովկաս) քարտեզին: Անմիջապես կնկատեք, որ Հայաստանը երկուսուկես, երեք անգամ փոքր է թե Վրաստանից, թե Ադրբեջանից: Ոչ միայն փոքր է, այլև կրծոտված է ամեն կողմից, հոշոտված: Դա իր պատմությունն ունի: Հեռու անցյալները չգնանք: 1915-ի գարնանից Արևմտահայաստանում և Թուրքիայի ամբողջ տարածքում սկսեցին հայերին բնաջնջել ու դուրս քշել՝ ռուսական հզոր բանակի աչքի առաջ: Թուրքական բանակը ջախջախված էր, բայց ռուսական զորքերը սպասում էին, առաջ չգնացին: Երբ Արևմտյան Հայաստանը հայազրկվեց, նոր միայն ռուսական բանակը հանգիստ քայլով գրավեց Հայաստանն արդեն առանց հայերի: Միայն Վանում էր հայություն պահպանվել, այն էլ տեղահանվեց ու քշվեց երկրից: Վերապրած փախստական արևմտահայերին ցարական պետությունը թույլ չտվեց վերադառնալ իրենց տները, ամայացած հողում ռուս կազակներ էին բնակեցնում:

1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո արևմտահայության ողջ մնացած փախստականների մի մասը վերադարձավ իր հայրենիքը, բայց հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ռուսական զորքը սկսեց հեռանալ թուրքական ճակատից, և հայերն էլ չկարողացան դիմադրել, հայությունը նորից լքեց Արևմտահայաստանը:

1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ամբողջ Արևմտահայաստանը, Արևելահայաստանի մի մասն էլ՝ Կարսի մարզը, տրվեց Թուրքիային:

1918թ. մայիսի վերջերին հայությունը Սարդարապատում և Ապարանում վերջապես կանգնեցրեց թուրքերի առաջխաղացումը: Կանգնեցրեց, որովհետև մենակ էր, ուրիշ որևէ ազգի ու պետության վրա հույս չդրեց: Մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը՝ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Գերմանիայի և Թուրքիայի ընդհանուր պարտությունից հետո Հայաստանը իրեն միացրեց Ռուսական կայսրության մասը կազմած Կարսի մարզն ու Սուրմալուն:

Գաղթականությունը վերադարձավ այդ շրջանները: Ադրբեջանն իրենն էր համարում Զանգեզուրը, Նախիջևանը, Արցախը: Հայերի և ադրբեջանցիների միջև կռիվներ եղան այդ տարածքների համար: Վրաստանն իրենն էր համարում Լոռին և Ջավախքը: Հայերի և վրացիների միջև 1918թ. պատերազմ եղավ Լոռու համար: Հայերը գրավեցին Լոռին: Ստեղծվեց չեզոք գոտի: Արդյունքն այն եղավ, որ 1920թ. Լոռու հարավային մասը (գոնե այդքանը) մտավ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ: Ադրբեջանը չկարողացավ իրեն միացնել Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը: Կռիվները շարունակվում էին: Իսկ երբ ռուսական բանակը մտավ Բաքու, այդ քաղաքից առաջին պահանջն ուղղվեց Հայաստանին՝ հայկական զորքերը անհապաղ հանել Արցախից, Զանգեզուրից, Նախիջևանից: Թուրքիայի զորքերը ռուսական զենքով զինված առաջ շարժվեցին Կարսի մարզում՝ պահանջելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրի իրականացումը:

Արցախը չմիացավ Ադրբեջանին, թեև Հայաստանի մեջ էլ չմտավ: Զանգեզուրը դիմադրեց մինչև 1921թ. ամառը, և դրա շնորհիվ միացավ Խորհրդային Հայաստանին: 1921թ. մոսկովյան պայմանագրով Կարսի մարզը հանձնվեց Թուրքիային՝ ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի: Թուրքիայի պահանջով Մոսկվան Նախիջևանը հանձնեց Ադրբեջանին:

Հայաստանից պոկվեց Շարուրը և միացվեց Նախիջևանին: Սուրմալուն, որ Թուրքիայինը նախկինում էլ չի եղել, տրվեց Թուրքիային՝ Բաթումը ստանալու պայմանով: 1921թ. Արցախի հարցը քննվեց Թիֆլիսում  ու թեև որոշվեց ընդունել, որ այն Խորհրդային Հայաստանի անբաժան մասն է, բայց Մոսկվայից եկած կարգադրությամբ, առանց հարցի նոր քննարկման, հանձնվեց Ադրբեջանին: