Քաջազնունուն նախկինները չհիշեցին, իսկ ներկանե՞րը

818

Հայաստանի առաջին վարչապետ և հանրապետության հիմնադիրներից Հովհաննես Քաջազնունին մահացել է 1938 թվականի այս օրը՝ հունվարի 15-ին, Երևանի բանտային հիվանդանոցում՝ գրիպից ու թոքաբորբից։

Քաջազնունին պետք է գնդակահարվեր 1937-ի դեկտեմբերի 5-ին Խորհրդային Հայաստանի ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։ Քաջազնունին հիվանդ էր և անկարող էր քայլել մինչև գնդակահարություն:

2018-ը հայոց պատմության հրաշքներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն էր, սակայն նախկին իշխանությունները որևէ ձևով չհիշեցին ու չհիշատակեցին այդ հանրապետության իրական հիմնադիրներից Քաջազնունուն:

2018-ին լրացավ Քաջազնունու ծննդյան 150 և մահվան 80-ամյակը: Պաշտոնական մակարդակով որևէ միջոցառում չկազմակերպվեց, որևէ պաշտոնյա չգնաց քաղաքային գերեզմանատուն, որտեղ գտնվում է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը, որևէ գիտաժողով չկազմակերպվեց, որևէ գիրք չհրատարակվեց, Հայաստանում որևէ փողոց կամ շինություն չվերանվանվեց նրա անունով:

Քաջազնունու նկատմամբ նախկին իշխանությունների այս հրապարակային անտեսման պատճառը և՛ տգիտության, և՛ հիշել չցանկանալու պատճառով էր: Այդպես է պատմությունը: Լինում են ժամանակներ, երբ հիշելը ձեռնտու չէ օրվա իշխանությանը:

Քաջազնունին պետական գործչի դասական օրինակ է: Օրինակ, թե ինչպիսին պիտի լինի և ինչպիսին չպիտի լինի պետական գործիչը:

Այդ նա էր, որ պնդում էր Թիֆլիսից Հայաստանի ապագա կառավարության շուտափույթ տեղափոխումը Երևան: Քանի որ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի անդամների մեծ մասը դեմ էր փոշոտ ու գավառական Երևան գալուն և ցանկանում էր նոր կերտվող պետությունը կառավարել լուսավոր Թիֆլիսից, Հայաստանի վարչապետ նշանակված Քաջազնունին հրաժարական տվեց: Երբ որոշվեց, որ Երևան պետք է այնուամենայնիվ տեղափոխվել, տեղի ունեցավ նոր քվեարկություն և կրկին Քաջազնունին նշանակվեց վարչապետ:

1917-ին Քաջազնունին ընտրվել էր Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ:

Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:

Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու և սովահար հայ ժողովրդին փրկելու գործում:

Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ: Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։

Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվել է, զոհվել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ընթացքում:

Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը:

Իր գրություններից մեկում Քաջազնունին այսպես է նկարագրում Արամ որդու կամավոր մեկնելը պատերազմ.

«Կայարանը սովորականից ավելի աղմկալի էր, վագոնները՝ լեփլեցուն: Արամը հազիվ կարողացավ գտնել մի անկյուն զինվորներին հատկացրած վագոնում –  ամբողջ գիշերը ոտի կանգնած պիտի երթար – դրեց պայուսակը ու իջավ վար՝ ինձ «մնաս բարով» ասելու:

– Ցտեսությո՛ւն, հայրիկ:

– Ցտեսությո՛ւն, սիրելիս:

Ու պինդ սեղմեցինք իրար ձեռ:

Մոտս կանգնած էր Համբարձում Տերտերյանը. որքան հիշում եմ, մի խումբ կամավորներ էր բերել Նոր-Նախիջևանից ու այժմ Երևան էր տանում:

– Տնաշե՛ն, ասաց, գոնե համբուրվեցեք…

– Չէ, ասի, դեռ ժամանակը չէ… կհամբուրեմ, երբ հաղթությամբ վերադառնա պատերազմից:

Եվ համբուրեցի – իրավունք ու երջանկություն ունեցա համբուրելու իմ զինվորին, որ արդեն երկու անգամ վիրավորվել էր պատերազմի դաշտում:

Բայց ինձ չէր վիճակված վերջին համբույրը տալու. շա՜տ հեռու էի Երևանի հանգստարանից՝  Ամերիկայում, երբ Արամի անշունչ մարմինը՝ արյան մի փոքրիկ բիծ ճակատին՝ զինվորական պատիվներով հանձնել էին հողին»:

1920-ին Քաջազնունին վերադարձավ Հայաստան, նոյեմբերին դարձավ խորհրդարանի նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվեց: Մասնակցել է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:

1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնավ Արաքսը, երեք տարի ապրեց տարբեր երկրներում, իսկ 1924-ին վերադարձավ Խորհրդային Հայաստան, զբաղեցրեց միջինից ցածր պաշտոններ, նաև ճարտարապետություն դասավանդեց պետհամալսարանում:

Երեկ՝ հունվարի 14-ին, Հայաստանն ունեցավ նոր վարչապետ և խորհրդարանի նոր նախագահ: Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ և խորհրդարանի վերջին նախագահ Հովհաննես Քաջազնունու մահվան տարելիցն է այսօր: Գուցե նոր իշխանությունները հիշեն Քաջազնունուն:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ