«Շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ, թե ինչպես կարող է Արցախը ներգրավվել բանակցություններում»

597

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի իր ելույթում անդրադարձել է Արցախին և հակամարտությանը․

Ես տեսնում եմ շատ կոնկրետ և՛ ձևեր, և՛ մեթոդներ, թե ինչպես կարող է Արցախը ներգրավվել բանակցություններում, ասել է նա։

«Վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում ես հայտարարել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ, պատրաստ եմ և պիտի բանակցեմ Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի ղեկավարի կարգավիճակում չեմ։

Վարչապետի խոսքով՝ բանակցային գործընթացում Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է։

«Գիտենք, որ սա նոր չէ և սա ունի նախկինից հայտնի մի քանի զարգացումներ և այս ընթացքում ձևավորվել է որոշակի բովանդակություն։ Ըստ էության, Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին եղել է մեր քննարկուների կարևորագույն առարկան։ Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ սրան արձագանքում է հետևյալ կերպ, որ եթե հայկական կողմը բանակցային գործընթացում ներառի Արցախին, ադրբեջանական կողմը, իր հերթին, կներառի Ղարաբաղի՝ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին»։

Փաշինյանը նշել է, որ այդ դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի։ Նրա կարծիքով՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված է բանակցություններին՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության։ Իր այդ դիրքորոշումը վարչապետը հետևյալ կերպ բացատրեց․

«Ղարաբաղի ադրբեջանցիները, այդ համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք  հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի, և հետևաբար Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև նրանց կողմից։ Հետևաբար Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունը ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց։ Եթե չեմ սխալվում, այդ ընտրությունների ժամանակ գործում են նաև ընտրատեղամասեր և ասվում է, որ սա Ղարաբաղի ընտրական տեղամասն է․․․ Հետևաբար Ադրբեջանի դիրքորոշումը մի շարք հարցեր է առաջացնում»։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի գործող իշխանությունը ի սկզբանե հայտարարում է, որ ինքը չունի լիազորություն՝ բանակցային գործընթացում ներկայացնելու  ողջ ադրբեջանցի ժողովրդին։

«Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել, և Ադրբեջանի ղեկավարությունը ինքն է խոստովանում, որ լիազորված չէ ներկայացնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, հարց է ծագում՝ իսկ Ղարաբաղի գործող իշխանությունը արդյոք լիազորվա՞ծ է ներկայացնել ադրբեջանական հանրության մյուս հատվածներին՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, որոշակի ռեգիոններին, թե՞ մենք պետք է ստուգենք այդ լիազորությունը։ Հետևաբար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը, ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը ընդհանրապես մասնակցում բանակցային գործընթացին։ Մեր կառավարությունը շատ ուղիղ է ասում։ Ասում է՝ մենք չունենք մանդատ՝ ներկայացնելու Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ նրանք մեր ընտրություններին չեն մասնակցում և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով։ Սրան հակառակ, նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը, որ լիազորված է իրենց ներկայացնել բանակցային գործընթացում»։

Փաշինյանն ասել է, թե տեսնում է «շատ կոնկրետ և՛ ձևեր, և՛ մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը ներգրավվել բանակցություններում»։ «Մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, և այդ մեթոդները կքննարկենք նաև մեր միջազգային գործընկերների հետ»։

Արխիվային լուսանկար, 9 մայիս, 2018թ, Ստեփանակերտ