Ռոբերտ Քոչարյանը բացահայտում է Ռոբերտ Քոչարյանի սուտը․ iLur.am

2322

Ռոբերտ Քոչարյանը բացահայտում է Ռոբերտ Քոչարյանի սուտը. Լուսանկարներ

Փետրվարի 4-ին, երբ Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ նիստի ընթացքում պարզաբանվե՞լ է՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանո՞վ է ոստիկանապետ Հայկ Հարությունյանը խուզարկություն կամ զննություն իրականացրել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում՝ ասաց բառացիորեն հետեւյալը.

«…Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ որ ինքը էդ օրը` 8 անց կեսի կողմերը եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով իրեն զեկուցել են, որ էդպիսի բան կա: Կրկնում եմ, որ երեւի նախաքննական մարմինը ստուգել է, հաստատ տեսել է, որ պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել, եւ դրանից ելնելով էլ պարոն Քոչարյանին չի մեղսագրվել, որ առավոտվա իրադարձությունները ինքը հրահանգել է իրականացնել կամ իմացել է այդ գործողությունների նախապատրաստման մասին, ու թույլ է տվել, որ դրանք իրականանան»:

Քոչարյանի այս սուտը բացահայտում է հենց ինքը Քոչարյանը՝  իր՝ վերջերս լույս ընծայած «Կյանք եւ ազատություն» գրքում, որտեղ անդրադարձ կա նաեւ մարտի 1-ի դեպքերին:

Եւ այսպես, Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրք, էջ 459-460, որտեղ գրված է հետեւյալը.

Բախում

Վրանների զննության օպերացիան ոստիկությունը որոշեց իրականացնել մարտի 1-ի վաղ առավոտյան:

Նախորդ օրվա երեկոյան ինձ մոտ ընդունելություն խնդրեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը: Գրիշան ինձ հետ աշխատել է Ղարաբաղում՝ ՊՊԿ ղեկավարի պաշտոնում իմ նշանակվելու առաջին իսկ օրվանից:  Լավ աշխատող եւ ինձ նվիրված անձնավորություն. նա այդ օրն ակնհայտորեն շփոթված էր: Ոստիկանությունից տեղեկանալով օպերացիայի մասին՝ նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անի, եթե Տեր-Պետրոսյանը հանկարծ հրապարակում լինի: Օրենքով Գրիշայի պարտականությունների մեջ էր մտնում պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովումը:

-Գրիշա, տես, թե ձեր կանոնակարգերում ինչ է գրված ,եւ գործիր խստորեն համաձայն դրանց:

-Այնտեղ գրված է, որ եթե պահպանվող օբյեկտի կյանքին վտանգ է սպառնում, ապա մենք պարտավոր ենք նրան անհապաղ էվակուացնել անվտանգ տարածք: Իսկ եթե նա հրաժարվի՞:

-Իսկ այնտեղ նրա համաձայնության մասին որեւէ բան գրվա՞ծ է:

-Կարծես՝ ոչ:

-Խորհուրդս՝ գործիր հրահանգներին խստորեն համապատասխան: Եւ տես՝ նախկին նախագահի հետ ոչինչ չպետք է պատահի»:

Այսպիսով, հուշագիր Քոչարյանը բացահայտում է մեղադրյալ Քոչարյանի սուտը, թե ինքը նախապես տեղյակ չի եղել մարտի 1-ի առավոտյան իրականացված ոստիկանական գործողությունից:

Իհարկե, հասկանալի է, որ մեղադրանքի ծանրության տակ կքած Քոչարյանն ամեն հնարքի դիմում է՝ խուսափելու համար քրեական պատասխանատվությունից։ Այսօր կմոռանա երեկվա գրածը, վաղը մոռանա այսօրվա ելույթում ասածը,և այդպես շարունակ, ինքն իրեն խճճելով շարունակական ստերի մեջ։