Արցախի կարգավիճակը և անվտանգությունը՝ առաջնային. Զոհրաբ Մնացականյան

730

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հունվարի 28-ին Եռաբլուրում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Նա մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի արտգործնախարարի հետ իր հունվարի 16-ի հանդիպման մասին։ Ճեպազրույցը՝ ստորև։

Հարց․ Հարցս վերաբերում է երկու շաբաթ առաջ Մամեդյարովի հետ Ձեր հանդիպմանը, որից հետո նաև հաղորդագրություն տարածվեց հասարակությունները խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ: Ես կխնդրեմ մի փոքր այդ բանակցային գործընթացի հետ կապված մանրամասներ ներկայացնեք:

Զոհրաբ Մնացականյան: Այն, ինչ ասված է մեր հաղորդագրության մեջ և ուրախալի է՝ նաև մյուս կողմի ու համանախագահների հաղորդագրությունների մեջ, այն, ինչ որ ասվել է, շարունակական, հետևողական քաղաքականություն է, որ մենք տանում ենք։ Առաջինը, նորություն չէ մեզ համար, մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր։ Վստահ եմ՝ բոլորդ հասկանում ենք, որ անհնար է մեկ կողմից խաղաղություն բանակցել, իսկ մյուս կողմից սերմանել թշնամություն կամ առավել ևս՝ մեծացնել լարվածությունը։ Այդ առումով է, որ մենք ուշադրություն ենք տալիս նրան, որ բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, շատ էական, կարևոր էլեմենտներն են այս գործընթացի մեջ։

Հարց: Ի՞նչ պայմաններով եք քննարկում այդ խաղաղությունը, այսինքն ի՞նչ է դրվել սեղանին։ Խաղաղության մասին դիսկուրսը, խաղաղության մասին բանակցությունները. դրա տակ պետք է լինեն էլեմենտներ, պայմաններ։

Զոհրաբ Մնացականյան: Դուք շատ լավ գիտեք, որ մենք արտահայտվել ենք, մենք որևէ կերպ չենք շեղվելու այն բաներից, ինչ որ ասել ենք։ Ես վստահ եմ, որ բազմիցս լսել եք, և որևէ շեղում այդ առումով չի եղել մեր դիրքորոշման մեջ: Մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ բանակցություններով, բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը և ամենակարևորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները։ Չկա այդպիսի մի բան և չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք: Բանակցությունները` այս երկխոսությունը, գնում է դրա շուրջ:

Եվ այդ առումով է, որ ինձ համար շատ հետաքրքիր է եղել հետևել մեկնաբանություններին, և ինձ մոտ որոշ չափով եղել է նաև որոշ զարմանք, որ ինչ-որ պարտվողականության տրամադրությո՞ւն ունենք մեր հասարակությունում, թե՞ մենք ինքնավստահություն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ, և կարիք չկա որևէ կերպ տեսնելու, որ ինչ-որ կերպ լինում է մի բան, որտեղ մենք խափանելու ենք մեր դիրքորոշումերը: Դա իսկապես հասարակության համար, բոլորիս համար վիրավորական է. պարտվողական չենք եղել և չենք լինելու, առավել ևս ինքնավստահության մասով: Եվ նաև ավելացնեմ, ինչ վերաբերում է Արցախի ներկայությանը և Արցախի որպես որոշիչ ձայն և ներգրավվածության հարցին, սա հետևղական աշխատանքն է: Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե ամեն բան միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացանք և անցանք: Նորից եմ կրկնում, սա մեր համար շատ հստակ պրակտիկ խնդիր է. ավելի գործնական և իրատեսական լինել, ավելի գործնական լիենել՝ այդ բանակցային գործընթացում պրոգրես ունենալու:

Հարց: Ստատուսի և անվտանգության հարցում փոխըմբռնում կա՞, որովհետև ադրբեջանական կողմից խոսվում է ինչ-որ փոխըմբռնումների մասին: Ձեզ հետ հանդիպումներից մեկից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ որոշակի փոխըմբռնում կա: Ես ցանկանում եմ հասկանալ՝ ստատուսի և անվտանգության հարցում, որ Դուք նշեցիք, որ դա գերակա է հայկական կողմի համար, իսկ մյուս կողմը…

Զոհրաբ Մնացականյան: Ես հիմա դժվարանում եմ մեկնաբանել մյուս կողմի հարցը: Փոխըմբռնումն այնքանով է, վստահ եմ, որ բավական հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներով է Հայաստանը մոտենում: Եվ մենք մեր տրամաբանության, երկխոսության մեջ հասկանալի ենք դարձնում, թե ինչ նկատի ունենք:

Հարց: Պարոն Մնացականյան, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու որևէ գործողություննե՞ր…

Զոհրաբ Մնացականյան: Որպես սկզբունք մենք արտահայտել ենք, որ սա անհրաժեշտություն է, որևէ նորություն չկա: Եթե շատ ուշադիր հետևեք, անցած տարիների ընթացքում, բոլոր տարիների ընթացքում քանի անգամ է նման բան ասվել…

Հարց: ՄԱԿ-ի մակարդակով էլ արձագանք եղավ հենց ա՛յդ կետին…

Զոհրաբ Մնացականյան: Նորից կխնդրեմ մի քիչ ուշադիր լինել, ուշադիր այն առումով, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից նման արձագանքներ միշտ եղել են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից միշտ եղել է նման դիրքորոշում, որ նա իր ձայնն է բերում՝ նպաստելու խաղաղությանը, այս գործընթացին, նպաստելու այնքանով, որ անվերապահ աջակցում է Մինսկի խմբի եռանախագահների շրջանակում բանակցություններին: Այն, որ ինքն իր ձայնը բերում է և իր աջակցությունն է հայտնում այն արդյունքներին կամ այն հայտարարությանը, որ եղել է եռանախագահության առումով, դա գլխավոր քարտուղարի այդ աջակցության արտահայտությունն է: Ես դա շատ լավ եմ գնահատում, շատ բարձր եմ գնահատում, որովհետև սա միջազգային հանրության կողմից նույնպես այն համալրումն է, այն համերաշխությունն է խաղաղ գործընթացին:

Այս ամենն ասելով, ուզում եմ կրկնել, որ մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի: Մենք շատ հստակ ասել ենք. դա չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, դա նշանակում է, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է: Սա շատ հստակ բերում ենք առաջ:

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, այստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք հստակ ձևավորված բանաձևեր թե ինչպես դա իրականացնել: Բայց այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, դա միանշանակ է:

Հարց: Պարոն Մնացականյան, որևէ հուշագիր կամ ինչ-որ փաստաթուղթ պատրաստվում է առաջիկայում:

Զոհրաբ Մնացականյան: Այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: Եթե լիներ, դուք կիմանայիք: Կա որոշ կոնֆիդենցիալության շրջանակ, որը տրամաբանական է, որովհետև բանակցությունների էությունն է այդպիսին, հարցի էությունն է այդպիսին: Սա մեխանիզմ է, որը մենք չենք հնարել, և որը գոյություն ունի այս գործի մեջ: Բայց չի լինի այնպես, որ մենք առաջ շարժվենք, ու հասարակությունը տեղյակ չլինի:

Հարց: Արդեն երկրորդ թե երրորդ անգամ է՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումները տեղի են ունենում առանց Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության: Դրա համար եղան որոշակի մեկնաբանություններ, թե կարծես թե տեղի է ունենում շեղում առկա ձևաչափից:

Զոհրաբ Մնացականյան: Չէի ասի: Առաջինը, որ եղել է երեք հանդիպում, այսպես կոչված, հանպատրաստից, և օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները մասնակցել են նույն միջոցառումներին: Եվ սա ողջունելի է, որովհետև երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները: Եվ դա շատ դրական բան է այն առումով, որ ավելի դյուրացնում է, ավելի հնարավորություն է ստեղծում՝ ավելի լավ միմյանց զգալու և ավելի արդյունավետ աշխատելու այդ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խոսեց դրա մասին, և շատ լավ է, որ ղեկավարներն առիթ են ունեցել փոխանակելու մտքեր տարբեր հարցերի շուրջ, որպեսզի ավելի լավ պատկերացնեն միմյանց,  միմյանց մոտեցումներն ու տեսլականները:

Հարց: Պարոն Մնացականյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էլ հայտարարեց, որ «Արցախի անունից կարող է բանակցել միայն Արցախը, Հայաստանի անունից ենք մենք բանակցում»: Ինչ է սա նշանակում և որքանով է հավանական բանակցային սեղան Արցախի վերադարձը:

Զոհրաբ Մնացականյան: Որքանով է ռեալ, կամ ռեալ չէ, սա չէ հարցը։ Մեզ համար սա պրակտիկ հարց է, մեզ համար սա բանակցությունների արդյունավետության հարց է, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ներկայացնում է մեր դիրքորոշումները։ Եվ Լեռնային Ղարաբաղը՝ որպես քաղաքական միավոր, ունի իր ժողովրդի կողմից ընտրված բոլոր մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում այդ հասարակության առջև։ Սա պրակտիկ հարց է։ Մենք մեր պատասխանատվությունից չենք փախչում և մենք շարունակական այս հարցը բերում ենք առաջ։ Սա չի նշանակում, որ մենք մեր պատասխանատվությունից փախչում ենք և բանակցություններին չենք նստում։ Սա չի նշանակում, որ քսան տարվա ընթացքում ձևավորված մի գործընթաց անմիջապես փոխվում է. բոլորը համաձայնվեցին և հարցն այդպես լուծվեց։

Հարց: Պարոն Մնացականյան, Դավոսում հերթական ոչ պաշտոնական հանդիպումը եղավ։ Ընդհանրապես այս հանդիպումը ի՞նչ օգուտ է տալիս, Ալիևի հետ այս ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպումը: Գործընթացի վրա ինչպե՞ս է ազդում:

Զոհրաբ Մնացականյան: Միանշանակ օգուտ է։ Գործընթացի վրա տալիս են դրական ազդեցություն այն առումով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց շատ ավելի լավ են զգում, միմյանց շատ ավելի լավ են հասկանում։ Ձևավորվում է մի միջավայր, որտեղ ղեկավարները կարող են միմյանց շատ ավելի լավ հասկանալ և ավելի հստակ տեսնել, թե ինչպես կարող ենք շարժվել խաղաղության ապահովման ճանապարհով։ Այսինքն՝ սա միայն ու միայն դրական է: Գիտեք, որ շփումներ եղել են այնպես, որ իրենք օրակարգ չեն ունեցել և նպատակը եղել է, որպեսզի ղեկավարները միմյանց ավելի ծանոթ լինեն, փորձեն միջավայր ունենալ, որտեղ իրենք ունեն ավելի բարձր մակարդակի վստահություն, թե ինչպես կարելի է շարժվել առաջ։

Հարց: Երկու արտգործնախարարների հանդիպումից հետո նշվեց, որ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ Մոտավորապես ե՞րբ է հնարավոր այդպիսի ձևաչափի հանդիպումը։

Զոհրաբ Մնացականյան: Շատ զգույշ լինենք, որովհետև սրանք նուրբ հարցեր են այն առումով, որ մենք, գիտեք, այնպես ենք անելու, որ նման հանդիպումն ունենա լավ արդյունք։ Դրա համար շարունակելու ենք աշխատել այնպես, նաև համանախագահների օգնությամբ, որպեսզի կարողանանք մեր կողմից այդ դաշտը պատրաստենք, որպեսզի դա նպաստի դրական արդյունքի, այլ ոչ թե ինչ-որ ռիսկեր ստեղծի։

Հարց. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների առումով…

Զոհրաբ Մնացականյան: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առումով: Շատ լավ հարց բարձրացրեցիք: Շատ էական հարց է: Դրանք ինչի՞ն են ուղղված: Կա հիմնական կորիզը բանակցությունների, որը վերաբերում է հիմնարար կարգավորմանը հարցի, և կան հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, այն ինչ որ կոչվում է խաղաղությանը նպաստելուն: Եթե կա էսկալացիա, եթե կա ատելության սերմանում, սա չի նպաստում բանակցություններին: Այն ինչ որ վերաբերում է Վիեննային և Սանկտ Պետերբուրգին, վերաբերում է, ըստ էության ռիսկերի նվազեցմանը: Հիմա մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ: Մեզ հաճախ հարց են տալիս, մենք դրանից հրաժարվել ենք: Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն: Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում և սահմանում: Սա նպաստավոր է, և մեր ուշադրությունը դրա վրա է: Որևէ հարց դուրս չի եկել: Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինքն թե փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞՝ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք: Ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք: Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք: Այսօր մենք կարողացել ենք գործի դնել որոշ մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերի նվազեցման առումով աշխատում են: Եվ սա շատ էական է, շատ օգտակար է:

Հարց: Կոնկրետ հունվարի 16-ի բանակցությունները հակամարտության կարգավորման ինչ սկզբունքների հիման վրա են եղել:

Զոհրաբ Մնացականյան: Նորից եմ կրկնում, մեզ համար առաջնայինը ստատուսն է և անվտանգությունը: Սյս սկզբունքն է մեզ համար առաջնայինը: Դուք ուզում եք ես մնացած սկզբունքների մասի՞ն խոսեմ: Ես խոսում եմ իմ առաջնային սկզբունքի մասին՝ ստատուս և անվտանգություն:

Աղբյուրը՝ ՀՀ արտգործնախարարության կայք

Կարդացե՛ք նաև՝

Նախարարները համաձայնել են` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր հասարակություններին խաղաղության պատրաստելու համար

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները