Մարիխուանայի դրախտ կամ՝ ծխել կարելի է, բայց զգուշորեն. Վրաստանը 2018-ին, Անալիտիկոն

822

Վերջին նախագահը

ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, Ստեփանակերտ

 

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

 

 

Այս տարվա կարևորագույն քաղաքական իրադարձությունը Վրաստանում, թերևս, նախագահական ընտրություններն էին։ Ընտրվածը վերջին նախագահն էր, ում երկրի քաղաքացիներն ընտրում են ուղիղ քվեարկության միջոցով։

Իրադարձությունը, որին այսչափ սպասում և որի մասին այսքան շատ գրում և խոսում էին, վերջապես տեղի ունեցավ։ Անկախ Վրաստանի հինգերորդ նախագահն առաջին անգամ կին է՝ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սակայն դեկտեմբերի 16-ին՝ նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, ուժի մեջ են մտնելու երկրի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, որոնց համաձայն պետության ղեկավարի իրավասությունները լրջորեն կսահմանափակվեն։ Զուրաբիշվիլին մնալու է գերագույն գլխավոր հրամանատար, պահպանելու է ազատազրկվածներին ներում շնորհելու, խորհրդարանի ընդունած օրինագծերի նկատմամբ վետո կիրառելու և հանրաքվեներ նշանակելու իրավունքը, բայց բոլոր որոշումներն այսուհետ նա ստիպված կլինի համաձայնեցնել կառավարության հետ։Բացի դրանից լուծարվում է նախագահի Պահուստային հիմնադրամը, 40%-ով նվազում է նրա վարչակազմի ֆինանսավորումը, իսկ վարչակազմի 140 աշխատակիցներից նախագահին թողնվելու է միայն 60 հոգի։

Ընդ որում, այս տարվա գարնանը Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններն անդրադարձել են ոչ միայն նախագահի լիազորություններին։ Այսպես,  փոխվում է խորհրդարանական մանդատների բաշխման կարգը. բոլոր 150 մանդատները բաշխվելու են ընտրողների ձայները համամասնորեն ստացած կուսակցությունների միջև։ 2020թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թույլատրվելու է ձևավորել նախընտրական բլոկներ, իսկ անցումային շեմն իջեցվելու է 3%-ի։

Փոփոխություններ է կրել նաև Վրաստանի քաղաքացիությունից զրկելու կարգը. 2020թ. դեկտեմբերի 31-ից որևիցե դեպքում արգելվելու է զրկել մարդկանց Վրաստանի քաղաքացիությունից։

Բայց վերադառնանք նախագահի ընտրություններին։ Ի հեճուկս հնարավորինս շատ կրճատված վերջին «ժողովրդական» նախագահի լիազորությունների՝ ընտրությունները վերածվել են նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլու «Միացյալ ազգային շարժում» և ներկայիս վրացի իշխանությունների հոգեհայր և «գորշ կարդինալ»՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցությունների միջև կոշտ դիմակայության ասպարեզի։

Իվանիշվիլին առանձնապես չէր թաքցնում իր «անկախ» թեկնածուին առաջ տանելու մտադրությունը։ Նախընտրական հարցազրույցներում նա փորձում էր բացատրել ընտրողներին, թե ինչու «սկզբունքորեն անհրաժեշտ է» թույլ չտալ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուին նախագահ դառնալ։ Զուրաբիշվիլու ընտրարշավը երկրորդ փուլին ընդառաջ նույնպես անցել է «սկզբունքային ընտրություն»  կարգախոսի ներքո։ Իվանիշվիլին այնքան էր տոգորվել «սկզբունքով», որ երկրորդ փուլում  «անկախ» թեկնածու Զուրաբիշվիլու քարոզչական պաստառներում հայտնվել են ինչպես իր, այնպես էլ վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի լուսանկաները։

Ցավոք, ողջ ընտրարշավն ընթացել է ոչ այնքան սեփական թեկնածուին սատարելու, որքան քաղաքական մրցակցի դեմ քվեարկելու կարգախոսների ներքո։ Միջազգայի դիտորդները նրբանկատորեն գնահատել են անցած ընտրությունները որպես ազատ, բայց անարդար։

Երկրորդ փուլից օրեր առաջ իշխանություններն ուրախացրել են ավելի քան կես միլիոն ընտրողների, հայտարարելով, որ պատրաստ են  «զրոյացնել» նրանց բանկային պարտքերը, որոնց հանրագումարը կազմում էր ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար, թեև անմիջապես հավելել են, որ պարտքերի մարման սպասարկումը հանձն է առնելու բարեգործական «Քարտու» հիմնադրամը, որի սեփականատերը նույն Բիձինա Իվանիշվիլին է։

Ընդդիմությունը և ոչ կառավարական կազմակերպությունների մեծամասնությունը այս առատաձեռն քայլը գնահատել են որպես ընտրողներին բացահայտ կերպով կաշառելու փորձ։ Ընդ որում, Իվանիշվիլին մինչ այդ՝ 2012թ. նույնպես խոստացել է լուծել բանկերին պարտքեր ունեցող քաղաքացիների խնդիրները, բայց իր խոստման տերը չի եղել։

Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչելու նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Զուրաբիշվիլու մրցակից Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել «օրենքով և սահմանադրական ճանապարհով վերջ դնել ներկայիս քրեական իշխանությունը», թեև չի բացատրել, թե ինչպես է դա անելու։ Իսկ Սաակաշվիլին սկայպով խոստացել է, թե «հենց ինձ կանչեք, ես ֆիզիկապես կհայտնվեմ ձեր կողքին»։ Հանուն արդարության պետք է նշել, որ մինչ օրս Սաակաշվիլուն ուղղված նման հրավեր չի հնչել։

Այնուամենայնիվ, ինչու՞ սահմանափակ լիազորություններով նախագահի ընտրություններն այսչափ կարևոր են եղել նրա քաղաքական հակառակորդների համար։ Երևի այն պատճառով, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն արդեն սկսել են պայքարը ապագա խորհրդարանի մանդատների համար։ Անհավանական չէ, որ արտահերթ խորհրադարանական ընտրությունների անցկացման գաղափարը կարող է իրականություն դառնալ նաև իշխանությունների ջանքերով։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արագորեն կորցնում է ժողովրդականությունը, երկրի տնտեսությունը գտնվում է անհասկանալիորեն առկախ վիճակում, իսկ գործազրկության մակարդակը չի նվազում։ Այսպիսի իրավիճակում միլիարդատեր Իվանիշվիլուն դժվար կլինի պահպանել երբեմնի ազդեցիկ քաղաքական կշիռը անգամ իր ունեցած ֆինանսական կարողության ֆոնին։ Մինչդեռ արտահերթ ընտրություններն Իվանիշվիլու թիմի համար կարող են իշխանություն պահպանելու միջոց դիտվել։

Սպանություն և սպանություն

Ողջ տարվա ընթացքում Վրաստանն ալեկոծվում էր երկու աղմկահարույց սպանությունների պատճառով։ Փետրվարի 22-ին Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության Ախալգորի շրջանում սպանվել է Արչիլ Թաթունաշվիլին։ Նրա մարմինը վրացական կողմին է փոխանցվել մեկ ամիս ուշացմամբ։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել է հարյուրից ավելի վնասվածք։

Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թաթունաշվիլու սպանության մասով ընդունել է Ռուսաստանի դեմ վրացական կողմի հայցը։ Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «կտտանքների արգելման», «ազատության և անձնական անձեռնմխելիության» իրավունքի խախտման մեջ։

Երկու դպրոցականների՝ Դավիթ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլու դաժան սպանությունն անցած տարվա վերջում ցնցել է ողջ Վրաստանը։ Կես տարի անց սույն գործով դատարանը դատավճիռ է հրապարակել, որի համաձայն սպանության մեղավոր է ճանաչվել մի դեռահաս, իսկ մյուսը դատապարտվել է միայն Սարալիձեի սպանության փորձի համար։ Դատարանի այս որոշումից հետո մայիսի վերջին օրը Թբիլիսին ցնցվել է բողոքի զանգվածային գործողություններից։ Զոհված աշակերտի հայր Զազա Սարալիձեն հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները փորձում են կոծկել իր որդու սպանության գործը և նրան սպանողին ազատել քրեական պատասխանատվությունից, քանի որ հանցագործը դատախազությունում ազգականներ ունի։ Որոշ ժամանակ անց հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի գլխավոր դատախազը։

Երեք ամիս անց, երբ խորհրադարանական հանձնաժողովն ու ոստիկանությունը հանրությանը չներկայացրին հետաքննության արդյունքները, Զազա Սարալիձեն վերսկսեց բողոքի գործողությունները, որոնց միացավ նաև Մալխաս Մաճալիկաշվիլին՝ 2017 թվականի դեկտեմբերին հատուկ գործողության ժամանակ սպանված Թեմիրլան Մաճալիկաշվիլու հայրը։

Հունիսի սկզբներին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին փորձել է զրուցել ցուցարարների հետ, բայց նրա ուղղությամբ շշեր են շպրտվել։ Հունիսի 13-ին վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին՝ բացատրելով դա իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ իր ունեցած տարաձայնություններով։

Սարալիձե-Մաճալիկաշվիլի բողոքի գործողությունը խորհրդարանի մուտքի մոտ շարունակվում է մինչ այսօր։ Բողոքավորների վրանները զբաղեցնում են տոնական եղևնու տեղը, ուստի, ամենայն հավանականությամբ, այս տարի այն չի դրվելու։

Մարիխուանայի դրախտ կամ՝ ծխել կարելի է, բայց զգուշորեն

Վրաստանում մարիխուանայի օրինականացումը բավական երկար ժամանակ օդում կախված նախաձեռնություն էր, որին ակտիվորեն սատարում էր անգամ քաղաքական «Գիրչի» կուսակցությունը։ Նրա ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Զուրաբ Ջափարիձեն մինչև իսկ կարողացել է Թբիլիսիում «մարիխուանայի փառատոն» կազմակերպել։

2016թ․ սեպտեմբերին Վրաստանում մեղմացրել են մարիխուանայի ձեռքբերման և պահման համար նախատեսված պատիժը, իսկ 2017թ․ դեկտեմբերին վերացրել են դրա օգտագործման համար սահմանված քրեական հետապնդումը՝ հայտարարելով այն «մարդու անհատական ազատության բաղկացուցիչ»։ Ընդ որում՝ թմրադեղի այս տեսակի վաճառքը դեռևս քրեորեն հետապնդելի է։

Սույն թվականի ամռանը վերացվել են վերջին վարչական տուգանքները, որոնք նախատեսված էին 500 լարիին համապատասխան չափով (մոտավորապես՝ 200 դոլար) մարիխուանա օգտագործելու համար։ Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցությունից ստացված հայցը և հակասահմանադրական է ճանաչել առանց դեղատոմսի մարիխուանա օգտագործելու համար տուգանքները։ Այսպիսով, այս թմրամիջոց ծխելը դարձել է լիովին օրինական։

Մարիխուանայի հարցով հետաքրքրվել է անգամ կառավարությունը, որն այս տարվա սեպտեմբերին նախաձեռնել է կանեփի մշակման մասին  օրինագիծը՝ այն երկրից դուրս արտահանել կարողանալու նպատակով։ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին սատարել է այդ գաղափարին, հայտարարելով, որ երկիրն այդպիսի արտահանումից կարող է տարեկան մեկ միլիարդ դոլար վաստակել։

Սակայն կանեփի բիզնեսի դեմ է արտահայտվել եկեղեցին, և արդեն հոկտեմբերի սկզբներին խորհրդարանը հիշյալ օրինագծի քննարկումը հետաձգեց երկու ամսով։

Ոստիկանությունը նույնպես անտարբեր չի մնացել և առաջարկել է պայքարել մարիխուանայի քարոզչության դեմ, որի արդյունքում ընդունվել է օրենսդրական փոփոխությունների վերջնական փաթեթը, որը խստորեն սահմանափակում է մարիխուանայի օգտագործումը։ Այդ պահից ի վեր պատժելի է ոչ միայն մարիխուանայի օգտագործումը հասարակական վայրերում, այլև նրա քարոզչությունն ու գովազդը։ Այսուհանդերձ՝ ծանոթ «բույրը» բավական հաճախ կարելի է զգալ երկրի բոլոր քաղաքների փողոցներում…

Կարելի է եզրակացնել, որ գալիք Խոզի տարին լինելու է քաղաքականապես ավելի հագեցած. Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, որոնք շատ կարևոր են թե՛ իշխանությունների, և թե՛ ընդդիմության համար։