Հայերը և Իրանի իսլամական հեղափոխությունը

2172

Իրանի հեղափոխությունը և Իրանահայությունը․ Առավոտ

Փետրվար 07,2019 13:24 52

Քառասուն տարի առաջ այս օրերին իրանաբնակ հայերի մի ստվար զանգված միացել էր Իրանի հեղափոխականների շարքերին և պահանջում էր «Փահլավի» շահական վարչակարգի տապալում և փոփոխություններ:

Մոհամադ Ռոզա շահը իր իսկ նշանակած վարչապետի պահանջով մեկնել էր երկրից և Իմամ Խոմեյնին վերադարձել էր աքսորից: Նոր վարչապետը` Շափուր Բախտիարը, չէր տիրապետում իրավիճակին, իսկ զինված ուժերը քայքայման եզրին էին: Թեհրան մայրաքաղաքի մզկիթներում կյանքի էին կոչվել հեղափոխական կոմիտեներ, որոնք զորանոցներից և ոստիկանական բաժիններից առգրավված զենքերով հսկում էին փողոցների անդորրը:

Իսլամական ուժերի օգնությամբ հայաբնակ թաղերում ևս ինքնապաշտպանական խմբեր էին կազմել և հերթապահություն էին կատարում: Հասկանալի պատճառներով պայքարին նվիրված իրանահայերը հիմնականում հարում էին երկրի ձախակողմյան ուժերին, իսկ համայնքային մարմիններն իրենց հավատարմությունն էին հայտնում ուրվագծվող նոր իշխանություններին: Երիտասարդները հիմնականում հայկական կազմակերպությունների դրոշի տակ էին ողջունում և համակրում ժողովրդային շարժման և կամ ուղղակի մասնակցում էին համաիրանյան քաղաքական-հեղափոխական կառույցներին: Համայնքի ազգային-եկեղեցական մարմինների նախաձեռնությամբ, հայկական պատվիրակություններն առաջին անգամը լինելով քահանաների գլխավորությամբ մասնակցեցին հեղափոխական ուժերի հրավիրած մեծ ցույցին, որը համընկնում էր իսլամական «Առբային» մեծ սգատոնին:

Ապա իրանահայերի պատվիրակները Տեր Ահարոն ավագ քահանա Տեր-Գալուստանյանի ղեկավարությամբ Թեհրանի օդանավակայանում մասնակցեցին Իմամ Խոմեյնու դիմավորման արարողության:

Հեղափոխության հաղթանակից օրեր հետո հայկական ավելի մեծ ներկայացուցչական պատվիրակություն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Արտակ արք. Մանուկյանի նախագահությամբ Ղոմ կրոնական քաղաքում հանդիպեց իսլամական հեղափոխության առաջնորդ Խոմեյնիին: Իմամը հայերին հավաստիացրեց, որ իսլամական պետությունը կատարելապես հովանավորելու է երկրում ապրող քրիստոնյաներին և նրանք ոչ մի դժվարություն չեն ունենալու:

Հայերն արդեն իսկ հեղափոխության հաղթանակի համար տվել էին մի քանի զոհ և վիրավոր. Թեհրանի «Նարմաք» թաղամասում զոհվեցին Ալվան Մելիքյանն ու Մասիս Շիրվանյանը, «Ղասր» կոչվող բանտի գրավման ժամանակ վիրավորվեցին Գուրգեն Քարամյանն ու Վարդգես Հովհաննիսյանը, իսկ հեղափոխության վերջնական հաղթանակից ժամեր առաջ ռադիո-հեռուստատեսության կենտրոնական շենքը վերցնելու պահին զոհվեց Վարդան Առաքելյանը: Վարդանի զոհվելը իրանցի հեղափոխականների կողմից լեգենդի վերածվեց, չէ որ քառորդ դար առաջ ևս շահի բռնակալության դեմ պայքարի ժամանակ հերոսաբար ընկել էր հայ կոմունիստ Վարդան Սալախյանը:

Մամուլն որպես հարգանք դարձյալ հնչեցրեց իրանցի անվանի պոետ Ահմադ Շամլուի «Վարդանը չխոսեց» բանաստեղծությունը, ակնարկելով շահական զնդանում Վարդան Սալախյանի դաժան կերպով տանջամահ լինելուն:

Երկրի նոր Սահմանադրության մշակման համար ընտրվեց «Խոբրեգան» ժողով (Սահմանադիր բանիմացների). հայերի համար հատկացված էր մեկ տեղ և համայնքի կողմից ընտրվեց դաշնակցական Հրայր Խալաթյանը: Խալաթյանն այս կարևոր ժողովում ունեցավ ձեռքբերումներ. Իրանի Սահմանադրական շարժումից ի վեր (1906 թ.) կրոնական փոքրամասնությունները միշտ չորս պատգամավոր են ունեցել Իրանի խորհրդարանում (մեկ զրադաշտական, մեկ մովսիսական, երկու քրիստոնյա): Երկու քրիստոնյաներից մեկն ընտրվում էր հայերից, իսկ մյուսը մերթ ընդ մերթ հայերից և ասորի` քաղդեականներից:

Խալաթյանի ջանքերի և իսլամ հոգևորականների բարյացակամ վերաբերմունքի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ ապագա խորհրդարաններում երկրի կրոնական փոքրամասնություններին հատկացվեց հինգ տեղ. քրիստոնյաների մանդատն ավելացավ մեկով` երկու հայ և մեկ ասորի:

ԻԻՀ-ի Սահմանադրության 13-րդ, 14-րդ, 15-րդ և 64-րդ հոդվածներում ակնարկ կա երկրի կրոնական փոքրամասնությունների մասին, որով երաշխավորվում է նրանց իրավունքները, պետական լեզվի կողքին մայրենի լեզվի դասավանդումը, ծիսական և ժառանգական արտոնությունները և խորհրդարանում առանձին պատգամավոր ունենալու իրավունքը:

Սահմանադրությունը, որպես կրոնական փոքրամասնություն միայն զրադաշտականներին, մովսիսականներին և քրիստոնյաներին է ճանաչում:

Հրայր Խալաթյանը և Հրաչ Խաչատրյանն ընտրվեցին ԻԻՀ-ի առաջին խորհրդարանի պատգամավորներ, հետո նրանց հերթաբար փոխարինեցին Վարդան Վարդանյանը, Արտավազդ Բաղումյանը, Լևոն Դավթյանը, Գևորգ Վարդանյանը և Ռոբերտ Բեգլարյանը, իսկ գործող խորհրդարանի հայ անդամներն են Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը:

Իրանահայ պետական և համայնքային գործիչները միշտ աշխատել են հայերի ներկայությունն ապահովել նաև երկրի գործադիր և դատական ուժերում, որը դեռևս շոշափելի արդյունք չի տվել: Նախորդ դարասկզբում Իրանին Եփրեմ Խան Դավթյանի, Հովհաննես Խան Մասեհյանի և Միրզա Մելքոմ Խանի նման պետական այրեր տված համայնքի անդամներն, այժմ զրկված են Իրանի պետական համակարգում աշխատելու հնարավորությունից:

Այդ սահմանափակումները եղել են դեռևս «Փահլավի» դինաստիայի ժամանակ, բայց նոր թափ են ստացել ԻԻՀ-ի օրոք: Իրանի գործող Սահմանադրությունը թեև միայն հանրապետության նախագահի համար է սահմանում շիա մուսալման լինելու պարտադրանքը (հոդված 115), բայց իսլամական պետության ղեկավարները անցնող քառասուն տարվա ընթացքում շեղվեցին իրենց հռչակած սկզբունքներից, դարձան անհանդուրժող և իրենցից վանեցին երկրի բնակչության մի ստվար զանգվածի, որը մեծ հավատքով նվիրվել էր երկրի վերաշինության գործին և փորձում էր իր լուման ներդնել ի փառս Իրանի հզորացման:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ 

https://www.aravot.am/2019/02/07/1016924/?fbclid=IwAR0BDUlpGQwMCfxZOAyOMUBI7oU0t5TwPhDc3BNsn6ajrqriqLFZZv6jvW8 

Լուսանկարում՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանը