Զորավար Անդրանիկի ընտրությունը՝ 1918-1919 թվականներ

3243

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն կա մեկ գիրք՝ (մեր կարծիքով) ամենից կարևորը, արժանահավատը, հետաքրքրականը, որի բովանդակությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Շատ հայ պատմաբաններ ևս ծանոթ չեն այդ գրքին: Խոսքը Անդրանիկի գրագիր Եղիշե Քաջունու օրագրության մասին է, որը տպագրվել է գրեթե մեկ դար առաջ՝ 1921 թվականին Բոստոնում, Ռամկավար-Ազատական կուսակցության “Ազգ” թերթի տպարանում:

“Հայկական առանձին հարուածող զօրամասը- Ժենէրալ Անդրանիկ” խորագիրը կրող հատորը արևմտահայերենով է, դասական ուղղագրությամբ: Գրքում պատմվում է այն զորամասի մասին, որը ձևավորվեց 1918-ի ապրիլին Գյումրիում, այն օրերի Ալեքսանդրապոլում: Զորամասը, որի մարտիկները գերազանցապես արևմտահայեր էին, գլխավորեց զորավար Անդրանիկը:

Մի քանի օր անց թուրքերը, խախտելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, անցան Ախուրյանը, գրավեցին Ալեքսանդրապոլը, ապա շարժվեցին դեպի Երևան, Ղարաքիսլիսա (Վանաձոր), Բաշ Ապարան: Եղիշե Քաջունին, զորավար Անդրանիկի անմիջական հսկողության տակ, օրը օրին նկարագրել է այն ճանապարհը, որ անցավ Հայկական առանձին հարվածող զորամասը՝ նահանջ Ալեքսանդրապոլից  դեպի Ջալալօղլի (Ստեփանավան), ապա Դսեղ, հանդիպում Հովհաննես Թումանյանի հետ, Դիլիջանով անցում դեպի Նոր Բայազետ (Գավառ), ապա Սելիմով (Վարդենյաց լեռներ) դեպի Նախիջևան:

Անդրանիկը խռովել էր ՀՅԴ-ից և Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից: Բաթումի 1918-ի հաշտության պայմանագիրը Անդրանիկը համարում էր դավաճանություն: Նա լքեց նորաստեղծ հանրապետությունը և իր զորամասով անցավ Արաքսը՝ դեպի Պարսկաստան՝ միանալու անգլիական զորքերին և շարունակելու իր կռիվը թուրքերի դեմ: Սակայն Արաքսն անցնելուն պես նա հանդիպեց թուրքական բանակներին, կռվի բռնվեց, տվեց մի քանի տասնյակ զոհ և նահանջով հետ անցավ Արաքսը: Ահա հենց այս ժամանակ էր, որ զորավարի մոտ եկան պատվիրակներ Արցախից: Նրանք խնդրում էին զորավարին մեկնել Արցախ՝ օգնելու հայությանը, որը կռիվ էր մղում թաթարների և նրանց օգնության եկած թուրքերի դեմ: Անդրանիկը մեկնեց Գորիս, ապա շարժվեց դեպի Շուշի: Նրա արշավանքը ընդհատվեց այսօրվա Բերձորի շրջակայքում:

Այս գիրքը՝ “Հայկական առանձին հարուածող զօրամասը- Ժենէրալ Անդրանիկ”, պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման: Այս գիրքը պետք է հասու լինի Հայաստանի ընթերցողին արևելահայերենով: Այս գրքի վերահրատարակությունը կարող է նվեր լինել զորավարի 150-ամյակին: 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավար Անդրանիկը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը առաջիկա օրերից պարբերաբար իր կայքում կտեղադրի այս գիրքը՝ մաս առ մաս: Քանի որ խոսքը գրեթե հարյուր տարվա դեպքերի մասին է, մենք ստիպված ենք լինելու տողատակերին տալ բազմաթիվ բացատրություններ և մեկնաբանություններ: Ֆինանսական հնարավորությունների դեպքում այս հատորը կտպագրվի նաև առանձին գրքով:

Թաթուլ Հակոբյան