Աքրամ Այլիսլիի գրական ոդիսականը՝ ամերիկացի գրողի հայացքով
Ամերիկացի գրող, տարբեր մրցանակների դափնեկիր Քեթրին Յանգը (Katherine E. Young) ռուսերենից թարգմանել է ադբրեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ», «Եմեն» եւ «Երթեւեկության ֆանտաստիկ խցանում» վեպերը։ Wordswithoutborders կայքում Յանգը հոդված է գրել Այլիսլիի մասին, որը փափագում է տեսնել հայ և ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցումը։
2004 թ. հունվարին 26-ամյա ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը մեկնել էր Հունգարիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Բուդապեշտում նա հանդիպում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Պարզ չէ՝ որքանով էին նրանք հասցրել ծանոթանալ միմյանց հետ, սակայն 2004 թ. փետրվարին Սաֆարովը կացնով սպանում է անկողնում քնած Մարգարյանին։ Թեեւ Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտում է ցմահ ազատազրկման, 2012 թվականին վերջինս արտահանձնվում է Ադրբեջանին, որտեղ նրան դիմավորում են որպես հերոսի ու անմիջապես ներում շնորհում։
Սաֆարովի հանդեպ Ադրբեջանի պաշտոնական վերաբերմունքը գործողության է մղում Աքրամ Այլիսլիին՝ Ադրբեջանի ամենահայտնի գրողներից մեկին, երկրի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ Սաֆարովի վերադարձից մի քանի ամիս անց Այլիսլին «Դրուժբա նարոդով» գրական հանդեսի վերջին համարում հրապարակեց իր «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Հինգ տարի առաջ գրված «Քարե երազները» պատմում է բարեկամության, դավաճանության, էթնիկ զտումների եւ հայոց ցեղասպանության քիչ հայտնի մի դրվագի մասին, որի ականատեսն է անձամբ եղել գրողի մայրը՝ հեղինակի ծննդավայր Այլիսի՝ (Այլիսլի-Ագուլիս բառի թուրքական տարբերակն է – ՍիվիլՆեթ) իր տանը, քաղաք, որտեղ հայերն ու ադրբեջանցիները խոր արմատներ ունեն:
Գրքի հրատարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրողին դավաճան են անվանել, Բաքվում պարբերաբար կազմակերպվում են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում այրվում են Այլիսլիի լուսանկարներն ու գրքերը: Անցյալ շաբաթ նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Աքրամ Այլիսլիին «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից զրկելու մասին՝ այս որոշումը հիմնավորելով նրանով, որ գրողն իր վերջին ստեղծագործությունում «խեղաթյուրել է Ադրբեջանի պատմության հետ կապված փաստերը»:
Թեեւ «Քարե երազները» երբեք չի տպագրվել ադրբեջաներեն, վեպի ռուսերեն հրատարակությունը կարծես ռումբ պայթեցրեց Այլիսլիի հայրենիքում: Գրքի հրատարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրողին դավաճան անվանեցին, Բաքվում այրվեցին Այլիսլիի լուսանկարներն ու գրքերը։ Գրողը ստիպված էր հետեւել տան լուսամուտների տակ պտտվող իր խորհրդանշական դագաղին։ 13 000 դոլար պարգև խոստացվեց նրան, ով կբերեր Այլիսլիի կտրած ականջը (Միջազգային ճնշման տակ այն չեղյալ հայտարարվեց), իսկ նրա կինը եւ որդին ազատվեցին աշխատանքից: 2014թ. հասարակական մի շարք անվանի գործիչներ առաջարկեցին Աքրամ Այլիսլիին առաջադրել որպես 2014թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու: Առ այսօր Այլիսլին շարունակում է ապրել Բաքվում՝ չսահմանված տնային կալանքի տակ:
Ինչպես «Եմեն» եւ «Երթեւեկության ֆանտաստիկ խցանում» մյուս երկու վեպերը, որոնց հետ միասին «Քարե երազները» կազմում է եռագրություն, գիրքը 1991-ին ընդմիշտ անհետացած քաղաքակրթության զարմանահրաշ մշակութային արվեստի նմուշ է: Վեպը սկզբնապես գրված էր ադրբեջաներենով՝ 1937-ին ծնված բնիկ ադրբեջանցի մահմեդականի կողմից, հնագույն հայկական քաղաքում Ստալինի բռնաճնշումների ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր:
«Երթեւեկության ֆանտաստիկ խցանում» գիրքը պատմում է կոռուպցիայի, ավտորիտարիզմի եւ հոգեւոր հուսահատության մասին՝ համեմված անսպասելի հումորով եւ կախարդական ռեալիզմով, մի մտացածին նավթային հարուստ երկրում, որը ավելի քան հիշեցնում է ժամանակակից Ադրբեջանը:
Այլիսլիի գրքերը մեծամասամբ Կովկասյան տարածաշրջանի՝ հատկապես Ադրբեջանին եւ Հայաստանին վերաբերող թեմաների շուրջ են, նա շատ առումներով ներկայացնում է իդեալական «խորհրդային» գրողին՝ բազմազգ եւ բազմալեզու, ուժեղ ռուսական կողմնորոշմամբ: Նրա գործերը հետաքրքիր հարցեր են առաջ քաշում այն մասին, թե որն է «տունը» նրա նման գրողների համար։
Այս ամբողջ բազմալեզվությունը եւ բազմամշակութայնությունը առեղծված են հրատարակիչների եւ գրախանութների համար. Արդյոք գիրքը դասակարգվում է որպես ադրբեջանակա՞ն գրականություն, թե որպես հետխորհրդային ռուսական գրականություն: Արդյո՞ք այն դասվում է Կովկասի մասին գրքերի շարքին։ Թուրքախոս աշխարհի՞ն: Հայկական սփյուռքի՞ն (Հայաստանում «Քարե երազանքները» շարունակում է մնալ բեսթսելեր՝ հայերեն չարտոնված թարգմանություններով):
Արդյոք պե՞տք է այն ներկայացնել որպես մարդու իրավունքների մասին պատմվածք, քաղաքական պատմվածք, թե պատմավեպ։ Եվ ինչը թերեւս առավել հրատապ է՝ որն է այս գրքի անգլալեզու լսարանը:
Այս վերջին հարցի պատասխանն ամենադյուրինն է՝ ցանկացած ոք, ով սիրում է լավ գրականություն:
Ցավոք, հավանական չէ, որ Այլիսլիի գրական եւ հոգեւոր թափառումները նրան ապահով կերպով իր հանգրվան Իթակե կհասցնեն։ Այլիսիլին այս եռագրության վերջաբանում հղում է անում իր հայրենի Այլիս քաղաքին, որն այս վեպերում հեղինակի համար ծառայում է որպես ներշնչանք և բարոյական փորձաքար։ Դիմելով իր հայրենի քաղաքին, որի դեմքն այժմ աղճատվել է ցեղասպանության եւ էթնիկ զտումների հետևանքով, նա ասում է.
«Մնաս բարով, Այլիս։ Մի՛ կանչիր ինձ, այլևս չեմ վերադառնա»: Ինքը՝ Այլիսլին, կարծես հաշտվել է իր վիճակի հետ, և նույնիսկ զգույշ լավատեսությամբ է վերաբերվում հայերի եւ ադրբեջանցիների ապագա հաշտեցմանը: Նա գրում է․
Լինում են կյանքի դրվագներ, որոնք բազմաթիվ կյանքեր արժեն: Կյանքիս այս դրվագում ես ոմանց համար եղել եմ հերոս, ոմանց համար՝ դավաճան: Ինքս էլ ոչ մի րոպե չեմ կասկածել, որ ո՛չ հերոս եմ, ո՛չ՝ դավաճան, այլ հասարակ գրող և մարդասեր, որն ունակ է կարեկցել ուրիշներին:
Ես կորցրի քունս ու բարեկեցությունս հանուն երկու ժողովուրդների մերձեցմանը միտված փոքր քայլի, ժողովուրդների, որոնք կապված են ոչ միայն աշխարհագրորեն, այլև բազմադարյա պատմական ճակատագրով։
Եվ չունեմ ավելի նվիրական երազանք, քան նրանց կրկին միասին տեսնելը: Եվ ես շատ եմ ուզում ապրել մինչև այդ լուսավոր օրը»։
Ակնարկ
81-ամյա արձակագիր Աքրամ Այլիսլիին Ադրբեջանում սկսել են հետապնդել այն բանից հետո, երբ 2013թ. «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում հրապարակվեց նրա «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Գիրքը համարձակ պատմություն է հեղինակի ծննդավայր Այլիսի՝ հայկական Ագուլիսի մասին: Գրքի գլխավոր հերոսները Բաքվում բնակվող ագուլիսցի ադրբեջանցիներ են, դեպքերը կատարվում են 1980-ականների վերջերին, երբ Սումգայիթում և Բաքվում տեղի էին ունենում հայկական ջարդերը:
Իլհամ Ալիևը հրամայել է զրկել Աքրամ Այլիսլիին «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ գրողն իր վերջին ստեղծագործությունում «խեղաթյուրել է Ադրբեջանի պատմության հետ կապված փաստերը»: Վեպը քննարկման էր դրվել նաև Ադրբեջանի խորհրդարանում:
Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում Այլիսլին ասել էր, որ «չի զղջում վեպը գրելու համար և դրանով ոչ թե նվաստացրել, այլ վեհացրել է իր ժողովրդին»:
Մեկ այլ հարցազրույցում Այլիսլին պատմել էր, որ «մանկուց միայն լավն է լսել հայերի մասին»:
Զառա Պողոսյան