Արցախի իշխանությունները գործել են հօգուտ Սերժ Սարգսյանի փեսայի շահերի. Հայկ Խանումյան

2159

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր Վերածնունդ խմբակցության պատգամավոր, Ազգային Վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը դեկտեմբերի 20-ին Արցախի 2019-ի պետական բյուջեի քննարկմանը մատնանշել է կառավարության կողմից մի շարք խնդրահարույց քայլեր, Արցախի իշխանություններին մեղադրել պետական բյուջեն սեփական «կոռուպցիոն-կլիենտալիստական համակարգին» ծառայեցնելու մեջ։

Խանումյանն անդրադարձել է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով մի քանի տասնյակ միլիոն դոլարով «Էներգիա պլյուս» ընկերությունը ձեռք բերելու հանգամանքին: Այս ընկերությունը պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը, սակայն այն մինչ այսօր չի աշխատում: Ըստ Խանումյանի՝ տասնյակ միլիոնավոր դոլարների փողերի լվացում տեղի է ունենում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով: «Օրինակ, 2015թ. հիմնադրամը ձեռք է բերել Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ընկերությունը, որն իբր պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Խանումյանը Արցախի իշխանություններին մեղադրել է նաև առևտրային բանկերից բարձր տոկոսներով վարկ վերցնելու և անարդյունավետ ծախսելու, ինչպես օրինակ՝ շքեղ մեքենաներ գնելու համար։

«Անցյալ ելույթում ես անդրադարձա առևտրային բանկերից վերցրած պարտքերին: Նշեցի, որ նախկինում 13-14 տոկոսով արտարժութային վարկեր են վերցրել, վերջին տարիներին տոկոսները իջել են մինչև 11,5-12, ինչը նույնպես բավականին բարձր է: Նշեցի նաև, որ գրեթե զուգահեռաբար կառավարությունը կատարել է ծախսեր, որոնք խիստ անտրամաբանական են: Ենթադրենք շքեղ ծառայողական մեքենաների գնումը: Ի դեպ, գնման մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն և այդ ընկերությունը պատկանել է Բակո Սահակյանի բարեկամներին: Հետագայում այդ մեքենաները իրենց շուկայական արժեքից 10-15 անգամ էժան վաճառվել են հիմնականում պաշտոնյաների: Այսինքն, մենք պարտք են վերցրել, որպեսզի հարստացնենք Բակո Սահակյանի բարեկամներին և տարբեր պաշտոնյաների»,- ասել է Խանումյանը՝ հավելելով, որ այսօր կառավարությունն ասում է՝ բերեք պարտքը փակենք, ճանապարհները հետո կկառուցենք»։ 

«Ես բազմիցս ասել եմ, որ բյուջեն կազմվում է կոռուպցիոն-կլիենտալիստական համակարգի սպասարկման տեսանկյունից: Մի ծրագրի օրինակ բերեմ: Բերեք նայենք «՛ստոմատոլոգիական ծառայություններ» ծրագիրը, երբ մասամբ փոխհատուցվում է որոշակի խավերի ծախսերը: Այս ծրագրի գումարների մեծ մասը` 60 տոկոսից ավելին, գնում է մեկ կլինիկայի, և այդ կլինիկան կրկին պատկանում է Բակո Սահակյանի բարեկամներին: Ստոմատոլոգիան քիչ թե շատ մրցակցային ոլորտ է, և նման մոտեցմամբ այս ոլորտում ևս վերացվում է մրցակցությունը: Գումարը պետք է տրվի ոչ թե որևէ կլինիկայի, այլ պետք է փոխանցվի շահառուներին, և միայն այդ ծառայություններից օգտվողները պետք է որոշեն թե որ ատամնաբույժի մոտ բուժվեն»,- նշել է պատգամավորը:

Տասնյակ միլիոնավոր դոլարների լվացում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով

«Տասնյակ միլիոնավոր դոլարների փողերի լվացում տեղի է ունենում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով: Օրինակ, 2015թ. հիմնադրամը ձեռք է բերել Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ընկերությունը, որն իբր պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը: Թե ինչու է հիմնականում Արցախի հարկատուների միջոցով աշխատող ներդրումային հիմնադրամը գնել պարտքերի  մեջ խրված չաշխատող ընկերությունը, կարելի է միայն ենթադրել: Ահա հենց սրա համար է, որ Արցախում մեկ անձի իշխանության համար փոխվում է սահմանդրություն, հենց սրա համար է, որ մարդիկ կառչած են մնում իրենց աթոռներին, որպեսզի ժողովրդի հաշվին սպասարկեն մի նեղ շրջանակի շահեր»,- ասել է Հայկ Խանումյանը:

ՍիվիլՆեթ