Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, գրում է Սպուտնիկ Արմենիան։
«Ճիշտ է (շնորհավորել է), … (նամակում) Նոր տարվա շնորհավորանք էր և լավագույն մաղթանքներ», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինին ու Քոչարյանին երկար տարիների բարի հարաբերություններ են կապում, «որոնք Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձությունների ազդեցության չեն ենթարկվում»։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այսօր հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն եւ տոկություն է մաղթել»,– նշված էր հայտարարության մեջ։
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 17-ին։