Դաշնակցությունը ևս կարիք ունի թավշյա, անցնցում հեղափոխության

2304

Հայաստանի անկախության ամբողջ պատմության ընթացքում՝ 1918-1920 թվականներին և 1991 թվականից ի վեր առաջին անգամ հայ քաղաքական կյանքի ամենահին ու կենսունակ կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինելու նոր խորհրդարանում։

1918-1920 թվականների խորհրդարանում ՀՅԴ-ն ամենամեծ խմբակցությունն ուներ, խորհրդարանի բոլոր նախագահները, ինչպես բոլոր չորս վարչապետերը, դաշնակցականներ էին։

1990-1995 թվականների խորհրդարանում՝ Գերագույն խորհրդում, ՀՅԴ-ն ամենաընդդիմադիր խմբակցությունն էր։ Ճիշտ է՝ 1990-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն չէր մասնակցել, քանի որ միայն այդ տարվա օգոստոսին կուսակցությունը գրանցվեց Հայաստանում։ Իսկ խմբակցությունը ձևավորվել էր անհատ պատգամավորներից, որոնք, ինչպես և ամբողջ 260 հոգանոց խորհրդարանը, ընտրվել էին բացառապես մեծամասնական ընտրակարգով։

1995-ի Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ-ն չկարողացավ մասնակցել, քանի որ կուսակցության գործունեությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արգելվել էր։ Մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցավ մեկ դաշնակցական։

1999-ին ՀՅԴ-ն առաջին անգամ, որպես կուսակցություն, մասնակցեց ընտրություններին և ստացավ գրեթե 8 տոկոս։ Հաջորդ՝ 2003 և 2007 թվականների ընտրություններում կուսակցությունը ստացավ համապատասխանաբար 11,5 և 12,5 տոկոս քվե։

2012-ի և 2017-ի ընտրություններում ՀՅԴ-ի արդյունքները ավելի համեստ էին՝ համապատասխանաբար շուրջ 5,5 և 6,5 տոկոս։

Հայաստանի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն իր թեկնածուով մասնակցել է երկու անգամ․ 1991-ին Սոս Սարգսյանը ստացել է քվեների 4,3 տոկոսը, իսկ 2008-ին Վահան Հովհաննիսյանը՝ 6 տոկոսը։

Դեկտեմբերի 9-ի ընտրությունից հետո

2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ն ստացավ քվեների 3,9 տոկոսը և չանցավ խորհրդարան։ Սա, անշուշտ, գոհացուցիչ արդյունք չի կարող լինել գրեթե 130 տարվա անցյալ և համահայկական սփռում ունեցող քաղաքական ուժի համար։

ՀՅԴ-ն տարածած հայտարարությունում ընդունել էր, որ գրանցված արդյունքը «պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»: ՀՅԴ-ն չանդրադարձավ այդ պարտության հիմնական, խորքային պատճառներին, փոխարենը, իմ կարծիքով, վիրավորական արտահայտվեց այն շուրջ 800 հազար քաղաքացիների հասցեին, որոնք քվեարկել էին Նիկոլ Փաշինյանի և նրա շուրջ ձևավորված «Իմ քայլը» դաշինքի օգտին։ «Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»,- ասված էր ՀՅԴ-ի հայտարարությունում։

ՀՅԴ-ի ձախողության հիմնական պատճառները նրանք չէին, որոնք նշված էին կուսակցության տարածած հայտարարությունում՝ «ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, ընտրության մասնակիցների մի ստվար զանգված կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման»։

Եթե ՀՅԴ-ն մաս կազմեր և կանգներ Թավշյա հեղափոխության կողքին, ապա, ամենայն հավանականությամբ, կհաղթահարեր 5 տոկոսի շեմը։ Մինչդեռ մենք տեսանք այլ պատկեր։ ՀՅԴ-ն նախ կողմ արտահայտվեց Սերժ Սարգսյանի, փաստորեն, երրորդ ժամկետով երկիրը ղեկավարելու օգտին։ Ապրիլի 17-ին, երբ Երևանի ու հանրապետության փողոցները մերժում էին Սերժին, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Փաշինյանի գործողությունները ապօրինի են։ Այդ պահին էական չէր՝ Նիկոլի ու Հայաստանի ժողովրդի գործողությունները ապօրինի են, թե ոչ։ Էականն այն էր, որ ՀՅԴ-ն դեմ գնաց մարդկային հոսանքին։

Մեկ շաբաթ անց ՀՅԴ-ն լքեց Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կործանվող նավը, ապա մաս կազմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Հոկտեմբերի սկզբին ՀՅԴ-ն կրկին կանգնեց ՀՀԿ-ի կողքին և լքեց (Նիկոլ Փաշինյանի ձևակերպումով՝ հեռացվեց) կառավարությունը։ Երբ սկսվեց ընտրարշավը, ՀՅԴ-ն և նրա ղեկավար կազմը հատկապես հարվածում էր Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենը, անկասկած, չէր կարող չազդել ՀՅԴ-ի վերջին տարիների առանց այն էլ նվազող վարկանիշի վրա։

Իսկ ՀՅԴ-ի վարկանիշը սկսեց անկում ապրել այն ժամանակվանից, երբ կուսակցությունը պարբերաբար մաս կազմեց Հայաստանի ժողովրդի շրջանում ցածր վարկանիշ ունեցող Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարություններին։ Բացատրությունը, որ ՀՅԴ-ն մաս է կազմում կառավարություններին, որպեսզի երկիրը փոխեն ներսից, լուրջ չէր ընկալվում, եթե չասենք՝ հեգնանքով էր ընկալվում։

Տրամաբանական չէր նաև այն իրողությունը, երբ սոցիալիստական գաղափարախոսություն կրող ուժը աջակողմյան կառավարությունների մաս էր կազմում։ Այդ տարիների ընթացքում շատ էր շրջանառվում, որ ՀՅԴ վերնախավից կան օլիգարխներ։ Ավելի ու ավելի էր խորանում հանրային ընկալումն առ այն, որ ՀՅԴ վերնախավը սերտաճել է Սերժ Սարգսյանի ու նրա օլիգարխիկ վարչակարգի հետ։

ՀՅԴ-ի ճգնաժամերը

ՀՅԴ-ն իր շուրջ 130-ամյա պատմության ընթացքում մի քանի ճգնաժամեր է հաղթահարել։ Այսօր ՀՅԴ-ն ևս ճգնաժամ է ապրում, որը, բնական է, հաղթահարելու է։ Այսօրվա ճգնաժամը ոչ միայն պայմանավորված է Հայաստանում կուսակցության ունեցած վարկանիշով, այլ առաջին հերթին նրանով, որ Դաշնակցության շարքերում առկա է խուլ ընդդիմության այն քաղաքականության հանդեպ, որ վարել է Բյուրոն վերջին 15 տարիներին։

Ինչպես Հայաստանն էր հոգնել Սերժ Սարգսյանից ու նրա շրջապատից, նույն կերպ հոգնածություն կա Բյուրոյի ու վերնախավի անփոփոխ դեմքերից

Ինչպես Հայաստանն էր հոգնել Սերժ Սարգսյանից ու նրա շրջապատից, նույն կերպ հոգնածություն կա Բյուրոյի ու վերնախավի անփոփոխ դեմքերից։ Ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին ՀՅԴ-ին նախ և առաջ անհրաժեշտ է դեմքերի փոփոխություն։

Կարևոր է նաև, թե ինչ քաղաքականություն է վարելու ՀՅԴ-ն Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ։ Եթե կուսակցության վերնախավը շարունակի անհաշտ դիրք ունենալ Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության նկատմամբ, ապա դա իր ազդեցությունն է թողնելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։ ՀՅԴ-ն, անշուշտ, ամբողջ Սփյուռքը չէ, սակայն ավանդական Սփյուռքի ամենաներկայանալի և կարևոր մասն է։ Եթե նոր Բյուրոն անհաշտ դիրքորոշում որդեգրի, ապա ՀՅԴ-Փաշինյան առճակատումը կարող է վերաճել Հայաստան-Սփյուռք առճակատման, ինչի ականատեսն էինք Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։

Անշուշտ, ոչ պակաս կարևոր է նաև, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու Նիկոլ Փաշինյանը արդեն ընդդիմադիր, ընդ որում՝ համակարգից դուրս ընդդիմադիր (որովհետև ՀՅԴ-ն ներկայացված չէ խորհրդարանում) ՀՅԴ-ի նկատմամբ։ Եթե Փաշինյանը անհաշտ լինի ՀՅԴ-ի հանդեպ, ապա դա ևս նպաստելու է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում լարվածության աճին՝ առաջին հերթին Հայաստանի համար ոչ ցանկալի հետևանքներով։

Հունվարին սպասվում է ՀՅԴ Ընդհանուր ժողովը։ Դա չի կարելի համարել սովորական ժողով, քանի որ կուսակցությունը որդեգրելու է առաջիկա տարիների քաղաքականությունն արդեն նոր պայմաններում։

Ինչո՞ւ ենք մենք ուշադրություն դարձնում հենց ՀՅԴ-ին, այլ ոչ, ասենք՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին կամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմած այլ կուսակցությունների։

Որովհետև Դաշնակցությունը իր Հայ դատի գրասենյակներով, Համազգայինի կառույցներով, Հայ օգնության միության բաժանմունքներով ու ՀՄԸՄ-ներով ավելին է, քան լոկ սովորական քաղաքական կուսակցություն։

Որովհետև ՀՅԴ-ն գործում է ոչ միայն Հայաստանում, այլև գրեթե ամենուր, որտեղ կա հայություն, և այդ հայության ամենակազմակերպված ուժն է։

Դաշնակցությունը անելիք ունի և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս։

Բայց Դաշնակցությունը, նախևառաջ, կարիք ունի թավշյա, անցնցում ներքին հեղափոխության։

ՍիվիլՆեթ

Թեմայի մասին դիտեք նաև այս հարցազրույցը․