Հայաստանն ու Արցախը գտնվում են անվտանգության մեկ միասնական համակարգում

565

Հայաստանն ու Արցախը գտնվում են անվտանգության մեկ միասնական համակարգում՝ դրանից բխող բոլոր հետևություններով ու հետևանքներով

Հոդվածը հրապարակվել է Ստեփանակերտի Անալիտիկոն հանդեսի նոյեմբերյան համարում, որը վերնագրված է «Արցախը և Թավշյա հեղափոխությունը»։

Նորերս մի հեռուստահաղորդման թարմ հետքերով գրած ֆեյսբուքյան իմ մի նոթ աշխույժ քննարկման թեմա դարձավ նշված սոցիալական ցանցում։ Սույն հոդվածում անդրադառնում եմ այդ դրվագին երկու պատճառով. նախ՝ Արցախին առնչվող մի ցավոտ հարց է խնդրո առարկան, որին արժե պարբերաբար անդրադառնալ, քանի որ խոսքը մի շատ կենսունակ կարծատիպի մասին է, հետո էլ՝ ուշագրավ բանավեճ էր ծավալվել տվյալ թեմայի լուսաբանման և ընդհանրապես լրագրողի ու լրատվամիջոցի առաքելության շուրջ, թեմա, որը միշտ էլ կարևոր է եղել, իսկ մեր թեմայի պարագայում՝ առավել ևս։ Հարցազրուցավարը, փաստելով, որ տարածաշրջանում և աշխարհում կան լուրջ մարտահրավերներ ու վտանգներ («Իրանի հարցը, Ալիևը, ՀԱՊԿ-ում մեր վիճակն այնքան էլ լավ չէ, բարեկամ-թշնամու պակաս չկա» և այլն) խիստ մտահոգ տեսքով հարցրեց՝ այս պայմաններում արդյոք իշխանափոխությունն Արցախում ժամանակավրեպ և մեզ վնասող չէ՞։

Այս կարծրատիպին, ցավոք, շատ կենսունակ կարծրատիպին այսօրինակ թեթև-հանգիստ անդրադարձն ինձ հունից հանեց, և ես կոշտ արձագանքեցի դրան իմ ֆեյսբուքյան գրառման մեջ։

Իմ բերած փաստարկները հանրածանոթ են։ Եթե մարտահրավերներ ու վտանգներ կան, ապա դրանք առաջին հերթին ՀՀ-ին և, բնականաբար, Արցախին են սպառնում, որոնք անվտանգության միասնական համակարգում են։ Այո, ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ հայկական երկու պետություները ձևավորել են անվտանգության մեկ միասնական համակարգ։ Վաղուց արդեն գաղտնիք չէ նաև այն, որ նրանք ունեն մեկ միասնական բանակ, և որ Արցախի անվտանգության հիմնական ու միակ երաշխավորը Հայաստանն է (լավ է սա, թե ոչ այնքան՝ այլ թեմա է)։ Ավելին՝ վաղուց արդեն երկու իշխանություններն անդադրում պնդում են, որ հայկական երկու պետությունները գտնվում են հասարակական-քաղաքական, իրավական, օրենսդրական, տնտեսական և տեղեկատվական նույն դաշտում։

Այստեղից էլ հարցը՝ ուրեմն այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգավոր չէ, ավելին՝ անհրաժեշտություն է, շատ ավելին՝ անվտանգության կարևոր բաղադրիչ է՝ ռազմական բաղադրիչին համահավասար, բայց ահա Արցախում ահավոր վտանգավոր է։ Միգուցե ա՞յս մասին արժե խոսել, սա՞ դարձնել քննարկման թեմա։ Քանի որ, ցավոք, Հայաստանում և Արցախում հանրության մի զգալի հատված վերոնշյալ արատավոր մտածողությանն է տուրք տալիս. ոմանք՝ անշահախնդրորեն ու միամիտ, ոմանք էլ՝ շահախնդրորեն ու գիտակցված։

Ընդհանրապես, ի՞նչ անվտանգության, կամ, ավելի ճիշտ՝ ու՞մ անվտանգության մասին է խոսքը։ Ինչի՞ն է վնասում, կամ, ավելի ճիշտ, ու՞մ է վնասում ժողովրդավարությունը։

Սա շատ լուրջ ու ցավոտ հարց է և շատ լուրջ ուսումնասիրման ու լուսաբանման կարիք ունի։ Վերոնշյալ ցավագնորեն կենսունակ կարծատիպի հիմնական շահառուները Արցախի իշխանություններն են, ինչպես նաև Հայաստանի նախորդ իշխանությունները։ Հայաստանի ներկայիս իշխանություններն այլևս չեն սնուցում այդ վտանգավոր մտայնությունը, և փառք Աստծո։ Այդ ցավագնորեն կենսունակ կարծատիպի թիրախն Արցախի հանրությունն է։ Ու հենց նա էլ կարող է և պարտավոր է արմատախիլ անել այդ մտայնույթունը։ Այլապես այլընտրանքը գետտոն է՝ իր համար։ Ընտրությունն իրենն է։

Այժմ՝ թեմայի լուսաբանման մասին։ Եթե առաջին՝ հիմնական, թեմայի շուրջ համախոհությունը գրեթե միանշանակ էր քննարկումներում, ապա երկրորդի պարագայում բավականին լուրջ բանավեճ ծավալվեց։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գտնում է, որ տվյալ դեպքում լրագրողը հարց է տալիս, որպեսզի հասկանա, թե պատասխանողն ինչ է մտածում այդ ամենի շուրջ, ուստի և ավելի կարևորն ակնկալվող  պատասխաններն էին։ Նրան երկրորդում է մեկ այլ օգտատեր՝ հարցազրուցավարը տալիս է այդ հարցը, բայց պարտադիր չէ, որ ինքը հենց այդպես մտածի։

Ինչ խոսք, տրամաբանական են այդ փաստարկները։ Բայց արդյո՞ք շրջանառվող տեսակետներից սեփական կարծիքի սահմանազատումը չպիտի միանշանակ ու դյուրամարս լինի, որպեսզի հեռուստադիտողները կարողանան հստակ հավաստանշել կարծիքները և, ըստ այդմ էլ, ասվածն ընկալել ըստ արժանվույն։ Կոնկրետ այդ հաղորդման ժամանակ մեկ այլ հարցում՝ ահաբեկիչներին ու ահաբեկչությանը վերաբերող, վարողը հստակ սահմանազատել է իր կարծիքը՝ ասելով, որ դրանք հանրությունում շրջանառվող կարծիքներ են, իսկ մեր հարցի պարագայում նման սահմանազատում չկար։

Չի կարող լրագրողն ամեն անգամ ասել, որ իր հարցերը հանրությունում շրջանառվող կարծիքներ են՝ իր տեսակետն է պնդում օգտատերը։ Իսկ ձևակերպված հարցը՝ կոնկրետ, և լրագրողական պրովոկացիաներն՝ ընդհանրապես, ընդունելի են, որովհետև էականն ու կարևորը պատասխան ստանալն է՝ շարունակում է նա։ Եթե անգամ հեռուստադիտողը չընկալի հեգնանքը, ինչին հաղորդավարի ունկնդիրները պիտի որ սովոր լինեն, միևնույն է՝ լրագրողի իրավունքն ու պարտականությունն է նաև այդպիսի ցավոտ հարցեր տալը։ Թե ինչպես կձևակերպի ու կտա հարցը՝ դա արդեն ոճի խնդիր է։

Տեղեկատվական դաշտի հեղինակավոր հնաբնակներից մեկն էլ իր փաստարկներն է բերում։ Նշված հաղորդաշարի հիմնական խնդիրն այն է, որ նախորդ երեք թողարկումները տարբեր ժանրերի էին: Ժանրեր խառնելն ընդհանրապես ռիսկային է լրագրությունում, իսկ երբ դա արվում է նախընտրական ժամանակաշրջանում, ու հյուրերն են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` ուղղակի անթույլատրելի է: Դա շփոթության մեջ է գցում լսարանին ու անհավասար պայմաններում դնում զրուցակիցներին: Առաջին հաղորդումը “hard talk” էր, երկրորդը՝ ավանդական նախընտրական հարցազրույց, երրորդը` համարյա “Արմքոմեդի”-ի ոճով: Հիմա առաջին երկու հաղորդումները դիտած եւ լրագրողական հնարքների մեջ չխորացած հեռուստադիտողն ինչպե՞ս պիտի հասկանար, որ վարողը հեգնում է՝ հարցնում է նա:

Իմ կողմից ավելացնեմ՝ եթե, իրոք, հեգնում է։ Որովհետև ես, անկեղծորեն ասած, վստահ չեմ, թե նրա կարծիքը տարբերվում է իր արտաբերածից։

Ամեն դեպքում գտնում եմ, որ արդարացված չէ նման ծանր թեմային այդօրինակ թեթև-“թիթիզ” անդրադարձը։ Մեր փորձառու օգտատիրոջ նշած ժանրային-ոճական խառնաշփոթն էլ, ըստ իս, հենց նպաստել էր նշածս արատավոր մտայնության առավել տարածմանը։

Այդ մտայնությունը տարիներ ու տասնամյակներ շարունակ խոչընդոտել է Արցախի զարգացմանը։ Թեման, իրոք, շատ ցավագին ու նրբանկատ է և այն լուսաբանող լրագրողն ու լրատվամիջոցը, կարծում եմ, պարտավոր են ամենայն լրջությամբ վերաբերվել դրան՝ իրենց առաքելության ըստ ամենայնի գիտակցմամբ։ Դասագրքային ճշմարտություն է այն, որ լրատվամիջոցն ունի երեք դասական առաքելություն՝ տեղեկացնել, զվարճացնել և կրթել-լուսավորել։

Առաջին երկուսն, այսպես թե այնպես, արվում են, իսկ երրորդի մասին, որպես կանոն, չեն հիշում։ Մինչդեռ այն պակաս կարևոր չէ։ Իսկ թեմաներ կան, որոնցում այն ավելի կարևոր է։

Գեղամ Բաղդասարյան