Տեր-Պետրոսյանի հետ 1998-ին կապի միակ միջոցը Սերժ Սարգսյանն էր. Քոչարյան՝ «Կյանք և ազատություն»

2881

ՀՐԱՊԱՐԱԿ-ը ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ռուսերենով «Կյանք և ազատություն» գրքից նոր հատված, որը վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Երկրորդ մաս:

Առաջին մասը կարդալ այստեղ

Դեկտեմբերին հանկարծ հրավեր ստացա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից այդ երկիր այցելելու։ Ինձ դա զարմացրեց եւ մտահոգեց, ինչու պետք է նախագահը հրավիրի վարչապետին։ Սակայն այնքան էի կլանված աշխատանքով, որ այդ հարցի ուղղությամբ չմտածեցի ․․․ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնի դարձավ հրավերի պատճառը։ Շիրակն ուզում էր քննարկել ինձ հետ ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը։

Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում էր միջնորդական գործունեությանը եւ աջակցում ԵԱՀԿ փուլային պլանին։ Շիրակի խոսքերով, Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ստորագրել, սակայն հղում էր տալիս դժվարություններին․ «Ես շատ համառ վարչապետ ունեմ, որը ոչ մի կերպ չի համաձայնում։ Նա Ղարաբաղից է։ Փորձեք ինքներդ նրան համոզել»։

Շիրակը որոշել էր ուղիղ ինձ հետ խոսել, եւ հենց դա էլ եղել էր պատճառը, որ ես Ֆրանսիա հրավիրվեմ։ Նա անկեղծորեն պատմեց ողջ նախապատմությունը մեր հանդիպման առաջին իսկ րոպեներին։ Ես հասկացա, որ Շիրակի նպատակն է համոզել ինձ այն բանում, որ Ադրբեջանին տարածքների վերադարձը մինչեւ ԼՂ կարգավիճակի որոշումը միակ հնարավոր ելքն է։ «Դե ինչ ․․․»,- մտածեցի ես ու բացեցի Ֆրանսիայի նախագահի առաջ քարտերս։ Ես նրան ցույց տվեցի, թե ինչ կարող է նշանակել մեր անվտանգության համար հեռանալն այդ տարածքներից։ Արաքսին հարակից չորս շրջանների վերադարձը կնշանակեր շփման գծի ձգվածության ավելացում 22-220 կմ։ Շատ ավելի կավելանար շփման գծի ձգվածությունը եթե հանձնվեր Քելբաջարը, որտեղ մենք պահում ենք ընդամենը մի կիրճ՝ 3200 մետր բարձրությունից։ Ով կգնա նման ինքնասպան քայլի առողջ բանականությամբ, առանց ռեալ երաշխիքների։

Ինչպիսի ուժերով ենք մենք ապահովելու Ղարաբաղի անվտանգությունը։ Ես եւս մեկ անգամ կրկնեցի, որ այդ տարածքների հանդեպ մեր վերահսկողության իմաստը բացառապես ռազմական է եւ այնտեղից մենք կարող ենք հեռանալ, միայն եթե սպառնալիքի լիակատար բացակայություն լինի։

Նշեցի, որ հաշտությունը հիմնվում է ոչ թե խաղաղապահների, այլ ուժերի հավասարակշռման վրա, եւ հենց այդ տարածքներն են, որ հանդիսանում են կարեւոր բաղադրիչն այդ հավասարակշռության։ Իսկ հետո ես մի այսպիսի պարզ հարց տվեցի նրան․ «Պարոն նախագահ, իսկ դուք պատրա՞ստ եք այնտեղ զորք ուղարկել, որոնք կերաշխավորեն խաղաղությունը»։ Պատասխանը լռությունն էր։ Նման երաշխիքներ ոչ ոք տալ չէր կարող։ Ցույց տալով, թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ Արցախի համար «փուլային» պլանը, ես եւս մեկ կարեւոր փաստարկ ներկայացրի։

Բանակցությունները արդյունավետ կերպով կավարտվեն միայն այն ժամանակ, եթե ողջ պրոցեսի ընթացքում կողմերի մոտ պահպանվի այն շարունակելու մոտիվացիան։ Հենց որ մենք այդ տարածքները վերադարձնենք Ադրբեջանին, նա կկորցնի մոտիվացիան առհասարակ։ Ինչի շուրջ բանակցի կամ պայմանավորվի, եթե նա ստանում է այն, ինչ ուզում էր։ Եվ բացի այդ, մենք մեր ձեռքերով ստեղծում ենք գայթակղություն՝ օգտագործելով այդ տարածքները ուժով վերադարձնել ողջ Ղարաբաղը։ Դուք դա ուզում եք։ Զրուցակիցս կրկին ոչինչ չուներ պատասխանելու։ Այնպիսի տպավորություն ստացա, որ նման կոնտեքստով խոսակցություն Շիրակի հետ երբեք չի եղել եւ ես կարողացա նրան եւ ներկաներին հասցնել իմ տեսակետը՝ ստիպելով նրանց խնդրին նայել նոր, մինչ այդ իրենց համար անծանոթ տեսանկյունից։

Հանդիպման արդյունքը մտածվածի հակապատկերն էր։ Ոչ թե Շիրակն ինձ համոզեց, այլ ես կարողացա նրան ակնհայտ կերպով ցույց տալ, որ իրենց պլանը չի աշխատի, եւ այն պետք է հիմնովին փոխել։ Ես տրամաբանական եւ ծանրակշիռ փաստարկներ բերեցի, եւ դրանք բավական եղան, որպեսզի նրանք բոլորը սկսեն մտածել։ Ես էլ հասկացրեցի, որ բաց եմ քննարկումների համար եւ պատրաստ քննակելու լուծման ցանկացած տարբերակ, որը չի հարվածի Հայաստանի եւ Ղարաբաղի կենսական շահերից։ Երբ դուրս էի գալիս բանակցությունների սրահից, աչքիս զարնեց ֆրանսիական ԱԳՆ ներկայացուցչի այլայլված դեմքը, որը պատասխանատու էր ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար։

Նա ակնհայտորեն ծանր էր տանում։ Ինչ որ մի երկու ժամի պատճառով նրա բոլոր ջանքերն ի դերեւ ելան։ Ինձ համար այդ ուղեւորությունը շատ արդյունավետ էր։ Ժակ Շիրակը հասկացավ մեր դիրքորոումը եւ հետագայում բազում տարիներ օգնում էր բանակցություններում։

Շարունակելով առաջ մղել իր որոշումը՝ Տեր-Պետրոսյանը հունվարի 8-ին այն քննարկման դրեց Հայաստանի անվտանգության խորհրդում:

Մեկ անգամ չէ, որ այդ թեմայով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել, և նիստերն այն ժամանակ անցկացվում էին հենց Տեր-Պետրոսյանի աշխատասենյակում: Նախագահական վարչակազմի մեծ շենքի սրահների մի մասը, որոնք հարմար էին այդպիսի նիստերի համար, բարձիթողի վիճակում էր, ուստի ուստի չէր օգտագործվում. հանդիպումների մեծ մասը Տեր-Պետրոսյանն անցկացնում էր իր մոտ:

Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված էին Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամներ և Հայոց համազգային շարժման առանցքային դեմքերը՝ հավանաբար, ղարաբաղյան խմբակցությանը հակակշռելու համար: Ընդհանուր առմամբ տասնհինգ մարդ էր հավաքվել:

Ամեն անգամ Արցախի ճակատագրի շուրջ վեճերն ավելի ու ավելի թեժ էին դառնում, և այդ օրն էլ քննարկման տոնը հենց սկզբից բնավ հանդարտ չէր: Իրավիճակը ծայրահեղ լուրջ էր: Տեր-Պետրոսյանի որոշման պատճառով մենք կարող էինք կորցնել այն ամենը, ինչի համար Ղարաբաղում պայքարում էինք արդեն մի քանի տարի:

Ես, իհարկե, լարված էի ու չափից դուրս կտրուկ: Ինձ և իմ գաղափարակիցների համար Ղարաբաղը դարձել էր կյանքի գործ, իսկ նիստի բազմաթիվ ներկաների համար պարզապես ձանձրացրած գլխացավանք էր: Եվ ինչո՞ւ հիմա այդ մարդիկ պիտի որոշեն Ղարաբաղի ճակատագիրը: Ես երևի չափից դուրս կոպիտ էի ընդհատում նրանց՝ առաջարկելով չխցկվել մի խնդրի մեջ, որը չեն հասկանում ու չեն զգում: Բախման չէի գնում, պարզապես թեման այնքան ցավոտ էր ինձ համար, որ դրա մասին հանգիստ խոսել չէի կարող:

Այդ թեժ քննարկումների ընթացքում ինձ ակտիվորեն պաշտպանում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և, իհարկե, Ղարաբաղի ղեկավարությունը: Տեսնում էի, թե որքան բարդ էր Վազգենի համար առաջին անգամ հակաճառել մի մարդու, որի առաջնորդ լինելը տարիներ շարունակ ընդունել էր առանց առարկության, ինչպիսի ներքին ջանքեր էին պահանջվում նրանից, որ հաղթահարի Տեր-Պետրոսյանի խարիզմայի ազդեցությունը:

Բնավորությամբ շատ զգացմունքային և աշխարհընկալմամբ խորապես ազգային Վազգեն Սարգսյանը սրտին այնքան մոտ էր ընդունում Ղարաբաղի շահը, որ նրան այլընտրանք չէր մնում: Ինչ-որ իմաստով ինձ համար ավելի հեշտ էր. ինձ Տեր-Պետրոսյանի հետ չէր կապում անձնական ընկերությունը: Ես ապրում էի Ղարաբաղում, նա՝ Հայաստանում, մենք հանդիպում էինք միայն կարևոր հարցեր լուծելու համար: Հարգանքով էինք վերաբերվում իրար, համագործակցում՝ ինչպես հավասարը հավասարի հետ: Ինձ համար նա միշտ գործընկեր էր մնում, բայց ոչ պետ, առավել ևս՝ կուռք:

Անվտանգության խորհրդի այդ նիստն այդ օրերի առանցքային իրադարձությունը դարձավ, հստակություն մտցրեց ստեղծված իրավիճակում: Ակնհայտ էր, որ նախագահը չի հրաժարվի իր մտադրությունից, ու որ մենք նրան չենք աջակցի:

Անվտանգության խորհրդի նիստը վերջնականապես մեզ բաժանեց տարբեր ճամբարների՝ փշրելով դիրքորոշումների մոտեցման հնարավորության վերջին պատրանքները: Բախումը տեղափոխվեց բաց փուլ:

Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ առաջին անգամ հրապարակավ հայտարարեց նախագահի դիրքորոշմանը իր կտրուկ անհամաձայնության մասին: Սարգսյանը հանդես եկավ շատ զգացմունքային, բայց միևնույն ժամանակ բովանդակալից ելույթով: Ասում էր, որ «մենք չենք կարող գնալ այդ քայլին», խոսում էր զայրացած ու կրքոտ, ու ես տեսնում էի, որ շատ է ցավում տեղի ունեցողի համար:

Ներքաղաքական ճգնաժամն ակնհայտ էր: Վարչապետը, պաշտպանության նախարարն ու ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը դեմ արտահայտվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ ստորագրելու նախագահի մտադրությանը:

Տեր-Պետրոսյանը, որ շատ իշխանատենչ մարդ էր,- պետք է արժանին մատուցել,- երբեք չէր միջամտում միկրոմենեջմենթին՝ իրեն դրանից վեր դասելով, բայց եթե մեծ հարցերով որոշում էր կայացնում, երբեք չէր փոխում որոշումը: Ամբողջ երկիրը քարացել էր՝ սպասելով հանգուցալուծմանը: Դա կարող էր կա՛մ նախագահի հետ համաձայնության չեկածների հրաժարականը լինել, կա՛մ  հենց նախագահի հեռանալը: Քայլը նրանն էր:

Տեր-Պետրոսյանի համար ծայրահեղ բարդ իրավիճակ էր ստեղծվել:

Նման ներքաղաքական ճգնաժամի պայմաններում Մինսկի խմբի ծրագրի իրագործման գնալ նա չէր կարող. թեման չափազանց զգայուն էր, պետք էր ներքին լայն համախմբում:

Պաշտոնանկ անել վարչապետին և ուժայինների՞ն: Չափազանց ռիսկային էր: Այդ ժամանակ ես արդեն ամբողջովին վերահսկում էի գործադիր իշխանությունը: Բացի դրանից՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը «Երկրապահի»՝ պատերազմից անմիջապես հետո ստեղծված վետերանների շարժման անվիճելի առաջնորդն էր: «Երկրապահն» այն ժամանակ բավական ծանրակշիռ ուժ էր: Պատերազմը նոր էր ավարտվել, և վետերանների կազմակերպությունը, որը, ի դեպ,բավական կառուցիկ մարմին էր, ահռելի ազդեցություն ուներ, այդ թվում և ընտրական գործընթացների վրա:

Ղարաբաղի ղեկավարությունը նույնպես չէր աջակցում Տեր-Պետրոսյանին:

Պետք է հասկանալ, որ այս իրադարձությունները ծավալվում էին 1996 թվականի խնդրահարույց ընտրություններից հետո, և դրանից հետո սկիզբ առած զանգվածային դժգոհությունն այն ժամանակ հարթվեց իմ Հայաստան տեղափոխվելով: Բայց նախագահի սուր հակասությունը քաղաքական ընդդիմախոսների հետ պահպանվել էր, և մեր՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը կհանգեցներ հենց Տեր-Պետրոսյանի անխուսափելի հրաժարականին:

Այն ժամանակ բոլորս ապրում էինք կառավարական ամառանոցներում: Այնտեղ սքանչելի ծառուղիներ կային, ու երեկոյան՝ աշխատանքից հետո, հաճախ դուրս էինք գալիս զբոսնելու և զրուցելու: Հիմա մեր զրույցների հիմնական թեման Ղարաբաղի խնդրի շուրջ տարաձայնություններն էին Տեր-Պետրոսյանի հետ: Այդ ժամանակ իմ շփումը նախագահի հետ արդեն լրիվ դադարել էր: Նրա հետ վերջին հանդիպումը միայն սրեց փոխադարձ դժգոհությունները:

Այն ժամանակ ես նրան ասացի. -Լևո՛ն, ես ոչ մի դեպքում չեմ գնա նրան, ինչ առաջարկում ես: Հակառակը, ամբողջ ուժով կհակազդեմ դրան: Ես Ղարաբաղում վերընտրվել եմ նախագահ և ընտրություններից ընդամենը երեք ամիս անց եկել եմ այստեղ՝ բացառապես քո խնդրանքով: Դու կարող ես պաշտոնանկ անել ինձ. թեկուզ հենց հիմա հրամանագիր ստորագրիր, ու ես կհեռանամ: Բայց ինքս դիմում չեմ գրի: Իսկ Սահմանադրությունը քեզ թույլ չի տալիս նախարարներին հեռացնել առանց ինձ:

Ինչպես Վազգենը պատմեց՝ ինքն էլ նախագահի հետ նմանատիպ խոսակցություն էր ունեցել:

Դրանից հետո Տեր-Պետրոսյանի հետ կապի միակ ալիքը Սերժ Սարգսյանն էր. նրա միջոցով նախագահին էինք փոխանցում մեր հարցերն ու առաջարկները:

Պահպանվել էր շփումը նաև Բաբկեն Արարքցյանի հետ, որի հետ հատուկ ջերմ հարաբերություններ էին հաստատվել: Նա անկեղծորեն ցավում էր տեղի ունեցող իրադարձությունների համար և փորձում էր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ հարթել, բայց՝ ապարդյուն:

Իսկ այդ ընթացքում երկիրն անհանգիստ սպասման մեջ էր: Ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը՝ խաղա՞ղ, թե՞ բախումն անխուսափելի է: Ո՞վ հաղթող դուրս կգա, և ի՞նչ հետևանքների կհանգեցնի դա: Օդում կախված անորոշությունը, իշխանության հնարավոր վերաբաժանման կանխազգացումն ազդում էր ամեն ինչի վրա՝ պետական ապարատի աշխատանքից մինչև հանցավորության մակարդակ: Բոլորը հասկանում էին, որ պետք է շտապ շտկել իրավիճակը:

Հունվարի վերջին մենք Տեր-Պետրոսյանից անսպասելի առաջարկ ստացանք: Նա իր մոտ հրավիրեց Սերժ Սարգսյանին ու ասաց. «Տեսնում եմ՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Լավ: Ինքներդ որոշեք: Փոխանցիր Ռոբերտին ու Վազգենին, որ ես կարող եմ ֆորմալ նախագահ մնալ ու ոչնչի չմիջամտել, «անգլիական թագուհու» պես: Արեք՝ ինչ ճիշտ եք համարում, կնայենք՝ դրանից ինչ դուրս կգա: Թող պատմությունը դատի՝ մեզնից ով էր ճիշտ»:

Ես կտրականապես դեմ արտահայտվեցի այդ տարբերակին: Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները չափազանց մեծ էին՝ ի տարբերություն անգլիական թագուհու: Բացի դրանից՝ բոլորը գիտեին, որ Տեր-Պետրոսյանը պարտվել չի սիրումու երբեք չի մոռանում վիրավորանքը: