Մոսկվան Երևանին վաճառել է չորս Սու-30ՍՄ կործանիչ ներքին գներով․ «Կոմերսանտ»

1450

Մոսկվան և Երևանը Սու-30ՍՄ չորս բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռք բերման գործարք են կնքել, որոնք ՀՀ Զինված ուժերը կստանան 2020-ին։ Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, գործարքի կյանքի կոչման համար ռուսաստանցի բանակցողները ՀԱՊԿ-ի դաշնակից Հայաստանի համար լուրջ զիջումների են գնացել․ ոչ միայն վարկ են տրամադրել, այլև ինքնաթիռները վաճառել են ներռուսաստնյան, այլ ոչ թե արտահանման գներով։ Այս գործարքը, գրում է թերթը, կարելի է նշանակալի համարել՝ ընդհանուր առմամբ հայաստանյան իշխանությունների և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար․ տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՀՀ ռազմաօդային ուժերը ձեռք են բերում նոր, այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա։

Նոր համաձայնագրի կնքման մասին հունվարի 31-ին հայտնեց Sputnik գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Այնտեղից հաստատել են գործարքի փաստը՝ հավելելով, որ «ավելի վաղ ռուսաստանյան կողմի տրամադրած 100 մլն դոլարի վարկի շրջանակում սպառազինությունների ձեռք բերման գործընթացը իրագործման փուլում է»։

Ավիացիոն ձեռնարկություններից մեկի ղեկավարը հայտնել է, որ գործարքով Հայաստանը 2020-ին կստանա չորս նոր Սու-30ՍՄ կործանիչ։

«Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ-ի գծով։ Չնայած գործարքը կոմերցիոն է և գնումն իրականացվում է Ռուսաստանի տրամադրած վարկային միջոցներով, յուրաքանչյուր մեքենայի արժեքը ՀՀ ռազմաօդային ուժերի համար կկազմի նույնքան, որքան ՌԴ ռազմաօդային ուժերի համար»,- ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցը՝ նշելով, որ նման պայմաններն «իսկական նվեր են»։ Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ հայ օդաչուները վարժանքներ են անցնելու ռուսաստանյան ռազմական հաստատություններում։

Թերթը շարունակում է, որ Սու-30ՍՄ կործանիչների հանդեպ առարկայական հետաքրքրություն հայաստանցի զինվորականները սկսել են ցուցաբերել դեռ 2010-ին՝ ավիացիոն պարկի արդիականացման անհրաժեշտությունից ելնելով։

2012-ին Մոսկվան և Երևանը ստորագրել էին համաձայնագիր, որով Հայաստանը մի քանի տարվա ընթացքում պետք է ստանար առնվազն 12 կործանիչ, սակայն այն ուժի մեջ չի մտել պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով։

Հարցին կողմերը վերադարձել են Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվել են չորս ինքնաթիռների վաճառքի շուրջ։

«Ըստ էության, սա առաջին գործարքն է, որը կնքվում է Հայաստանի ՊՆ-ի հետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, մեզ համար կարևոր էր հաստատել ՀԱՊԿ մեր դաշնակցի հետ մեր դիրքերի ամրությունը»,- «Կոմերսանտ»-ին ասել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի փորձագետ։

2018-ի հունիսին Նիկոլ Փաշինյանը Սու-30ՍՄ ինքնաթիռի խցիկից նկար էր հրապարակել։

«Սպառազինությունների արտահանում» («Экспорт вооружений») հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովի խոսքով՝ այս ինքնաթիռների անգամ փոքր խմբաքանակի գնումը Հայաստանի կողմից կարելի է նշանակալի համարել։

«Դա լուրջ քայլ է, որը կարող է էապես բարձրացնել երկրի ռազմաօդային ուժերի մարտական ներուժը»,- ասել է Ֆրոլովը՝ շեշտելով, որ Ադրբեջանի արձագանքը համաձայնագրին լինելու է բացասական, քանի որ նա չունի նման արդի ավիատեխնիկա․ միայն Ուկրաինայում արդիականացված Միգ-29 կործանիչներ։

«Հայ-ռուսական այս գործարքը կարող է Բաքվին դրդել նոր ինքնաթիռների գնման, ընդ որում, ոչ անպայմանորեն Ռուսաստանից, այլ, օրինակ, Պակիստանից»,- ասել է փորձագետը։

***

Հայկական օդուժի զարգացման շուրջ 2018թ․ հունիսին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Կարդացե՛ք՝

Հայաստանն իսկապես ունի՞ Սու30-ՍՄ կործանիչների կարիքը․ Էմիլ Սանամյանի անդրադարձը

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ