Իրանն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Վրաստան մեկնելուց

1314

Թեհրանը դժգոհ է վրացական սահմանին իրանցի զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքից

«Զերծ մնացեք Վրաստան մեկնելուց, եթե անհրաժեշտություն չկա», – այսպիսի խորհուրդ է տվել Իրանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քասեմին այս մասին հայտարարել է դեկտեմբերի 10-ին կայացած բրիֆինգի ժամանակ։

Քասեմին հայտարարել է, որ Իրանի մի քանի քաղաքացիների հետ վրացական սահմանին անհարգալից են վարվել, որի պատճառով նա խորհուրդ է տալիս Իրանի քաղաքացիներին զերծ մնալ կովկասյան այդ երկիր մեկնելուց։

Սա Քասեմիի առաջին հայտարարությունը չէ Վրաստանի առնչությամբ։ Մինչ այդ, դեկտեմբերի 3-ին նա հայտարարել էր, որ վերջին ամսում Վրատսանը մերժել է Իրանի քաղաքացիներին մուտք գործել երկիր։

Թբիլիսին արդեն արձագանքել է Իրանի արտգործնախարարության հայտարարությանը։ Ըստ Ազատություն ռադիոկայանի տեղեկատվության՝ ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հաստատել է, որ Թեհրանի և Թբիլիսիի միջև այդ հարցի շուրջ շփումներ են եղել։

Զալկալիանին ասում է, որ «համատեղ միջոցառումներ են նախանշվել» և մոտ ապագայում խնդիրը կլուծվի։

Ինչ վերաբերում է վիճակագրությանն, ապա վրացական կողմն Իրանի քաղաքացիների արտաքսմանը վերաբերող այլ թվեր ունի։

Վրաստանի ԱԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի վիճակագրության համաձայն՝ 2018թ-ի նոյեմբերին․

•Վրաստան թույլ չի տրվել մուտք գործել Իրանի 434 քաղաքացու։ Այնուհետև գալիս է Հնդկաստանը (370) և Թուրքիան (46)։

•Վրաստանից արտաքսվել է Իրանի 2 քաղաքացի։

•Վիզային ռեժիմը խախտել է Իրանի 159 քաղաքացի (Իրանի քաղաքացիները Վրաստանում կարող են առանց վիզայի գտնվել 45 օր)։

Վրաստանի սահմանը հատել է 17 595 քաղաքացի, ինչը 13%-ով ավել է անցյալ տարվա նոյեմբերի ցուցանիշից։

Եթե հաշվի առնենք, որ Իրանն այցելուների թվով առաջին հնգյակում է, ապա Թեհրանի դժգոհությունը լրջորեն կարտացոլվի վրացական տնտեսության վրա։

Ամսական Իրանից Վրաստան են գալիս տասնյակ հազարավոր այցելուներ։ Անցյալ տարի նրանց թիվը կազմել է գրեթե 300 հազար։

Իրանցիները նաև այն այցելուների թվում են, որոնք Վրաստանում ամենաշատ գումարն են ծախսում։ Այդ տեսանկյունից Իրանը չորրորդ տեղում է։ Միջինում Իրանի յուրաքանչյուր ռեզիդենտ Վրաստանում 790 դոլար է ծախսում։

«Ֆորբս» ամսագրին վիճակագրության ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2018թ-ի 3-րդ եռամսյակում մեկ այցելուի  միջին ծախսերի ամենաբարձր ցուցանիշները հետևյալ երկրների քաղաքացիների մոտ է գրանցվել․

•Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2656 լարի (991 դոլար)

•Իսրայել՝ 2613 լարի (975 դոլար)

•Գերմանիա՝ 2391 լարի (892 դոլար)

•Իրան՝ 2116 լարի (790 դոլար)

•Ղազախստան՝ 1965 լարի (733 դոլար)

•Ռուսաստան՝ 1513 լարի (565 դոլար)

•Ուկրաինա՝ 1411 լարի (526 դոլար)

•Թուրքիա՝ 654 լարի (244 դոլար)

•Հայաստան՝ 565 լարի (210 դոլար)

•Ադրբեջան՝ 430 լարի (160 դոլար)

Աղբյուրը՝ ՋԵՄ ՆՅՈՒԶ