2019թ հունվարի 12-ին Տավուշի մարզի Կողբ գյուղի «Կողբ» հիմնադրամի մարզադահլիճում Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր մինի ֆուտբոլի մրցաշար դպրոցականների միջև (2003-2005 թվականներ):
Մրցաշարին մասնակցում էին 18 թիմեր, որոնցից 14-ը Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներ, իսկ 4-ը՝ Նոյեմբերյանի «Դովեղ», Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ» և «Այգեհովիտ» (գյուղ Այգեհովիտ) թիմերը, ինչպես նաև՝ Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի դպրոցի թիմը:
Հանդիպումները տեղի ունեցան օլիմպիական մրցակարգով:
Մրցաշարի հաղթող դարձավ Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբի թիմը, որը եզրափակիչում, հետխաղյա 11 մետրանոցներով, հաղթեց Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի թիմին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3-3 հաշվով: «Դովեղ»-ին հանձնվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի և Նոյեմբերյանի մարզադպրոցի կողմից սահմանված գավաթը:
Երրորդ տեղի համար խաղում Կողբի թիվ 1 դպրոցի թիմը, որտեղ հանդես էին գալիս նաև տեղի «Զիկատար» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, 3-0 հաշվով հաղթեց «Այգեհովիտ» ֆուտբոլային ակումբին:
Մրցաշարի ռմբարկու դարձավ և հատուկ մրցանակ ստացավ Կողբի թիվ 1 դպրոցի և «Զիկատար» ֆուտբոլային ակումբի խաղացող Էրիկ Մալխասյանը:
Առաջին երեք տեղեր գրաված թիմերը ստացան Նոյեմբերյանի համայնքապետարանի սպորտդպրոցի, «Դովեղ» և «Նիկարմ» ակումբների պատվոգրերը, ինպես նաև գրքեր՝ «Դովեղ» ակումբի կողմից:
Մրցանակները և պատվոգրերը հանձնեցին «Նիկարմ» ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը, «Դովեղ» ակումբի փոխնախագահ Վրեժ Աբովյանը և մարզիչ Կարեն Ասատրյանը:
«Դովեղ» ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Թուֆենկյան հիմնադրամին, Նոյեմբերյանի համայնքապետարանին, Կողբի և Նոյեմբերյանի մարզադպրոցների ղեկավարությանը, ինչպես նաև մրցաշարի մասնակից 18 թիմերին:
Ներկայացնում ենք բոլոր խաղերի արդյունքները.
1/16 եզրափակիչ
Նոյեմբերյան (Հիմնական դպրոց)-Կողբի թիվ 2 դպրոց՝ 2-9
Զորական-Դեբեդավան՝ 1-4
1/8 եզրափակիչ
Պտղավան-Դովեղ՝ 2-7
Հաղթանակ-Կողբի թիվ 2 դպրոց՝ 3-6
Այգեհովիտ-Դեբեդավան՝ 4-2
Բագրատաշեն-Ներքին Կարմիր Աղբյուր՝ 4-2
Բերդավան-Կոթի՝ 6-3
Նիկարմ-Բաղանիս՝ 9-1
Կողբի թիվ 1 դպրոց-Այրում՝ 14-1
Նոյեմբերյան (Ավագ դպրոց)-Ոսկեվան՝ 2-1
1/4 եզրափակիչ
Դովեղ-Կողբի թիվ 2 դպրոց՝ 8-2
Բագրատաշեն-Այգեհովիտ՝ 3-3, 11 մ-ով՝ 3-4
Նիկարմ-Բերդավան՝ 2-1
Կողբի թիվ 1 դպրոց-Նոյեմբերյանի Ավագ դպրոց՝ 4-1
Կիսաեզրափակիչ
Դովեղ-Այգեհովիտ՝ 6-0
Նիկարմ-Կողբի թիվ 1 դպրոց՝ 5-1
Երրորդ տեղի համար խաղ
Կողբի թիվ 1 դպրոց-Այգեյհովիտ՝ 3-0
Եզրափակիչ
Դովեղ-Նիկարմ՝ 3-3, 11 մ-ով՝ 4-3
Նման մրցաշար կազմակերպելով՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հետապնդում էր երեք հիմնական նպատակ.
- մասսայականացնել աշխարհի ամենասիրված խաղը՝ ֆուտբոլը, Տավուշի մարզի սահմանային համայնքներում,
- փորձել նոր ֆուտբոլիստներով համալրել ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմը,
- 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության համար ընտրել ապագա ֆուտբոլիստների: Եկող՝ 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում «Դովեղը» ևս երկու թիմով՝ մինչև 14 և մինչև 15 տարեկանների, ցանկություն ունի մասնակցելու:
Առավել աչքի ընկած ֆուտբոլիստները կներառվեն ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմի կազմում և նրա հետ կմասնակցեն ուսումնամարզական հավաքներին, այդ թվում՝ կմեկնեն Վրաստան՝ մի քանի ընկերական խաղեր անցկացելու վրաց իրենց հասակակիցների հետ:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ
Լուսանկարում՝ «Նիկարմի» նախագահ Արմեն Խաչատրյանը մրցաշարի գավաթը հանձնում է «Դովեղի» ավագ Արմեն Հակոբյանին