ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2018-ին

2041

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերի 31-ին, գործունեությունը սկսել 2015-ի հունվարին:

Անցնող՝ 2018-ի ընթացքում, շնորհիվ մեր բարեկամների նվիրատվությունների, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ինչպես նաև կենտրոնի հրատարակած գրքերի վաճառքից ստացված եկամուտի, ԱՆԻ կենտրոնը`իր երկու աշխատողներով (Թաթուլ Հակոբյան, Արմենուհի Մանուկյան), հնարավորություն ունեցավ իրականացնել հետևյալ ձեռնարկները․

Մարտին Արցախի ժուռնալիստների միության և Հայաստանի գրողների միության հետ Երևանում կազմակերպեց լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Մեկշաբաթյա ցուցահանդեսը տեղի ունեցավ Գրողների միության շենքում:

Ապրիլին կենտրոնը հրատարակեց 8 տարի խորհրդային կալանավայրերում անցկացրած Վարդան Հարությունյանի նոր գիրքը՝ «Քաղբանտարկյալի պատմություն»:

Մայիսին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում կազմակերպեց «Քաղբանտարկյալի պատմություն» գրքի շնորհանդեսը: Նույն ամսին նույն պատկերասրահում կենտրոնը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով ներկայացրեց իր վերջին հրատարակություններից՝ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» հատորները:

Հուլիսին ԱՆԻ կենտրոնը 400 օրինակ տպաքանակով հրատարակեց Հայաստանի երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը:

Օգոստոսին կենտրոնը 300 օրինակ տպաքանակով հրատարակեց Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Երկեր»-ը:

Օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 8-ը ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը այցելեց ԱՄՆ-ի և Կանադայի մեկ տասնյակ քաղաքներ, որտեղ դասախոսություններ կարդաց 2018-ի Հայաստանի ապրիլյան Թավշյա հեղափոխության մասին, ինչպես նաև ներկայացրեց կենտրոնի հրատարակությունները:

Դեկտեմբերին Բեյրութում տեղի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը և ԱՆԻ-ին կազմակերպել էին ձեռնարկ, որի ընթացքում կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Խատիսյանի և Քաջազնունու գրքերը: Այցի ընթացքում Հակոբյանը տեղի ԱՐԱՐԱՏ օրաթերթի հետ համատեղ կազմակերպված ձեռնարկի ընթացքում դասախոսություն է կարդացել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Տարվա ընթացքում ԱՆԻ-ի կայքում տեղ են գտել բազմաթիվ հայագիտական, պատմական և լրագրողական հոդվածներ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

28 դեկտեմբեր, 2018 թվական

Կարդալ նաև՝ 

ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2016-ին