Պատերազմի դեմքը

1031

Շրջանային հիվանդանոցը Չլդրանում էր: Մաղավուզ- Մատաղիս ուղղությամբ հակառակորդն ացել էր հարձակման: Խաչենի գումարտակը մի օրում շուրջ երկու տասնյակ զոհ էր տվել, յոթը՝ միայն մեր գյուղից: Հինգը հողին էին հանձնվել, երկուսը դեռ համարվում էին անհայտ կորած: Մեկը բարեկամի երեխա էր, տասնութը մի քանի օր առաջ էր լրացել: Մեզ հույս էինք տալիս, որ գերի են տարել: Հոր հետ գնացել էինք պաշտպանական շրջանի հրամանատարի մոտ՝ լուր իմանալու:

Ստեփանակերտում գերի թուրքեր կային: Մեկի տվյալները վերցրել էի: Մինգեչաուրից էր: Նրա տան հեռախոսահամարը փոխանցել էի Մոսկվա, որ կապվեն, մեր տղայի տվյալները տան՝ գուցե մի բան պարզվի: 94-ի փետրվարի վերջ-մարտի սկիզբն էր: Ծանր օրեր էին: Դրմբոնում մեքենայի էի սպասում, հանդիպեց գլխավոր բժիշկ Սերգեյ Օհանյանը: Հրավիրեց իր մոտ՝ մի փոքր հանգստանալու: Օրն արդեն մթնում էր, Ստեփանակերտ հասնելու հույս չկար: Միացա Օհանյանին: Հիվանդանոցին կից փայտաշեն մի սենյակ էր հարմարեցրել: Մի կտոր հաց կերանք, բժիշկ Մանվել Բախշյանի հետ տնաքաշ օղի խմեցնիք, ընդարմացանք: Առավոտյան արթնացա անսովոր աղմուկից: Ինչ-որ տեղ փայտամշակման հաստոց էր աշխատում:

Գյուղում էլեկտրականություն չկար: Ո՞վ է այս կորած տեղը հաստոց դրել, ի՞նչ է անում: Հարցրի Օհանյանին՝ բացատրեց, որ մոտակա լքված տներից մեկի նկուղային հարկը վերածել են դիարանի: Հաստոցն էլ աշխատում է դիզել-գեներատորով, որ բանակն է տրամադրել: Դագաղ են պատրաստում: Տունը հիվանդանոցից հարյուր-հարյուր հիսուն քայլի վրա էր: Ոտքերս ինձ տարան այնտեղ: Հաստոցը միալար հռնդում էր, կողքին՝ ,,Գրադի.. հրթիռների արկղերի բլուր էր: Բանվորներից մեկը քանդում էր-առանձնացնում հարկավոր տախտակները, մյուսը հսատոցի վրա ռանդում-հարթեցնում էր: Երորդը դագաղագործն էր՝ չափում, կտրում, մեխում էր: Երեքն էլ՝ մռայլ, մորուսած, նիհար: Գրեթե՝ ուրվականակերպ:

Զոհվածներին գիշերով բերել՝ դիակները նկուղում էին: Բակում կողք-կողքի դագաղներ էին շարված: Քիչ հետո բանակային մեքենա մոտեցավ: Թափքից իջեցրին համազգեստի թարմ կապոցներ, ճտքակոշիկներ, գլխարկներ: Զոհվածներին պետք է հագցնեին, պատրաստեին դագաղ դնելուն: Ամեն ինչ արվում էր լուռ, ավելի շատ՝ մեքենայաբար: Մարդիկ վարժվել էին դաժան առօրյային: Զարհուրելի տեսարան էր, չկարողացա երկար կանգնել: Վերադարձա հիվանդանոց, որտեղ նախաճաշի սեղան էին բացել: Բժիշկներն առավոտյան ստուգայցն ավարտել՝ վիրավորների վիճակից գոհ էին: Հավաքվել էին մի կտոր հաց «ծամելու»՝ ինչպես Մանվել Բաշխյանն ասաց: Նրանք ոչ մի երաշխիք չունեին, թե հաջորդ րոպեին բակում սանիտարական մեքենա չի կանգնի՝ հերթական վիրավորներով եւ դարձյալ ժամերով կանգնած չեն մնա վիրահատական սեղանի մոտ՝ կյանքի եւ մահվան սահմանից վիրավորին դեպի լույս աշխարհ վերադարձնելու:

Այդ կոնտրաստային իրավիճակում միակ փրկությունը տնաքաշ օղին էր: Որպեսզի իրականությունը դանդաղ լուծվեր զարթխումի մշուշներում: Ոչինչ չկարեւորեիր, չմտասեւեռվեիր: Գիտակցությունդ տեղի տար, հաշտվեիր իրականության հետ: Պատերազմի ավելի սարսափելի պատկեր, քան դա էր՝ չեմ տեսել: Եւ դեռ հիշում եմ, որ երբ Չլդրանից պատահական մեքենայով դուրս էի գալիս՝ գյուղամերձ մի տափարակում ուղղաթիռ իջավ: Ուղարկված էր, որ դագաղները Հայաստան հասցնի: Մաղավուզ-Մատաղիս ուղղության բնագծերում կռվում էր կամավորականների հայաստանյան բրիգադը, եւ դագաղագործական հաստոցը մինչեւ մայիսյան հրադադար դեռ պիտի աշխատեր…

Վահրամ Աթանեսյան

ՀՐԱՊԱՐԱԿ