Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հատված իշխանական Հայոց Համազգային շարժում կուսակցության 7-րդ համագումարում, 23 դեկտեմբեր, 1995թ.
Ղարաբաղի խնդրից հետո ազգային միտքը հուզող երկրորդ կարեւոր հարցը Հայաստան – Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակն է:
Հայաստանի եւ Սփյուռքի ընդդիմադիր մամուլում հարցը ներկայացվում է այնպես, թե իբր այդ հարաբերություններում առկա է խոր ճգնաժամ, թե իբր Հայաստանի իշխանությունները Սփյուռքի նկատմամբ կիրառում են խտրական, պառակտողական քաղաքականություն, ավելին՝ նույնիսկ վերարծարծվում է արեւելահայ – արեւմտահայ ժամանակավրեպ հակադրությունը (որ ընդհանրապես ծիծաղելի է, եթե նկատի ունենանք, որ Արեւելահայաստանը նախագահ է ընտրել արեւմտահայի):
Խորին գոհունակությամբ պետք է հայտարարեմ, որ, բարեբախտաբար, սա խաբուսիկ տպավորություն է, որն ստեղծվում է որոշ ուժերի կողմից բացառապես քաղաքական շահարկումների նկատառումով, իսկ եզակի դեպքերում՝ զուտ հոգեբանական բարդույթներով:
Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ իրականում ոչ միայն որեւէ լուրջ հակասություն գոյություն չունի, այլեւ նրանց հարաբերությունները երբեք այնքան սերտ, ջերմ ու գործնական չեն եղել, քան այսօր: Անկախ Հայաստանն առաջին իսկ օրից Սփյուռքում փնտրեց իր զորացման լրացուցիչ մտավոր, քաղաքական եւ նյութական կարողություններ, եւ բոլոր այդ բնագավառներում արձանագրեց համագործակցության՝ եթե ոչ դեռեւս լիովին բավարար, բայց միանգամայն արդյունավետ իրողություններ, իսկ Սփյուռքն իր հիմնական զանգվածով եւ համարյա բոլոր ծանրակշիռ կառույցներով ձգտեց այդ կարողություններն ի սպաս դնել Հայաստանի շենացման ու զորացման գործին:
Խոսենք փաստերով:
Աշխարհում այսօր գոյություն ունի համասփյուռքյան, կամ ավելին՝ համահայկական, ինը հաստատություն.
– Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնական աթոռը,
– Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո աթոռը,
– Հայ կաթողիկե եկեղեցին,
– Հայ հեղափոխական դաշնակցությունը,
– Ռամկավար ազատական կուսակցությունը,
– Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը,
– Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը,
– եւ վերջապես՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Սրանց պետք է գումարել թերեւս նաեւ «Ամերիկայի հայկական համագումարը», որը թեեւ համասփյուռքյան կառույց չէ, բայց լուրջ քաղաքական կշիռ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Այս տաս հաստատություններից ինը գրեթե անվերապահորեն պաշտպանում են Հայաստանի ներկա իշխանությունների գործունեությունը արտաքին քաղաքականության, տնտեսական բարեփոխումների եւ ժողովրդավարության հաստատման բնագավառներում: Միակ կազմակերպությունը, որ չի հաշտվում այս իրականության հետ, Հայ հեղափոխական դաշնակցությունն է, իսկ ավելի ճիշտ՝ դաշնակցական նոմենկլատուրան, որը չի արտահայտում անգամ ոչ միայն կուսակցության համակիրների, այլեւ շարքերի ամբողջական տրամադրությունը:
Հայաստանի իշխանությունների եւ դաշնակցական նոմենկլատուրայի հակասությունը մատուցել որպես հակասություն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ՝ ոչ միայն մոլորություն է, այլեւ կեղծարարություն, որովհետեւ Դաշնակցության ազդեցությունը տարածվում է սփյուռքահայության հազիվ մեկ երկու տոկոսի վրա, եւ որքան հակասությունը սրվի, այնքան այդ ազդեցությունը նվազելու է:
Ժխտելով Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ գոյություն ունեցող հորինած հակասությունը, չեմ կարող չնշել, սակայն, որ ներդաշնակության պակաս, երկխոսության մեխանիզմի անկատարություն, որոշակի շփոթ իրոք գոյություն ունի:
Դա առաջին հերթին բացատրվում է Սփյուռքի առանձնահատկությամբ: Հայաստանն իսկապես լուրջ դժվարություն ունի սփյուռքահայության կամքն արտահայտող խոսակից գտնելու հարցում, որովհետեւ Սփյուռքը չունի ոչ միայն որեւէ համասփյուռքյան ներկայացուցչական մարմին, այլեւ այդպիսիք գոյություն չունեն անգամ ներգաղութային մակարդակում: Նման ներկայացուցչական մարմնի ստեղծումը, սակայն, ժամանակի հարց է, եւ վստահ եմ, որ այն երբեւէ իրականություն կդառնա:
Որոշակի շփոթ է առաջացնում նաեւ Հայաստանի Հանրապետությունում կրկնակի քաղաքացիության իրավունքի բացակայության փաստը՝ դիտվելով որպես սփյուռքահայության նկատմամբ խտրական վերաբերմունքի արտահայտություն կամ ավելի խիստ՝ որպես ազգի միասնությանը սպառնացող ահավոր վտանգ: Այս գնահատականը ես նույնպես համարում եմ մոլորություն կամ չարամտություն:
Առաջին հայացքից կարող է իսկապես հիմնավոր թվալ այն հարցը, թե ինչն էր խանգարում՝ սփյուռքահայերին օժտել կրկնակի քաղաքացիության իրավունքով: Չէ՞ որ դրանով կխորհրդանշվեր ազգի միասնությունը:
Իրականում, սակայն, դա իսկապես կունենար միայն խորհրդանշական նշանակություն: Հոգեբանական առումով, թեեւ, այդ նշանակությունն անգամ չպետք է թերագնահատել, բայց մենք պարտավոր էինք հարցին մոտենալ պետականության ամրապնդման գործնական նկատառումներով:
Նախ, ոչ մի սփյուռքահայ զրկված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքից, ավելին՝ նա ազատված է օտարերկրացիների համար սահմանված բոլոր պայմաններից:
Երկրորդ, բազմաթիվ երկրներում, որտեղ գոյություն ունեն հոծ հայկական գաղութներ, կրկնակի քաղաքացիությունն ինքնին արգելված է, ուստի այդ իրավունքը կունենար վերացական նշանակություն:
Երրորդ, կրկնակի քաղաքացիության ձեռքբերմամբ սփյուռքահայությունը շատ երկրներում կկորցներ իր քաղաքական ազդեցությունը՝ դիտվելով որպես օտար տարր:
Եւ չորրորդ, սփյուռքահայությանը կրկնակի քաղաքացիության իրավունք շնորհելու դեպքում նույն իրավունքը պետք է շնորհվեր նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ հղի էր, սակայն, ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ հետեւանքներով: Այսօր արդեն մենք ականատեսն ենք այն իրողության, որ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, օգտվելով իրենց կրկնակի քաղաքացիության հանգամանքից, խուսափում են պետության նկատմամբ իրենց պարտավորությունների կատարումից, մասնավորապես զինապարտությունից:
Հայաստան – Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակն, այսպիսով, ո՛չ լուրջ անհանգստության, ո՛չ էլ առանձնակի ոգեւորության հիմք չի տալիս: Այդուամենայնիվ, գիտակցելով այդ հարաբերությունների կարեւորությունը, հանրապետության նախագահի աշխատակազմում շուրջ մեկ տարի առաջ ստեղծվել է հատուկ աշխատախումբ, որում ընդգրկված են Հայաստանի եւ Սփյուռքի լավագույն մասնագետները:
Աշխատախմբի նպատակն է մշակել Հայաստան – Սփյուռք հարաբերությունների զարգացման համալիր ծրագիր եւ ձեւավորել նրա իրականացման համար անհրաժեշտ կառույցներ։ Աշխատախումբն արդեն կազմակերպել է մի շարք սեմինարներ եւ առանձին խորհրդակցություններ։ Առաջիկայում մեր հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու կատարված աշխատանքի արդյունքներին։