Հայաստանում տպագրված գրքերը` «էքստրեմիստական գրականություն»

1989

Հայաստանում տպագրված գրքերը էքստրեմիստական գրականություն են համարվում եւ չեն կարող ներմուծվել Ադրբեջան. համենայնդեպս, օրեր առաջ ադրբեջանցի սահմանապահները այս բացատրությունն են տվել լրագրող Շահին Ռզաեւին, երբ վերջինիս ճամպրուկից առգրավել են Հայաստանում տպագրված` ղարաբաղյան հակամատության ու հայ – թուրքական հարաբերությունների մասին պատմող գրքերը:

Ռզաեւը Ադրբեջանի ամենահայտնի լրագրողներից մեկն է, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի տեղի մասնաճյուղի ղեկավարը, ով մի քանի անգամ եղել է Հայաստանում եւ մինչ օրս էլ պարբերաբար համագործակցում է հայաստանցի գործընկերների հետ:

«Հունիսի 9-ին էր, վերադառնում էի Թբիլիսիից, որտեղ մի խորհրդաժողովի ժամանակ հանդիպեցի հայ գրող Թաթուլ Հակոբյանին, նա վերջերս նոր գիրքն էր հրատարակել` «Հայերն ու թուրքերը»: Օգտվելով առիթից՝ գնեցի ե՛ւ այդ գիրքը, ե՛ւ նրա նախորդ աշխատությունը`«Կանաչ ու սեւ. արցախյան օրագիրը», – պատմում է ադրբեջանցի լրագրողը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կայքում հրապարակած հոդվածում:

Հայաստանում տպագված այս գրքերը, սակայն, այդպես էլ Բաքու չեն հասել, Ադրբեջանի սահմանը հատելիս մաքսավորները միանգամից առգրավել են դրանք, չեն օգնել ոչ լրագրողի վկայականը, ոչ էլ Ռզեւի բացատրությունները: Վերջինս հետաքրքրվել է, թե ինչպես են սահմանապահները որոշել, որ սա էքստրեմիստական գրականություն է, եթե չեն կարդացել: Ի պատասխան, ադրբեջանցի սահմանապահը պարզաբանել է` ողջ աշխարհին է հայտնի, որ հայերը քարոզչական պատերազմ են մղում Ադրբեջանի դեմ:

«Լավ, եթե այդպես է, արդյոք մենք չպե՞տք է ուսումնասիրենք նրանց քարոզչությունը, որպեսզի կարողանանք հակազդել», – շարունակել է ադրբեջանցի լրագրողը` փաստելով, որ անհնար է արձագանքել հակառակ կողմի գրածներին, եթե դրանք չես կարդացել:

Այստեղ, թերեւս, ադրբեջանցի սահմանապահներիի համբերությունը սպառվել է, լրագրողին իջեցրել են գնացքից եւ ուղեկցել հատուկ սենյակ, որտեղ էլ շարունակվել են քննարկումները Հայաստանից բերված գրքերի եւ դրանց օրինականության վերաբերյալ:

«Ես բացատրում էի, որ արդեն մեկ տասնամյակից ավելի կանոնավոր համագործակցում եմ հայաստանցի լրագրողների հետ, եւ անգամ հայ լրագրողների հետ հանդիպել եմ նախկին նախագահ Հեյդար Ալիեւին, որի որդին այժմ ղեկավարում է Ադրբեջանը», – պատմում է Շահին Ռզաեւը:

Այս փաստարկներից որեւէ մեկը, սակայն, այդպես էլ չի համոզել սահմանապահներին, թեեւ ինչ-որ բան, այդուամենայնիվ, փոխվել է: Առգրավման մասին պաշտոնական փաստաթղթում, մասնավորապես, մաքսավորները «էքստրեմիստական գրականության» փոխարեն որպես պատճառ նշել են` գրքերը տպագրված են Հայաստանում: «Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես փորձեի ներմուծել, ասենք, «Եվգենի Օնեգին»-ի հայաստանյան հրատարակությունը, դա է՞լ էիք առգրավելու», – հարցին սահմանապահ այդ զորախմբի ղեկավարը պատասխանել է` «երբ ներմուծեք, այդ ժամանակ էլ կորոշենք` ինչ անել»:

Բաքվում արդեն լրագրողը զրուցել է իրավապաշտպանների ու փորձագետների հետ, Media Law Institute-ի փաստաբան Ռաշիդ Հաջիլին նշել է, թե այս միջադեպը եւս մեկ անգամ վկայում է երկրում առկա գրաքննության ու մարդու իրավունքների ոտնահարման մասին: Փաստաբանը պարզաբանել է, որ անգամ օրենքով արգելված գրքերը կարող են ներմուծվել մեկ օրինակով` միայն անձնական օգտագործման համար, ավելին, փորձագետի խոսքով, սահմանապահները այդօրինակ որոշում կայացնելու իրավունք ընդհանրապես չունեին: «Ցանկացած գրականություն արգելելու որոշումը կայացվում է միայն ու միայն դատարանի կողմից», – պնդել է փաստաբանը:

Լրագրող Շահին Ռզաեւը նշում է, որ նախորդ տարիներին ինքը մի քանի անգամ եղել է Հայաստանում ու միշտ առանց որեւէ խնդրի իր հետ հայկական գրքեր, խմիչքներ ու ծխախոտ է տարել Ադրբեջան: «Թերեւս այժմ կանոնների խստացման պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են», – ենթադրում է ադրբեջանցի լրագրողը, ով այս մասին գրել էր նաեւ Ֆեյսբուքում` ընդգծելով. – «Թող բոլորն իմանան՝ երբեմն ինչպիսի հիմարներ են մեր երկրում որոշումներ կայացնում»:

http://www.azatutyun.am/content/article/25015591.html

Հեղինե Բունիաթյան, Ազատություն ռադիոկայան

Հրապարակված է՝ 13.06.2013