Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում ընդունել է Մերձդնեստրի փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանին

584

Այսօր, նոյեմբերի 24-ին, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ։

Մայիլյանը գոհունակությամբ է նշել երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների և թե՛ պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջև։

Արցախի արտգործնախարարը բարձր է գնահատել նախօրեին՝ նոյեմբերի 23-ին, Ստեփանակերտում կայացած՝ փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրումը։ Կողմերի գնահատմամբ՝ համաձայնագիրը կլրացնի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան և կարևոր քայլ կհանդիսանա տնտեսության ոլորտում կայուն փոխգործակցության հաստատման համար։

Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների և համատեղ գործնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։