Արցախի խնդրի լուծումը՝ զարգացող տնտեսություն կառուցելու միջոցով․ «Լուսավոր Հայաստան»

1056
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ

2018 թվականի դեպտեմբերի  9-ը

Իսկական լիբերալը նման է այգեպանի, 
ով պետք է որքան հնարավոր է շատ բան 
իմանա այն ծաղկի մասին, որին նա խնամում է…
Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։

Այսպիսով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝

  • հետամուտ լինելով՝ արժանապատիվ ազգային ինքնության արժեհամակարգի պահպանմամբ Հայաստանում եվրոպական չափանիշների, ժողովրդավարական, անվտանգ, օրենքի գերակայության, սոցիալական արդարության, բարեկեցիկ և հզոր պետության կառուցման նպատակին,
  • գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման հրամայականը,
  • գործելով բացառապես Հայաստանի ազգային շահերով և ազգային արժանապատվությամբ,

որոշում է կայացրել մասնակցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՀՀ Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր գուծունեությամբ նպաստելու, նախաձեռնելու և իրականացնելու է բարեփոխումներ՝ ուղղված.

  • սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովմանը,
  • պետության և հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և դրա առանձին տարրերի կայուն, համաչափ զարգացմանը,
  • անհատի համար, ինքնաիրացման և զարգացման միջոցով, երջանիկ կյանքի հիմքերի ապահովմանը,
  • անվտանգային հիմնահարցերի նկատմամբ օպերատիվ, համակարգային և համախմբված սկզբունքներով ռազմավարության մշակմանն ու կիրառմանը,
  • ազգային արժեհամակարգի բաղադրիչների՝ այդ թվում՝ մշակույթի, ավանդույթների, լեզվամտածողության զարգացմանը և իրացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը,
  • լիբերալ գաղափարներով մեխանիզմների ներդրման և կիրարկման միջոցով տնտեսական համակարգի առողջացմանը,
  • երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը և լուծման նոր մեխանիզմների ներդրմանը,
  • ստվերային տնտեսության վերացմանը և արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը,
  • մրցունակ տնտեսական համակարգի ու աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը,
  • աղքատության հաղթահարմանն ու սոցիալական բևեռացման նվազեցմանը,
  • ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը (ծնելիության աճ, ներգաղթի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում և արտագաղթի նվազեցում):

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմք ընդունելով իր տեսլականը, ռազմավարությունը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով երկրում առկա հրատապ հիմնահարցերի վերաբերյալ, առաջիկայում նախաձեռնելու է հետևյալ բարեփոխումների իրականացումը, մասնավորապես.

  • Ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում։
  • Սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։
  • Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ։
  • Թոշակների բարձրացմանը զուգահեռ թոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում։
  • Թոշակների բևեռացման կրճատում։
  • Ընտանեկան նպաստների համակարգում երեխաներին ուղղված արտոնությունների տրամադրում՝ մանկական քարտերի ներդրում, մանկապարտեզներից, կրթական հաստատություններից անվճար օգտվելու իրավունք։
  • Նպաստառուների աշխատանքը խրախուսելու նպատակով ժամանակավոր արտոնությունների տրամադրում՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով։
  • Բազմազավակ ընտանիքների մասին օրենքի ընդունում՝ չափելի արտոնությունների տրամադրման նպատակով։
  • Կուտակային կենսաթոշակային առկա համակարգի էական բարելավում
  • Աշխատանքային հաշտարարի և գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրում։
  • Տեղական դեղերի արտադրության ԱԱՀ-ից ազատում։
  • «Սկսիր Հայաստանում» սկսնակ բիզնեսներին պետական աջակցությամբ ծրագրի ներդրում (start up program)։
  • Կապիտալի շուկայի ակտիվացման նպատակով արժեթղթերի թողարկող ընկերություններին հարկային արտոնության տրամադրում։
  • Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։
  • «Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։
  • Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
  • Տարածքների համաչափ զարգացման նպատակով՝ պետական բյուջեից համայքներին տրվող ֆինանսավորում ոչ միայն բնակչության թվի, այլև աղքատության և այլ գործոնների հաշվարկով։
  •  «Գյումրի քաղաքի մասին» օրենքի ընդունում՝ աղետի գոտու վերականգնման, աղքատության կրճատման, ներդրումների խրախուսման, օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակով։
  • «ՏԻՄ մասին» օրենքում փոփոխություններ՝ որոշ համայանքների համար, ըստ անհրաժեշտության՝ տեղական կառավարման տարբերակված մոդելներ կիրառելու նպատակով։
  • Կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում՝ ՀՆԱ նվազագույնը 5 տոկոսի չափ։
  • Արտահանումը խթանելու նպատակով անհրաժեշտ է շարունակաբար և հնարավորինս վերացնել` դեպի արտահանման շուկաներ առկա մուտքի խոչընդոտները, բարձրացնել նոր արտահանման շուկաների հասանելիությունը, թիրախային երկրների հետ կնքել  երկկողմանի համաձայնագրեր` առևտրի բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, ստեղծել հայկական արտադրողների և նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ:
  • Շարունակաբար պետք է քայլեր ձեռնարկել ՀՀ-ում գործարար միջավայրի բարելվման ուղղությամբ` թիրախավորելով Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի առաջավոր երկրների շարքում դիրքավորումը:
  • Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման նպատակով անհրաժեշտ է ձևավորել ինստիտուցիոնալ հնարավորություններ` ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման համար, ներդնել ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության նոր գործիքակազմ և շարունակաբար թարմացնել այն, միջազգային կառույցների հետ համագործակցության միջոցով իրականացնել ՓՄՁ ոլորտում աջակցության ծրագրեր:
  • Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական  աջակցության տրամադրում։
  • ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։
  • ՓՄՁ աջակցության և սոցիալական բևեռացման կրճատման նպատակով՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների տարբերակված, պրոգրեսիվ համակարգի սահմանում։
  • Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականության շրջանակներում, նպատակ ունենալով զգալիորեն բարձրացնել օտարերկրյա ներդրումների ծավալը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ստեղեծել օրենսդրական հիմքեր` պետություն-մասնավոր գործընկերության համար, բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը, կատարելագործել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը:
  • Թիրախավորված ներդրումային քաղաքականության շրջանակներում, առանձին ոլորտներում (օրինակ` թեթև արդյունաբերություն, կոշիկի արտադրություն և այլն) ներառական տնտեսական աճին նպաստող բիզնես ծրագրերը խթանող աջակցության տրամադրում, օտարերկրյա ներդրումների ներգրավման թիրախային ռազմավարությունների իրականացում, Հայաստանում ներդրողների հետ աշխատանքի, ներդրումների ներգրավման և հետներդրումային սպասարկման ուղղությամբ կարողությունների ձևավորում և շարունակաբար ամրապնդում, մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրում:
  • Ստեղծարար, նորարարական և տեխնոլոգիական զարգացման նպատակով անհրաժեշտ է նախ և առաջ գույքագրել մեր կարողությունները (ինստիտուցիոնալ, գիտական, մասնագիտական, կազմակերպություններ, ծրագրեր, կրթություն, հետազոտություններ, օրենսդրություն և այլն), մշակել և իրականացնել նորարարության խթանման ռազմավարություն, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններին աջակցության տրամադրում:
  • Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում հանրապետության տարածքում ներդնել ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանց, համաշխարհային շուկայում ամրապնդել Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը, Հայաստանի ճանաչելիության մեծացման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիայի ապահովման նպատակով շարունակաբար իրականացնել թիրախային ռազմավարություններ, բարձրացնել զբոսաշրջային ծառայությունների որակի նկատմամբ պահանջները, աջակցել և խթանել ՀՀ մարզերում զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը (ավանդական փառատոներ, տոնակատարություններ և այլն), մշակել և իրականացնել էկոտուրիզմի զարգացման ռազմավարությունը, ընդլայնել մարզական զբոսաշրջությունը, կոնկրետ թիրախային երկրների քաղաքացիների համար սահմանել առանց արտոնագրի մուտքի ռեժիմ կամ դյուրացնել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը:

Արտաքին քաղաքականությունը

Գիտակցելով միջազգային բարդ իրավիճակը և ուրվագծվող աշխարհաքաղաքական միտումները, մասնավորապես՝ արագընթաց զարգացումները աշխարհում, գործող աշխարհակարգի ճգնաժամն ու դրա ծնած ռիկսերը, Հայաստանը պարտավոր է իրագործել՝ երկրի կայուն անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող հավասարակշիռ, ճկուն և հեռատես արտաքին քաղաքականություն։

Արտաքին աշխարհում մեր ազգային շահերի պատշաճ ապահովման համար առաջնային է փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրմաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջև առկա հակասութուններից։

Եվրոպական Միություն: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայանգիրը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Հայաստանը պետք է նախաձեռնողական վարքագիծ դրսևորի համաեվրոպական գործընթացներում և կառույցներում՝ ներկայանալով որպես Եվրոպական Միության և առաջատար երկրների համար տարածաշրջանում եվրոպական քաղաքակրթության և ժողովրդավարության արժեքների իրական կրող։ Դրա համար անհրաժեշտ են ներքին համակարգային համապարփակ բարեփոխումներում արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացիա։

ԵԱՏՄ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, 2017-ին հանդիսանալով ԵԼՔ դաշինքի հիմնադիր անդամ, նրա ծրագրում արձանագրել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եղել է մեկ գիշերում կայացրած քաղաքական սխալ որոշում։ Մեր կուսակցության համար հիմք է հանդիսացել գլխավորապես այն հանգամանքը, որ 2013-ին ԵԱՏՄ-ին անդամակցության որոշումը չի հանդիսացել Հայաստանի ինքնաբավ արտաքին քաղաքականության դրսևորում և, ըստ էության, եղել է պարտադրված երկընտրանքի հետևանք՝ ընտրություն կատարել Եվրոպական ասոցացման համաձայնագրի կամ ԵԱՏՄ անդամակցության միջև։

2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո երրկրում տեղի են ունեցել ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք ստեղծել են միանգամայն նոր իրավիճակ ու համատեքստ։

Նախ՝ Հայաստանին վերջապես հաջողվեց, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ ստորագրել և վավարեցնել CEPA-ն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Երկրորդ՝ 2018թ-ի մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը էապես մեծացրել է Հայաստանի սուբեկտությունը, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծել

արտաքին քաղաքական հարաբերություններում վարել արժանապատիվ՝ հավասարը-հավասարի գործընկերային քաղաքականւթյուն։ Նոր իրավիճակի արդյունքում հնարավոր է դարձել ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ԵԽ և այլ միջազգային կառոույցներում հադես գալ Հյաստնի շահերից բխող արտաքին քաաքականությամբ։

Նոր իրողությունների թույլ են տալիս արձանագրել, որ հնարավոորություն է ստեղծվել բոլոր միջազգային հարթակներում, այս թվում՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծերում գործել ի շահ Հայաստանի և զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Լինելով ԵԱՏՄ միության անդամ՝ Հայաստանը արդյունավետ փոխգործակցության միջոցով պետք է առավելագույնս իրացնի տնտեսական հնարավորությունները գործընկեր երկրների հետ, պահպանելով իր ինքնիշխանությունը և առաջ մղելով մեր պետության շահերը։ Ավելին, Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան՝ եվրասիական և եվրոպական կառույցների միջև համագործակցության հարթակ դառնալու համար։

Միևնույն ժամանակ, «Լուսավոր Հյաստանը» հանդես է գալիս իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքակնություն վարելու դիրքերից ու համարել ու համարում է, որ անթույլատրելի է Հայաստանի եվրասիական զարգացումը միակն ու անփոխարինելին համարելը։ Վստահաբար՝ աշխարահաքաղաքական, տարածաշրջանային յուրաքանչյուր ստատուս-քվո պահանջում է նոր ու կրոտիվ լուծումներ ու մեր արտաքին քաղաքակնությունը պետք է լինի ճկուն՝ հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու ու նոր հնավորություններն արդյունավետորեն օգտագործելու համար։

Ռուսաստանի Դաշնություն: Ռազմավարական, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է պահպանվեն՝ հիմնվելով հավասարության, փոխվստահության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ խրախուսելով բազմահարթակ ու բազմաշերտ համագործակցությունը։ Արժևորելով Ռուսաստանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է հարաբերությունները տեղափոխել արժանապատվության, փոխշահավետ համագործակցության հարթություն:

ԱՄՆ։ Անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության դաշտը  ԱՄՆ-ի հետ՝  ինչպես տնտեսական և մշակութային, այնպես էլ քաղաքական ասպարեզում։ ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունների ազդեցության նվազեցումը և մեր պետության շահերի առաջ մղումը պետք է լինեն գերակա։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների քաղաքական օրակարգը պետք է ընդգրկի ավելի լայն շրջանակ՝ ներառելով տնտեսական ներդրումային ողջ ներուժը։
Վրաստան, Իրան։ Ձեռնարկել բոլոր միջոցները ամրապնդելու համար համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ՝ հիմնված փոխվստահության և գործընկերության շարունակական ամրապնդման և զարգացման վրա բոլոր ոլորտներում։

Արցախյան հիմնահարց

Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: Ունենալով հզոր տնտեսություն՝ Հայաստանը կարող է առավել ինքնավստահ և ուժեղ դիրքերից հանդես գալ դիվանագիտության ոլորտում, հարկ եղած դեպքում՝ նաև ռազմական հակամարտության վերսկսման պայմաններում: Ընդ որում՝ Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսություն կառուցելու միջոցով: Ուստի, բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականորեն վնասում են արցախյան հարցի կարգավորմանը, թուլացնում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական հնարավորությունները: Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Զուգահեռաբար մտադիր ենք ավելացնել մեր պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն։

Շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությունը՝ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Ազգային արտաքին շահերի արդյունավետ իրագործումը պետք է վստահվի բացառապես բարձր մասնագիտական պատրաստվածություն և իրական փորձառություն ունեցող արհեստավարժ դիվանագետների։ Անհրաժեշտ է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր տեսլական, ընդունել «ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգը», բարեփոխել Դիվանագիտական ծառայության մասին օրենքը, իրավիճակին համահունչ արդիականացնել արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչության համակարգն ու գործելակերպը։

ՀՀ պետական կառավարման ինստիտուտների կայացումն ու զարգացումը

Այս նպատակի իրականացման համար «Լուսավոր Հայաստան»-ը հետամուտ է.

  • պետական կառավարման բոլոր մակարդակներում միմիայն համապատասխան գիտելիքային հենք, աշխատանքային արդյունավետ փորձ, կարողություն և ձգտում ունեցող մասնագետների ներգրավմանը,
  • իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների արդյունավետ, գործուն կառուցակարգերի ընդունմանն ու կիրարկմանը,
  • անհարկի վարչարարության ու կամայական հայեցողության բացառմանը և պետական կառավարման մարմինների օպտիմալացմանը,
  • ընտրական գործընթացների և ընտրախախտումների բացառման կառուցակարգերի շարունակական կատարելագործմանը։

Պետական գույքի կառավարումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարումը:

  • Պետական գույքի կառավարման արդյունավետությունը պետք է բարձրացնել, այդ թվում` պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա:
  • Պետք է բարձրացվի նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը:

Տարածքային համաչափ զարգացումը

ՀՀ տարածքներում գործարարության զարգացման, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման նպատակով անհրաժեշտ  է`

  • մշակել համապատասխան պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի որոշակի չափանիշներին բավարարող` կայուն և ներառական աճին նպաստող ներդրումային ծրագրերին:
  • համապատասխան կառույցների հետ համատեղ կազմակերպել դասընթացներ` ներդրումային ծրագրերի մշակման և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
  • դիտարկել նշված ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման հարցը։
  • մասնագիտացված ապակենտրոնացման մեպանիզմի կիրառում։

Պետական ֆինանսները

  • Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է միտված լինի մակրոտնտեսական կայուն միջավայրի ապահովմանը, պետական պարտքի կայունացմանը և կրճատմանը, տնտեսական աճի խթանմանը և աճի ներուժի աստիճանական բարձրացմանը:
  • Պետական եկամուտների քաղաքականությունը պետք է ապահովի արդար և կանխատեսելի միջավայր բիզնեսի և ներդրողի համար: Այն պետք է ապահովի ռեսուրսների արդարացի վերաբաշխում` նպաստավոր պայմաններ ստեղծելով արտահանող հատվածի համար:
  • Թափանցիկ և միջազգային հաշվետվողականության սկզբունքներով գործելը բիզնեսի համար անհրաժեշտություն է` երկրում մրցունակ և երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար:
  • Պետական ֆինանսները պետք է օգտագործվեն նպատակային, խնայողաբար և արդյունավետ:
  • ֆինանսական շուկաների զարգացման և կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել քայլեր՝ կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով:

 

Իրավունքի գերակայությունը և հանցավորության դեմ պայքարը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետականաշինության զարգացման ուղին տեսնում է Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության երաշխավորմամբ իրավական պետության կառուցման մեջ:

Իրավունքի գերակայության ամբողջական կենսագործումը հնարավոր է հետևյալ քայլերի պարտադիր իրականացմամբ ՝

  • իրավունքի, որպես մարդու՝ համընդհանուր և անհրաժեշտ ազատության, հավասարության (հավասար հնարավորությունների) և արդարության անհրաժեշտ ձևի սահմանում,
  • օրենսդրության մեջ իրավունքի ամբողջական ամրագրում և օրենքի գերակայության երաշխավորում,
  • օրինաստեղծ գործունեության բոլոր փուլերում, սոցիալական լեգիտիմության, սոցիալական անհրաժեշտության առկայության, մասնագիտական արհեստավարժության, գիտականության սկզբունքների պարտադիր առկայության ապահովում,
  • օրենսդրությունում իրավական որոշակիության ապահովում,
  • սոցիալական զարգացմանը զուգահեռ իրավունքի գերակայության արտահայտման այլ ձևերի շարունակական հայտնաբերում, ամրագրում և հետևողական կենսագործում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախանշել և հետամուտ է լինելու իրավունքի գերակայության հետևյալ հինգ սկզբունքների իրագործմանը՝

  1. պետական իշխանության ներկայացուցիչների՝ օրենքով սահմանված կարգով հաշվետվողականությանը,
  2. օրենսդրության արդարությանը, թափանցիկությանը, հստակությանը, հրապարակայնությանը, կայունությանը և հավասարապես կիրառելիությանը,
  3. արդարադատության անկախությանը, անկողմնակալությանը և անխուսափելիությանը,
  4. արդարադատության ժամանակին իրականացմանը՝ բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ, բարոյական, անկախ ու անկողմնակալ անձանց կողմից,
  5. իրավական կանխատեսելիության սկզբունքը։

Նկարագրված սկզբունքների հիման վրա, «Լուսավոր Հայաստան»-ը հետևողականորեն կյանքի է կոչելու հետևյալ գործառույթները, որոնք նախանշում են երկրում իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված գործողություններն ու դրանց ուղղությունները: Դրանք են`

  1. իշխանության ճյուղերի լիազորությունների օրենսդրական սահմանափակում, իշխանության ճյուղերի զսպումների և հակակշռման գործուն, արդյունավետ մեխանիզմների ներդրում և կիրարկում,
  2. պայքար կոռուպցիայի դեմ,
  3. օրինականությունը և անվտանգությունը,
  4. մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները,
  5. պետական բաց և թափանցիկ կառավարումը,
  6. օրենքի հարկադրումը,
  7. ընդհանուր դատական իշխանության (քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ) արդար, անկողմնակալ, ինչպես նաև սահմանադրական արդարադատության իրականացումը:

Միաժամանակ ահնրաժեշտ է, որ հանցավոր դրսևորումները ոչ միայն ժամանակին պատժվեն, այլև առաջին հերթին կանխվեն իրենց դրսևորման առաջնային օջախներում՝ առավել ընդունելի, օրինական սովորույթների և մշակույթի ներդրման միջոցով:

 

Կոռուպցիայի դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է իր բոլոր դրսևորումներով: Հետևաբար, «Լուսավոր Հայաստան»-ն իր գործունեությամբ պայքարելու է ինչպես կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ, որը կներառի՝

  • հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրում և կիրառում,
  • դատական համակարգի անկախության և արդարադատության անխուսափելիության ապահովում,
  • ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքար և պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ներդրում,
  • բնակչության իրավագիտակցության և իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրում։

 

Անվտանգությունը և պաշտպանությունը

«Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները պետք է ստանան անձնական անվտանգության ժամանակակից, բարձր երաշխիքներ, որոնք առավելապես կապված են սոցիալական, առողջապահական, ֆինանսական, տեղեկատվական, բնապահպանական և մշակութային անվտանգության ամրապնդման հետ:

Երկրի անվտանգության ապահովման համար պետք է շարունակաբար զարգացնենք ռազմական կարողությունները՝ ապահովելու ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը:

Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության բարձրացման, սպառնալիքների կանխարգելման և չեզոքացման նպատակով «Լուսավոր Հայաստան»-ը առանձնապես կարևորում է.

  • Զինված ուժերի նկատմամբ արդյունավետ ժողովրդավարական վերահսկողությունը,
  • ռազմական գնումների արդյունավետության և թափանցիկության ապահովումը,
  • արդիական ռազմական արդյունաբերության զարգացումը,
  • զինված ուժերում իրավունքի գերակայության և բարեվարքության ապահովումը,
  • ռազմաքաղաքական ուղղվածության գիտահետազոտական կենտրոնների գործունեության պատշաճ ֆինանսավորումն ու դրանց խորհրդակցական դերի բարձրացումը,
  • ժողովրդագրական անվտանգության ապահովումը,
  • ազգային անվտանգության նոր և արդի մարտահրավերներին համահունչ հայեցակարգի և ռազմավարական դոկտրինի մշակում և ընդունում։

 

Տնտեսական զարգացում

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը տեսնում է երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը երաշխավորող ռազմավարական ծրագրի հիման վրա, որի հիմքում դրված են լինելու կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումները:
  • Պետք է ապահովել ոչ միայն տնտեսական թվային աճ, այլ իրական տնտեսական զարգացում` աճի որակական և ներառական մասով: Դա վերաբերում է մարդկանց կյանքի որակի բարձրացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, առողջությանը, կրթությանը, շրջակա միջավայրին, սոցիալական պաշտպանվածությանը, սննդի անվտանգությանը և այլն: Տնտեսական աճը պետք է լինի ներառական, ապահովելով, որ այդ աճից օգտվեն հանրության բոլոր հատվածները:
  • Հայաստանը, հանդիսանալով փոքր երկիր` փոքր շուկայով, նախ և առաջ պետք է լինի մրցունակ արտաքին շուկաներում: Որպես զարգացման մոդել պետք է առաջնորդվել առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով, որի պարագայում արտահանումը հանդիսանում է տնտեսական աճի «սնման» կարևորագույն աղբյուր:
  • Անհրաժեշտ է ապահովել տնտեսության նորարար (ինովացիոն) զարգացումն ու որակական առաջընթացը, որի արդյունքում պետք է հասնել տնտեսությունում և դրա առանձին հատվածներում արտադրողականության շարունակական և շոշափելի աճի, ինչպես նաև մարդկանց կյանքի որակի բարձրացման:
  • Հայաստանը, որպես փոքր անցումային տնտեսությամբ երկիր, տեխնոլոգիական համաշխարհային մրցավազքի պայմաններում, պետք է կարողանա ձևավորել գիտական և ինստիտուցիոնալ կարողություններ` յուրացնելու համար աշխարհում արդեն իսկ հայտնի տեխնոլոգիաները` դրանք հետագայում ապրանքի վերածելով:
  • Գործարար միջավայրի բարելավման, բիզնեսի շահերի պաշտպանության ուղղությամբ անհաժեշտ է ներդնել գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ, որպես գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց:
  • Բոլոր բարեփոխումների կենտրոնում պետք է լինի ՀՀ քաղաքացին:
  • Խիստ կարևոր է պետության կողմից հավասար, մրցակցային միջավայրի ապահովումը: Տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների շարունակաբար կատարելագործումը ևս հանդիսանում է մեր կարևոր նպատակներից մեկը:

 

Բանկային համակարգը

Ազգաբնակչության համար բանկային ծառայություններից օգտվելու մատչելիության, հասանելիության, ինչպես նաև կանխատեսելիության բարձրացման նպատակով հարկավոր է իրականացնել հետևյալ գործողությունները.

  • ՀՀ Ազգային ժողովի կողմից Կենտրոնական բանկի նկատմամբ վերահսկողության նոր հայեցակարգի մշակում  և գործիքների ներդնում,
  • վարկավորման ժամկետանց տույժ տուգանքերի առավելագույն մեծության չափորոշիչների սահմանում,
  • բանկերի մասնաճյուղերի տարածքային տարածման խրախուսում դեպի սահմանամերձ շրջաններ,
  • «ՓԵՅ ՓԱԼ»  համակարգի ներդնում ՀՀ տարածքում,
  • բանկերի բաց բաժնետիրական ընկերությունների վերաձևակերպման խրախուսում,
  • բանկերի կողմից արժեկտրոնային արժեթղթերի թողարկում  և դրանց երկրորդական շուկայում վաճառքի խրախուսում,
  • ՀՀ ԿԲ կողմից կենտրոնական դեպոզիտարիայի աշխատանքերի կառավարման դադարեցում, նոր լիազոր անկախ մարմնի ստեղծում։

Հարկային և մաքսային քաղաքականությունը

Հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ կարողություններ: Հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը:

Անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել պատժողական քաղաքականությունից դեպի գործընկերային հարաբերությունների հաստատում հարկատուի հետ` պահպանելով չարամիտ կարգազանցություն դրսևորող հարկատուների նկատմամբ վարչական ներգործության անհրաժեշտ գործիքակազմը:

Հարկային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է շարունակաբար և հետևողականորեն կրճատել ստվերը, նվազագույնի հասցնել ստվերային աշխատավարձների վճարման արատավոր պրակտիկան, վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները՝ անցում կատարելով անշարժ գույքի միասնական հարկման արդարացի համակարգի, ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը:

  • հարկային և մաքսային  քաղաքականության  մեջ  իրականացնել ՊԵԿ և ֆինանսների  նախարարության  աշխատանքների  ներդաշնակեցման  և համագործակցության  ծրագրեր,
  • հարկային  բեռի  վերաբաշխում  դեպի  խոշոր  բիզնես՝ միջին և մանր  բիզնեսների  կամերալ ստուգումներ, հարկային արձակուրդներ 3 տարով և հարկերից ազատում գերփոքր տնտեսվարողների համար, որոնց վերջին երեք տարիների շրջանառությունը չի գերազանցում 60  մլն դրամը,
  • շրջանառության հարկի շեմի հստակ ամրագրում՝ 115 միլիոն դրամի չափով,
  • եկամտային հարկի միասնական դրույքաչափ՝ շահութահարկին հավասար,
  • շքեղության հարկի ներդրում
  • նվազագույն աշխատավարձի մոտեցում սպառողական միջին զամբյուղի արժեքային մեծությանը,
  • գույքահարկի հարկման բազայի վերանայում՝ հիմքում դնելով շուկայական արժեքը՝ նպատակ ունենալով գույքահարկի պարտավորության ծանրությունն ուղղել դեպի խոշոր սեփականատերեր,
  • հարկատեսակների քանակի կրճատում,
  • պետական ծառայողների, նրանց ընտանիքի անդամների և փոխկապակցված  անձանց եկամուտների  և  գույքի  պարտադիր  հայտարարագրում՝  և դրա մշտադիտարկում հարկային տեսչության կողմից,
  • կատարված կանխավճարների վերադարձ դրանց կատարման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանի ընթացքում՝ բացառությամբ օրենքով սահմանվածների,
  • առանձին տնտեսվարողներին հարկային արտոնությունների տրամադրման փոխարեն արտոնությունների իրավունքը տրամադրել ոլորտային խմբերին,
  • ամբողջովին  էլեկտրոնային  մաքսազերծում, ապրանքերի և ծառայությունների ներմուծման գներ սահմանելիս հսկիչ գների կիրառման համակարգի վերացում,
  • մաքսային և հարկային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության վերանայում՝ նվազ կարևորություն ունեցող իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների մեղմացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ խստացում,
  • վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտի վերանայում՝ նկատի ունենալով մինչև որոշակի սահմանը չգերազանցող գումարի հայտնաբերման դեպքում միայն նախազգուշացումով բավարարվելու պրակտիկան,
  • ներդնել գնումների անկանխիկ  վճարումները խրախուսելու մեխանիզմ՝ անկանխիկ գործարքների  համար բանկերին տրվող սպասարկման վճարներից որոշակի գումար գնում կատարող անձին վերադարձնելու եղանակով, տնտեսվարողներին պետության կողմից վաճառված ՀԴՄ սարքերի գումարը հաշվանցել  վճարելիք հարկերի  գանձապետական միասնական հաշվից։

 

Սոցիալական պաշտպանությունը

Հասարակության սոցիալական խնդիրների լավագույնս լուծման եղանակը կայուն տնտեսական աճի ապահովումն է: Սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է պայքարել սոցիալական անարդարության և դրա առաջացման պատճառների դեմ: Անհրաժեշտ է վերանայել ոչ նպատակային օժանդակության քաղաքականությունը` այն դարձնելով նպատակային և ընդլայնելով պետության կողմից տրամադրվող սոցիալական օժանդակությունը իրապես կարիքավոր խմբերին:

Անվճար ծառայությունները, այդ թվում` բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա:

Սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծումը պետք է հանդիսանան մեր կարևոր նպատակներից մեկը:

Սոցիալական ծառայություններ տրամադրելիս պետք է հաշվի առնել շահառուի իրական կարիքը:

Կարևոր ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը և զարգացումը, տեղական սոցիալական ծրագրերի մշակումը` համայնքի սոցիալական կարիքների գնահատման միջոցով, ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը, սոցիալապես անապահով աշխատողների թվի հետևողական նվազումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը:

Աշխատանքի շուկայի զարգացումը

Երկարաժամկետ հեռանկարում բնակչության թվի փոփոխումը ստեղծելու է լրջագույն մարտահրավերներ աշխատանքի շուկայում: Անհրաժեշտ է լինելու՝

  • ապահովել աշխատուժի շուկայի ճկունության բարձրացում և ստվերային զբաղվածության վերացում,
  • մասնագիտական կրթության  հիման վրա աշխատուժի որակի բարձրացում և մասնագիտական շարժունակության աճի խթանում,
  • աշխատուժի շուկայի և գործազուրկ քաղաքացիների կապի ստեղծում՝  հասցեականության բարձրացման նպատակով,
  • աշխատուժի շուկայի և կրթության փոխկապակցվածության հայեցակարգի մշակում և կիրառում՝ աշխատաշուկայի համալրման նպատակով,
  • դպրոցների բազայի հիման վրա ստեղծել մեծահասակների շարունակական կրթության հնարավորություններ, որտեղ կսովորեն նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ մաթեմատիկա, օտար լեզու և համակարգչային հմտություններ առարկաներից։

 

Երիտասարդական կադրային  քաղաքականությունը

Ինովացիոն զարգացման ապագան պետությանը ստիպում է մեծ ուշադրություն դարձնել այդ առաջընթացի հիմնական կրողներին՝ երիտասարդներին. այդ քաղաքականության հիմնական խնդիրները լուծվելու են հետևյալ մոտեցումներով՝

  • երիտասարդության հարաճուն ընդգրկում սոցիալական առօրյայի մեջ՝ նրանց ընձեռելով ինքնադրսևորվելու հնարավորություն  սոցիալական, մասնագիտական, կրթական, գիտական, ձեռներեցության ինքնաարտահայտման մեջ,
  • կադրային բանկի ստեղծում՝ մինչև 30 տարեկան սահմանափակմամբ՝  յուրահատուկ պետական հոգածության ինստիտուտների կիրառմամբ,
  • խթանել երիտասարդների միջմշակութային շփումները,
  • ստեղծել ուսանողների և աշակերտների փոխանակման ծրագրեր Հայաստանի և սփյուռքի գաղթօջախների միջև։
  • Երիտասարդների կարողությունների բացահայտում, հմտությունների զարգացում և նրանց ընդգրկում կարևորագույն ոլորտներում՝ պահպանելով ՀՀ-ում համաչափ զարգացման պայմանները,
  • Երիտասարդների կարիքների գնահատում և առավել ընդգրկուն երիտասարդական պետական քաղաքականության մշակում,
  • Հասարակական կյանքին երիտասարդների մասնակցության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն,
  • Հասարակական կյանքին երիտասարդների (այդ թվում՝ նաև խոցելի խմբերի) և երիտասարդական աշխատողների մասնակցությանն ուղղված ծրագրերի խթանում:

 

Ինովացիոն միջավայրը

Ինովացիոն միջավայրը կարգավորելու համար անհրաժեշտ են՝

  • ինովացիոն արտադրանքի խթանման պետական գործիքների ներդնում,
  • Գիտությունների ակադեմիայի և արտադրության կոմերցիոն համագործակցության  խթանում,
  • ձեռնարկությունների և գիտական կենտրոնների  կոմերցիոն համագործակցության  ներդնում,
  • ինովացիոն ձեռնարկություններում մասնավոր ներդրումների խթանման պետական մոտեցում,
  • ինովացիոն վենչուրային ֆոնդերի ստեղծում,
  • արդի ինովացիոն զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի ներդնում  ԲՈՒՀ-երում։

 

Առողջապահությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը պետք է լինի որակյալ, արդյունավետ, հասանելի և թափանցիկ:

Անվճար բժշկական օգնությունը պետք է տրամադրվի միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած մարդու կողքին:

Կարևոր ենք համարում բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովումը, հասանելիությունը, հիվանդությունների մշտադիտարկումը և վաղաժամկետ կանխարգելումը, առողջ ապրելակերպի խրախուսումը, պետական առողջապահական ծախսերի նպատակայնության բարձրացումը, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, առողջապահական ծառայությունների շուկայական և մրցակցային գնագոյացումը, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի աստիճանաբար ներդրումը, լաբորատոր համակարգի զարգացումը, պետական բյուջետային միջոցների բաշխման նպատակային, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ապահովում, մարզային հիվանդանոցների արդիականացումը, առողջապահական համակարգի կողմից նոր ծառայությունների մատուցումը, համակարգի կարողությունների զարգացումը, բժշկական ծառայությունների արտահանումը (բժշկական տուրիզմ), ՀՀ-ում նեղ մասնագիտական ծառայությունների խմբերի (clusters) և որակական զարգացման ազգային ծրագրերի ներդրում, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարությունների ներդրումը:

Վերոհիշյալ նպատակների իրականացման համար իրականացվելիք քայլերն են.

  • բարձրացնել պոլիկլինիկական ծառայության որակը, հասանելիությունը, ծավալները,
  • կարգավորել հիվանդությունների բաժանումը կատեգորիաների. պետպատվեր, համավճարային, վճարովի՝ վերանայելով գնացուցակները, բացառելով, մասնավորապես, համավճարի նվազագույն աշխատավարձից եռապատիկ և ավելի բարձր լինելը,
  • որոշակի բժշկական միջամտություններ ու միջոցներ դարձնել բացառապես անվճար, այդ թվում՝ արյան ու արյան փոխարինիչների փոխներարկումը, շտապ ցուցումներով ԿՏ հետազոտության անցկացումը, սրտի անոթների ստենտավորումը, գլխուղեղի անոթների էնդովասկուլյար վիրահատությունները և այլն,
  • ներդնել պետական միջոցների նպատակային ծախսերի վերահսկողական մեխանիզմներ պետպատվեր կատարող հիվանանոցներում,
  • ապահովել երեխաների անվճար բուժսպասարկումը Հայաստանի ցանկացած բուժ.հաստատությունում՝ առանց պոլիկլինիկաների նախնական ուղեգրման,
  •  խրախուսել մարզերում բժիշկների աշխատանքը,
  • բնակչությանը դեղաապահովման պետական կանոնակարգում և կառավարում՝ համակարգում աշխատավարձի ֆոնդի պատշաճ մակարդակի, գնագոյացման  և ֆինանսների թափանցիկության ապահովում,
  • խրախուսել բժշկական ոլորտում նեղ մասնագիտական բուժ. հաստատությունների ուղղությամբ արդիական տեխնոլոգիաներ նախատեսող ներդրումներ։

 

Արդյունաբերությունը

Արդյունաբերության խթանման բնագավառում անհրաժեշտ նվազագույն քայլերն են.

  • գիտության և արտադրության միջև կապի հարթակի ստեղծում
  • համագործակցային կապերի հիմնում ԵԱՏՄ և ԵՄ արդյունաբերական կենտրոնների  հետ,
  • վերամշակող արդյունաբերության կշռի ավելացում արդյունաբերության ընդհանուր կառուցվածքի մեջ,
  • պարապուրդի մատնված և սեփականաշնորհված ձեռնարկությունների պորտֆելի  դիտարկում, գույքագրում, առողջացման ծրագրի իրականացում,
  • թեթև արդյունաբերության զարգացման խթանում հարկային արձակուրդների միջոցով,
  • «Ներդրողների աջակցման  տան» գաղափարի իրագործում։

 

Գյուղատնտեսությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է.

  • գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը,
  • բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը,
  • գյուղատնտեսական արտադրանքի ավելացումը,
  • պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը,
  • արդիական տեխնոլոգիաների ներդրումը,
  • ներմուծման փոխարինումը, արտահանման ծավալների ավելացումը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
  • գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցությունը,
  • ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը,
  • հակակարկտային ցանցերի ներդրմանն ուղղված պետական աջակցությունը,
  • գյուղատնտեսական մթերքներ վերամշակող հատվածին աջակցության տրամադրումը, այդ թվում՝ գյուղվերամշակման ոլորտի վարկավորման սուբսիդավորումը,
  • գինեգործության մրցունակության և գինու որակի բարձրացումը,
  • գյուղատնտեսական վարկերի տրամադրման պետական աջակցությունը,
  • գյուղատնտեսական ապահովագրության աստիճանական ներդրումը,
  • ցանքաշրջանառության համապետական քարտեզի  ձևավորում,
  • ՀԷԿ շինարարության թույլատրում միայն բարձր լեռնային շրջաններում,
  • համայնքների հողային ֆոնդի քարտեզագրում և տիեզերական նկարահանում։

 

Սննդամթերքի անվտանգությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում սննդամթերքի անվտանգության կարողությունների և որակի ենթակառուցվածքների հետևողական զարգացումն ու արդիականացումը, որի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի արդյունավետությունը:

 

Բնապահպանությունը

Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:

Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:

Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:

 

Բնական պաշարները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է մեր երկրի բնական պաշարներն արդյունավետ և թափանցիկ օգտագործելու խնդիրը, քանի որ դրանք այսօրվա և ապագա մեր սերունդների անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից են։

Ջրային տնտեսությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է ջրային տնտեսության համակարգի հետագա զարգացման ու բարեփոխումների, ինչպես նաև ֆինանսական

կայունության ապահովումը, ենթակառուցվածքների ու ոլորտային հաստատությունների ինքնաբավ և տնտեսապես անկախ գործունեությանը նպաստող կառավարման նոր համակարգերի ներդրումը, տարբեր համայնքների բաշխիչ ցանցերի բարելավումը՝ ջրակորուստների կրճատման, ջրի բաշխվածության ապահովման նպատակով, ջրի որակի բարձրացումը, սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավումը, խմելու ջրի նոր ռազմավարության ներդրումը:

Կարևորվում է նաև ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային, ինչպես նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ոռոգման համակարգի զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը, նոր տեխնոլոգիաների և կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ոռոգման արդյունավետության բարձրացման, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգի ներդրումը:

 

Էներգետիկ համակարգի արդիականացում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում երկրի ունեցած զգալի ներուժի իրացումը, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացումը, էներգախնայողության ապահովումը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ապահովումը` հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման, էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաները, կապը և տրանսպորտը

ՏՀՏ և կապի բնագավառում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում ենթակառուցվածքների բարելավումը, որակյալ փոստային կապի ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարևորում ենք.

  • նոր աշխատատեղերի ստեղծումը,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, կիբեռանվտանգության և անհատական տվյալների պաշպանության բարձրացման ապահովումը,
  • որակյալ մասնագիտական կարողությունների զարգացումը,
  • ՏՀՏ զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը,
  • հայկական բրենդի ձևավորումը,
  • մրցունակության բարձրացումը,
  • ՀՀ մարզային համայնքներում հագեցած նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը,
  • գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցության խթանումը,
  • աշխարհում հայտնի տեխնոլոգիաների յուրացման համար ինստիտուցիոնալ և գիտական կարողությունների ստեղծումը և շարունակաբար զարգացումը,
  • գիտական արդյունքների առևտրայնացման խթանումը,
  • տեղական մրցունակ ՏՏ արտադրանքի օգտագործումը,
  • ՏՀՏ ծառայությունների մատուցման որակի, արագագործության, հասանելիության բարձրացումը:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տրանսպորտի ոլորտում կարևորում է.

  • ճանապարհների որակի ու անվտանգության զգալի բարելավումը,
  • տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակական զարգացումը,
  • տրանսպորտի ոլորտում մրցունակության, փոխադրումների, ծառայությունների հասանելիության ապահովումը,
  • բեռնային փոխադրումների ծավալների մեծացումը,
  • մասնավոր ներդրումների ներգրավումը,
  • ճանապարհային տնտեսության կառավարման համակարգի շարունակական զարգացումը,
  • համապետական երթուղային ցանցի կազմավորում,
  • միասնական երթուղային ցանցի մասնավոր օպերատորի ներգրավումը,
  • էլեկտրոնային կառավարման և միասնական տոմսի համակարգի ներդրումը,
  • տրանսպորտային անվտանգության ապահովումը,
  • տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության և գազաբալոններ շահագործման կարգավորումը,
  • երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացումը,
  • ՀՀ-ում այլընտրանքային վճարովի ճանապարհների ստեղծումը,
  • մատչելի ավիափոխադրումների կազմակերպումը,
  • բյուջետային ավիաընկերությունների ներգրավումը,
  • չվերթների աշխարհագրության ընդլայնումը,
  • փոքր ավիացիայի զարգացումը,
  • ուղղաթիռային պարկի ձեռք բերում գյուղատնտեսական ագրոքիմիայի և տուրիստական նպատակների իրականացման համար,
  • ուղևորափոխադրող տնտեսվարողներին ԱԱՀ  10 տոկոսանոց  դրույքաչափի կիրառում հինգ տարի ժամկետով՝ շարժակազմի արդիականացման պարտավորությամբ,
  • լոուկոստերների հետ համագործակցություն՝ ճկուն դիսկոնտային սակագնային պլանով,
  • էլեկտրամոբիլների քանակի ավելացման պետական խրախուսում՝ մաքսային վճարների և գույքահարկի գործիքների օգնությամբ, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում։

 

Կրթությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիտարկում է կրթության ոլորտը որպես մարդկային կապիտալի զարգացման և երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար առանցքային նախապայման:

Զարգացած, որակյալ, արդյունավետ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող, ապագային միտված ազգային կրթական համակարգ ունենալը մեր կարևորագուն նպատակներից մեկն է:

Կարևոր ենք համարում հանրակրթության որակի և աշխարհագրական մատչելիության բարձրացումը, վերջինիս բովանդակության և ծրագրերի վերանայումը, նոր սերնդի դասագրքերի ներդրումը, կրթական գործընթացի վերանայումը, ստեղծագործական և վերլուծական մտածողության ձևավորման և զարգացման նպաստումը, ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնումը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակի շարունակական բարձրացումը և ՀՀ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցումը, բարձրագույն կրթության որակի, արդյունավետության և հասանելիության բարձրացումը, կրթական ծրագրերում հետազոտական ու նորարական բաղադրիչների զարգացումը, կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը, առանձին ոլորտներում (օրինակ` բնագիտական, ինժեներական և այլն) գիտակրթական կլաստերների ձևավորումը` բուհ-գիտահետոզատական ինստիտուտ-գործատու ֆորմատով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերոհիշյալ առաջնահերթությունների իրագործման նպատակով իր քաղաքական ծրագրում նախատեսում է հետևյալը՝

  • Ապահովել տնտեսության և կրթության/գիտության միջև սերտ փոխգործակցությունը՝ հարկային արտոնություններ տրամադրելով բուհերի հետազոտական-նորարական նախաձեռնություններում ներդրում կատարող ձեռնարկություններին,
  • Բարձրագույն կրթության արտահանման կենտրոնի ստեղծում,
  • Կրթության բոլոր մակարդակներում ձևավորել  կրթական բովանդակության ժամանակակից միտումներին համահունչ մոտեցումներ՝ ապահովելով անցում հիշողության վրա հիմնված ուսումնառությունից դեպի վերլուծական մտածողություն և ինքնաուսուցման կարողություններ, կիրառական հմտություններ,
  • Ապահովել կրթության համադրելիությունը և որակավորումների միջազգային փոխճանաչումը,
  • Կրթության բոլոր մակարդակներում ներդնել նյութական և մարդկային ռեսուրսների ծախսարդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
  • Ստեղծել տարբերակված կրթական հնարավորություն՝ ըստ ուսումնառողի մասնագիտական աճի նախասիրության և ընդունակության,
  • Նվազեցնել պետության մասնակցությունը կրթական հաստատությունների կառավարմանը՝ երաշխավորելով կրթական և գիտական գործունեության, ռեսուրսների տնօրինման ավելի բարձր մակարդակի ինքնուրույնություն,
  • Ներդնել բուհերի հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմներ, պետական ֆինանսավորումը տրամադրել ոչ թե ըստ ուսումնառողների թվի, այլև կատարողական ցուցանիշների՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով,
  • Կրթության բովանդակությունը նախանշել երեք առաջնահերթությունների թիրախավորմամբ՝ մասնագիտական կրթություն, անձի ներդաշնակ զարգացում (արժեքահեն կրթություն/դաստիարակություն) և բարձր քաղաքացիական գիտակցություն,
  • Իրականացնել կրթության ոլորտում ներգրավված կադրերի շարունակական վերապատրաստում, զարգացման խրախուսում, շրջափուլային գնահատում, տարբերակված վարձատրության մեխանիզմների ներդրում՝ ըստ որակավորման/գիտամեթոդական արդյունքի,
  • Կարևորել փոխանցելի հմտությունների (հաղորդակցության և թիմային աշխատանքի հմտություններ, լեզվական կարողություններ, ՏՀՏ գրագիտություն և այլն) ձևավորումը, ինչպես նաև՝ ինքնուրույն գործունեության, ստեղծարարության և ձեռներեցության կարողությունների ձևավորումը կրթական շրջափուլերի ավարտին,
  • Աշխատանքներ տանել բարձրագույն կրթական հաստատություններին կից  ինկուբատորներ,  ստարտափների աջակցության կենտրոններ հիմնելու՝ շրջանավարտների ձեռներեցությունը խթանելու ուղղությամբ,
  • Վերանայել բարձրագույն կրթական հաստատությունների առաջնային գործառույթները՝ խթանելով գիտահետազոտական արդյունքի ստեղծումը,
  • Երկրի զարգացման ռազմավարությանը և համաչափ տարածքային զարգացման առաջնահերթություններին համահունչ նախաձեռնել բարձրագույն կրթական հաստատությունների վերաբաշխման գործընթաց՝ ըստ մարզերի,
  • Ներդնել շրջափուլային մշտադիտարկման և որակի գնահատման մեխանիզմներ կրթական բոլոր մակարդակներում,
  • Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրի միջոցով,
  • Մտավոր սեփականության նոր օգտակար մոդելների, ապրանքային նշանների գրանցում առևտրային համաշխարհային հարթակներում և ԱՄՆ պատենտային բյուրոյում,
  • Նախադպրոցական հաստատությունների  ֆինանսավորման  աճ  պետական և համայնքային  բյուջեներից   կատարվող  հատկացումների  միջոցով,
  • Ուսումնամեթոդական նյութերի և երաշխավորությունների մշակում` գործատուների ներկայացուցիչների  ներգրավմամբ,
  • Օտարերկրյա  առաջատար բուհերի  հետ  փոխանակման և վերապատրաստման ծրագրերի  ծավալների  ընդլայնում, ուսանողներին և բուհերին  նպատակային կրթաթոշակների և դրամաշնորհների  տրամադրում,
  • Որակավորումների ազգային համակարգի համադրելիության ապահովում Որակավորումների եվրոպական շրջանակին,
  • Մասսայական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ֆիզիկական դաստիարակման, մասսայական սպորտի ենթակառուցվածքների համակարգի զարգացում,
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հաստատությունների ինֆորմացիոն բանկի և ռեեստրի ստեղծում,
  • Կրթության համակարգի՝ որպես  սոցիալական զարգացման գործիքների միասնության բարելավում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով սոցիալական բոլոր խավերի համար  կրթության ծառայությունների հասանելիությանը և ներառականությանը,
  • Խթանել մասնավոր ինովացիոն արտասահմանյան բիզնեսի ներգրավումը գիտության ոլորտ՝ արդյունքների համապատասխան արտոնագրմամբ,
  • Բարձրացնել գիտական արդյունքի առևտրայնացման  և տեխնիկական կիրառման մակարդակը,
  • Հիմնարար գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման պետական  ծրագիր ներդնում,
  • Բոլոր մանկավարժների համար սահմանել անհրաժեշտ նվազագույն շեմ մաթեմատիկա, անգլերեն և համակարգչային հմտություններ առարկաներից. այս նպատակով դպրոցական բազայի հիման վրա ստեղծել մանկավարժների վերապատրաստման կենտրոններ և բոլորին հասցնել այդ մակարդակին,
  • Մանկավարժների աշխատավարձերը կտրուկ բարձրացնել՝ խթանելով լավագույն կադրերի հոսքը դեպի դպրոցներ,
  • Դպրոցների շենքային պայմանների նվազագույն ընդունելի շեմ սահմանել և առաջիկա հինգ տարում վերանորոգել բոլոր այն դպրոցները, որոնք չեն համապատասխանում սահմանված պայմաններին,
  • Դպրոցների նյութատեխնիկական և լաբորատոր պայմանների նվազագույն շեմ սահմանել և առաջիկա հինգ տարում համալրել բոլոր այն դպրոցները, որոնք չեն համապատասխանում սահմանված պայմաններին։

 

Գիտությունը

Չափազանց կարևորում ենք, որ ՀՀ գիտության ոլորտը լինի մրցունակ, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունները խթանող, միջազգային գիտական և հետազոտական տարածքի հետ ինտեգրված, ստեղծարար, նորարար և մրցունակ տնտեսության ձևավորմանը և երկրի անվտանգությանը նպաստող համակարգ:

Նպատակահարմար ենք համարում գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը, այդ արդյունավետության գնահատման կոնկրետ չափանիշների ներդրումը, գիտական ենթակառուցվածքների արդիականացումը, գիտական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ներդրումը, գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման և երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխանող և տնտեսության պահանջներից բխող գիտական հետազոտությունների ուղղություններում ռեսուրսների կենտրոնացումը, շեշտակի զարգացում ապահովող առանձին տեխնոլոգիաների ոլորտներում գիտական և գիտատեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը, աշխարհին հայտնի տեխնոլոգիաների յուրացման համար գիտական ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծում:

 

Մշակույթը

Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և ծառայությունների մատուցմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից մշակութային զարգացումներին հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը, ազգային ինքնության և քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված հասարակության ձևավորմանը:

Նշված ուղղություններով հարկավոր է իրականացնել.

  • մշակութային ժառանգության մատչելիության ապահովման նպատակով իրականացնել տեղեկատվական-հաղորդակցական նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրում,
  • մշակութային կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ավելի լայն հնարավորությունների ընձեռում,
  • պատմամշակութային հուշարձանների, թանգարանների և գրադարանների պահպանում ու բարեկարգում՝ տուրիստական հոսքերի ուղղորդում դեպի այդ հաստատություններ,
  • մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների վերանորոգում և նյութատեխնիկական բազայի ապահովում,
  • մշակութային և գիտալուսավորչական հաղորդումների տեսակարար կշռի ավելացում հանրային հեռուստատեսության եթերում,
  • մշակութային ժառանգության միջոցով արտասահմանում Հայաստանի դրական ընկալման ձևավորում,
  • գրադարանային, թանգարանային, արխիվային, կինոֆոտո, տեսանկարահանումների և ձայնային ֆոնդերի համալրում և հարստացում,
  • թանգարանային ֆոնդի ցուցանմուշների պահպանության դրոշմապիտակավորման համակարգի  ներդնում,
  • պետական մշակութային գաղափարախոսության ստեղծում,
  • մշակութային կառույցների կառավարման օրենքի փոփոխություն,
  • մշակութային ենթակառուցվածքների ապակենտրոնացում՝ պահպանելով Հայաստանի մշակութային ամբողջականությունն ու մարզերում համաչափ զարգացման հնարավորությունը
  • մշակույթի ազատականացում և անկախացում պետության հովանավորչությունից
  • Մեղրի-Իրան-Արցախ մշակութային հանգույցի ձևավորում
  • մարզերում և մայրաքաղաքում ժամանակակից արվեստի կենտրոնների, դպրոցների ստեղծում և վերագործարկում
  • մշակութային կենտրոնների ակտիվացում միջազգային հարթակներում:

Երիտասարդական քաղաքականություն

  • Ապագայի նկատմամբ վստահություն ունեցող երիտասարդներն են ստեղծելու ամուր և առողջ ընտանիք, անվտանգ և առաջ ընթացող երկիր:
  • Երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում կարևորում ենք երիտասարդների լիարժեք ինքնադրսևորվելու, երջանիկ լինելու համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը, կրթումը, երիտասարդության զբաղվածության ապահովումը,
  • երիտասարդների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին մասնակցության բարձրացումը:
  • Կարևորում ենք նաև սպորտի մասսայականացմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը, ֆիզիկական դաստիարակությունը, պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, մանկապատանեկան սպորտի զարգացումը, մարզիչ-մանկավարժների պատրաստումն ու վերապատրաստումը, մարզադահլիճների գույքով ապահովումը:

Զբոսաշրջությունը

Ամբողջ աշխարհում Հայաստանի զբոսաշրջության մրցունակության շարունակական բարձրացումը, զբոսաշրջիկների թվի շարունակական և զգալի աճը պետք է հանդիսանան մեր կարևոր նպատակներից մեկը:

ՀՀ տուրիզմի  զարգացումն  ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրականացվեն բարեփոխումներ  հետևյալ  հիմնական  ուղղություներով՝

  • ճանապարհային ենթակառուցվածքներին զուգահեռ տուրիստական ենթակառուցվածքների  խտության  ավելացում,
  • էկոլոգիական, գյուղական ապրելակերպի տուրիզմի զարգացման պետական օժանադակություն, ազգային բաղադրիչների խթանում,
  • տուրիստական խաչմերուկների գաղափարի ներդնում՝ ներառելով տեղեկատվական օգնություն և ոստիկանության, արագ արձագանքման պետական կառույցների օժանդակություն, կապի, համացանցի հասանելիության ապահովում տուրիստական խաչմերուկներում,
  • ՀՀ ջրային ավազանների  մերձակա տարածքների բարեկարգում և ջրային սպորտաձևերին առնչվող տուրիստական հոսքի կազմակերպում,
  • թարգմանչական  ծառայությունների ավելացում, բուհերի հետ սերտ համագործակցություն էքսկուրսավարների պատրաստման  բնագավառում,
  • Գյումրի  և Սևան ուղղություններով Էլեկտրական  շարժակազմերի  սեզոնային  չվացուցակի  ներդնում,
  • բժշկական տուրիզմի զարգացում,
  • համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների ստեղծում՝դրանք միասնական  «Տուրիզմ» շտեմարան-ռեեստրին միացնելու համացանցային լուծումով

 

Քաղաքաշինությունը

Քաղաքաշինության բնագավառում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը, քաղաքաշինական գործունեության արդյունավետության բարձրացումը, քաղաքաշինության բնագավառում ներդրումային գրավչության և գործարար միջավայրի բարելավումը, ազատ մրցակցային դաշտի ստեղծումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, շինարարական կազմակերպությունների նորագույն տեխնոլոգիական և տեխնիկական հագեցվածության բարձրացումը, մրցունակ մասնագետների պատրաստումը, շենքերի և շինությունների սեյսմակայունության և հուսալիության ապահովումը, բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրների, ճարտարապետական գործունեության և կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգումը, շինարարության անհրաժեշտ որակի ապահովումը, շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը:

 

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

«Լուսավոր Հայաստան»-ի գործունեության առաջնահերթություններից է քաղաքացիական հասարակության գործունեությանը նպաստելը և արդյունավետ համագործակցության մեխանիզմների մշակումն ու ներդրումը: Կայացած քաղաքացիական հասարակությունն աջակցում է երկրում ժողովրդավարական բարեփոխումներին, օժանդակում և թեթևացնում է պետական կառավարման աշխատանքը՝ տեղեկացնելով, քննարկելով և առաջարկելով կառուցողական լուծումներ հանրային կարևորության տարբեր խնդիրների և իրադարձությունների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան»-ի նպատակն է համապատասխան օրենսդրական փոփոխությունների և պետական օժանդակության միջոցով զարգացնել և լիովին օգտագործել քաղաքացիական հասարակարության ներուժը, աջակցել դրանց առավել արդյունավետ և հաշվետվողական գործունեության խթանմանը, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև դառնալ համագործակցության կամուրջ` քաղաքացիական հասարակության ձայնը լսելի, իսկ ձևավորած քաղաքական օրակարգը որոշումներ կայացնողների համար հասանելի դարձնելու նպատակով:

Սփյուռքը

Հայաստանը պետք է դառնա ամբողջ հայության միավորման, նրա հնարավորությունների, կարողությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն:

Մեր նպատակն է սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման

բանաձևը գտնելն է, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն:

Հայաստան-Սփյուռք գործակցությունը պետք է հիմնված լինի միասնականության, պատասխանատվության և թափանցիկության արժեքների վրա: Այդ գործակցության զարգացումը, հայության ներուժի համախմբումը և նպատակային օգտագործումը, նրա բոլոր հատվածների միասնականության ապահովումը պետք է լինի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն գործոններից մեկը։

Սփյուռքը այսօր հանդիսանում է մեր երկրի մրցակցային առավելությունը: Բազմաթիվ ոլորտներում սփյուռքի մեր հայրենակիցները ունեն հարուստ փորձառություն, գիտելիք և հմտություններ, որոնց ներդրումը Հայաստանում կարող են առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք:

Կարևոր ենք համարում սփյուռքահայերի ինքնակազմակերպումը, ինտեգրումը, ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությունը, սփյուռքի ներուժի թիրախային օգտագործումը, ներուժի և կարողությունների բացահայտումը և գնահատումը, կապերի սերտացումը և համագործակցության խորացումը, առաջնահերթությունների հստակեցումը, համահայկական կառույցների և անհատների հետ համատեղ ծրագրերի իրականացումը, սփյուռքի ներուժի զարգացման և ներգրավման ծրագրերի մշակումը և իրականացումը, այդ թվում՝ ըստ երկրների, Հայաստանում առկա ներդրումային ծրագրերի, ներդրումային հնարավորությունների, այդ թվում՝ արտոնությունների, արտահանման առավելությունների, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային առավելությունների վերաբերյալ տեղեկատվությունը սփյուռքահայերին հասանելի դարձնելը, սփյուռքահայ մասնագետների գործունեությանն աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, համատեղ առողջապահական և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի իրականացումը, տեխնոլոգիաների յուրացմանն ուղղված ծրագրերում՝ այդ ոլորտում գիտական ներուժ ունեցող սփուռքահայ մասնագետների և գիտնականների ներգրավումը, թույլ կազմակերպված համայնքների համախմբմանը աջակցության ցուցաբերումը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը, ուսուցողական ձեռնարկների, դասագրքերի և այլ նյութերի տրամադրումը, հայրենաճանաչության ծրագրերի իրականացումը, սփյուռքի երիտասարդական և մշակութային կենտրոնների զարգացումը, սփյուռքի հայալեզու ԶԼՄ-ների հետ տեղեկատվական համագործակցությունը և աջակցությունը, Հայաստանում բնակվող սփյուռքահայերի սոցիալական և տնտեսական ինտեգրումը, հայրենադարձության ապահովման ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակումը և իրականացումը: