Արցախի ապագայի առումով մտահոգություններ ունենք. Հակոբ Բագրատունի

1344

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից Հակոբ Բագրատունու բնորոշմամբ ժողովը պատմական է, որովհետև ՀՅԴ 128 տարվա պատմության մեջ առաջին անգամն է, որ ազատ, մարտունակ, հպարտ Արցախում է այն գումարվում:

«Այս հանգամանքը մեզ՝ դաշնակցականներիս, հավելյալ պարտադրանքի տակ է դնում՝ կայացնելու խոհուն, ճիշտ, զգոն և պայքարի պատմությանը համապատասխանող որոշումներ: Այսօր, երբ տեսնում ենք, որ Արցախի պայքարը որոշ հունավորում ունի և միաժամանակ մտահոգություններ ունենք Արցախի ապագայի առումով, բնականաբար, կարևոր որոշում է ժողովն այստեղ անց կացնելը»,- մասնավորապես ասել է Հակոբ Բագրատունին՝ ավելացնելով, որ 1919թ. ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովը տեղի է ունեցել անկախ Հայաստանում: Դժբախտաբար Հայաստանի վերանկախացումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արգելվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում: Բայց իշխանափոխությունից հետո բոլոր Ընդհանուր Ժողովները կայացել են մայր հայրենիքում:

Անդրադառնալով հետագա քաղաքական ուղեգծում շրջադարձային փոփոխությունների մասին հարցին, Հակոբ Բագրատունին նշել է, որ Ընդհանուր Ժողովում բոլոր խնդիրները քննարկման նյութ են. «Շրջադարձային փոփոխություններ լինում են, երբ նախկին որոշումները սխալ են գնահատվում: Նախորդ Ընդհանուր Ժողովի կայացրած որոշումները գործադրվեցին համապաատասխան մարմինների կողմից, այս օրերին կվերաքննենք, բացթողումները կքննարկենք և այնուհետև համապատասխան որոշումներ կկայացննեք: Բայց հսկայական շրջադարձային որոշումներ հնարավոր է չլինեն, որովհետև այս պայմաններում անհրաժեշտ է ավելի զգոն ու հաստատուն լինել՝ տեղի ունեցող փոփոխությունների լույսի տակ»:

aparaj.am