Պատերազմը մտել է մեր տուն

1444

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

—-

Առաջին գլուխ

Լարիսա Չախոյանը 2006թ. փետրվարին` նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի միջևՌամբույեի հանդիպման նախօրեին, թերթի միջոցով դիմում է Հայաստանի ղեկավարին և խնդրում Ադրբեջանի առաջնորդի հետ քննարկել նաև իր որդու և հարյուրավոր մյուս անհետ կորածների ճակատագիրը:

ՙԵս մոր սրտով զգում եմ, որ իմ որդին կենդանի է, գտնվում է Բաքվում, ես ամեն վայրկյան զգում եմ, թե նրա հետ ինչ է կատարվում՚,- գրում է Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:1

Վերջին անգամ որդին Բաքվի բանտից ծնողներին գրել է 1999թ. հուլիսին: ՙԻնձ շուտ հանեք այստեղից: Ես ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ գալ Հայաստան, աշխատեք թող շուտ լինի: Բարևեք բոլոր քեռիներին, հորեղբայրներին, Հասմիկին, Հովոյին, Արթուրին, Ռաֆոյին, Ժաննային, Համլետին, Ժոժոյին, եւ ով որ հարցնի ինձանից: Համբուրում եմ՚,- գրում է Հայկն ու անդադար կրկնում, որ սպասում է ծնողների օգնությանը:

Պառավաքարից տուն` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղ արձակուրդ գալու օրը Հայկը շփոթում է ճանապարհը, գերի ընկնում Ղազախի Ջաֆառլու գյուղում: Գերվելուց երեք օր հետո Չախոյանն ամուսնու հետ ոտքով կտրում է Հայկի անցած ճանապարհը, պատահած մարդկանց հարցուփորձ անում, նկարագրում որդուն: Հայկին գտնելու, տուն բերելու հույսով նա դիմել է տասնյակ մարդկանց` հայերի ու ադրբեջանցիների, նախագահների ու եվրոպացի չինովնիկների: Հայկի հայրը և եղբայրը մեկնել են Տվեր, ռուսական տափաստաններում նրանք աշխատում են, որպեսզի փակեն հազարավոր դոլարների հասնող պարտքերը, որը նրանք ծախսել են Հայկին գերությունից ազատելու հույսով:

Չախոյանների տուն պատերազմը մտել ու չի հեռանում արդեն ավելի քան տասը տարի: Անհետ կորածների ծնողներին, հատկապես մայրերին, անհնար է մխիթարել, նրանց հոգին խաղաղ չէ: ՙԳուցե ես հաշտվեի, որ որդիս հայրենիքի համար զոհված լիներ, բայց հիմա ո՞նց ապրեմ, երբ Հայկն այնտեղ` Բաքվում է տառապում, ես` այստեղ: Ամուսինս ամեն օր զանգում է: Մյուս որդիս ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեց Տվեր: Չեմ դիմանում, բայց այլ հնար չկար. սարսափելի պարտքերի տակ ընկանք՚:2

Ամեն տարի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ուշադրություն է հրավիրում անհետ կորածների ճակատագրերին և նրանց ընտանիքների տառապանքներին` դրանք համարելով աշխարհում տեղի ունեցող զինված հակամարտությունների հետևանքով առաջացած մարդասիրական ամենալուրջ խնդիրներից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինադադարից ավելի քան տասնհինգ տարի անց հազարավոր ընտանիքներ դեռևս տեղեկություններ չունեն անհետ կորած իրենց ազգականներից: 1992թ. ի վեր ԿԽՄԿ-ն ջանքեր է գործադրում սատարելու հակամարտող կողմերի իշխանություններին, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները և բացահայտեն անհետ կորածների ճակատագրերը:

Լարիսա Չախոյանն ադրբեջանցի մայրերին գրում է. ՙՁեզ դիմում է որդեկորույս մայր, որը տառապում է որդու ճակատագրի անորոշությունից, սպանիչ և անսահման կարոտից: Ես գիտեմ, որ Ադրբեջանում էլ ինձ նման շատ դժբախտ մայրեր կան, որոնք արցունքն աչքերին սպասում են իրենց անհետ կորած որդիներից մի լուրի: Տարբեր ատյանների եմ դիմել, Վրաստանում շատ ադրբեջանցիների հանդիպել, շատերը խաբել ու կողոպտել են, շատերն էլ ցանկացել, բայց չեն կարողացել օգնել: Ես համերաշխություն եմ հայտնում ադրբեջանցի որդեկորույս մայրերին, միայն մենք կհասկանանք միմյանց, չէ՞ որ նույն սարսափների մեջ ենք: Եկե’ք հասնենք նրան, որ մեր առաջ բացվեն սահմաններն ու փակ դռները, փնտրենք, գտնենք մեր երեխաներին՚:

Նույն բովանդակության նամակներ կարող են գրել նաև որդեկորույս հարյուրավոր ադրբեջանցի մայրեր` Չախոյանին ու հարյուրավոր հայ մայրերի:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հավատում է, որ Ադրբեջանում հայ պատանդների եւ գերվածների մեջ կան ողջեր: Նա բերում է Նելսոն Մնացականյանի դեպքը. վերջինս վերադարձվել է 1998թ.` չորս տարուց ավելի պահվելով մի ադրբեջանցու տանը: Հակամարտության սկզբից ի վեր Ադրեջանից ավելի քան 1800 հայ պատանդ, ռազմագերի է վերադարձվել, հայկական կողմը վերադարձրել է 3,5-4 հազար ադրբեջանցիների:

Ալավերդյանը կարևորում է իր ղեկավարած կազմակերպության ջանքերով պատանդների և ռազմագերիների վերադարձի հատկապես երկու դեպք: Առաջին` ադրբեջանցիները ղարաբաղյան կողմին են հանձնում միանգամից 20 երեխաների, որոնց մեջ էր երեքամյա մի աղջնակ: Մարաղայում նրանց ընտանիքը պատանդ էր վերցվել, երեխան մեծացել էր մանկատանը և խոսում էր ադրբեջաներեն: Երկրորդ` 1994թ. սեպտեմբերին վերադարձվել են ադրբեջանցի 27 մայրեր ու երեխաներ:

ՙՆրանք պահվում էին Ստեփանակերտի մանկապարտեզում և մանկական հիվանդանոցում, որտեղ մնում էին նաև Մարտակերտից փախստական հայերը: Պետք էր տեսնել, թե ինչպես էին բաժանվում հայ և ադրբեջանցի երեխաներն ու կանայք: Հաճախ պատշաճ ուշադրություն չի դարձվում մարդկային կյանքի պատմություններին: Ես համոզված եմ, որ այդ մարդիկ մինչև կյանքի վերջը իրար հանդեպ տածելու են նույն դժբախտության մեջ հայտնված մարդու զգացմունքները: Պատերազմում սպանված Կորյուն Առաքելյանի մայրը սնունդ էր տանում այդ պատանդներին՚,- ասում է Ալավերդյանը:3

Ռազմագերիների ու պատանդների հարցերով զբաղվող կազմակերպությունների աշխատակիցներն անելանելի վիճակում հայտնված ծնողներին խորհուրդ են տալիս չմտնել գործարքների մեջ: Ալավերդյանը, սակայն, հիշում է դեպքեր, երբ ծնողները մտել են գործարքների մեջ և վերադարձրել են իրենց որդիներին: ՙՄի զավեշտալի դեպք տեղի է ունեցել 1995թ. Իջեւանի սահմանային հատվածում. ադրբեջանցիները պատանդի հորն առաջարկում են որոշակի գումար բերել և ստանալ որդուն: Հայրը չէր կարողացել հավաքել պահանջված գումարը և որոշել էր պակասի փոխարեն հանձնվել որդու վերադարձի դիմաց: Ադրբեջանցիները գումարը վերցրել էին, տղային վերադարձրել, սակայն նրան չէին տարել՚:

Պատերազմը մտել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի գրեթե յուրաքանչյուր բնակավայր, այս կամ այն ձևով` գրեթե ամեն մի տուն: Կան ընտանիքներ, որոնց պատերազմը կրկնակի հարված է հասցրել: Տավուշի մարզի Ոսկևան գյուղում բնակվող Խաչիկյանների ընտանիք պատերազմը մտել է երեք անգամ:

Սոնիկ Խաչիկյանի որդուն պատանդ վերցնելուց հետո հայերը պատանդ են վերցնում մի ադրբեջանցի հովվի, որպեսզի փոխանակեն: Ադրբեջանցի պատանդին պահում էին Խաչիկյանների տանը` նկուղում: ՙՍիրտը կոտրված մարդ էր, վախենում էր: Ես էի ամեն առավոտ հաց տալիս: Նա պատմում էր, որ 10 երեխա ունի, ավագը ծառայում է բանակում: Թեյի մեջ շաքար քիչ էր լցնում, վախենում էր՚,- հեկեկալով պատմում է կյանքի մայրամուտին մոտեցած կինը:4

Նրա որդին` Խաչիկը, պատանդ է վերցվել դեռ Խորհրդային Միության ժամանակներում, ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղում: Նա պատմում է, որ անցնող տարիների ընթացքում որդուց որևէ տեղեկություն չի ստացվել, պատանդ տարվելու առաջին տարիներին Խաչիկի եղբայրը և հորեղբայրը քուն ու դադար չեն ունեցել և դիմել են բոլոր հնարավորություններին, բայց` ապարդյուն: ՙԻ՞նչ ես մտածում, 1990թ. պատանդ տարված մարդուն հնարավո՞ր է ողջ գտնել՚,- արտասվում է 80-նն անց որդեկորույս մայրը: ՙԱդրբեջանցուն մերոնք բռնել և մեզ էին տվել, որպեսզի փոխանակենք Խաչիկի հետ: Բայց մի քանի ամիս պահելուց հետո կրտսեր որդիս նրան տարավ սահման, բաց թողեց: Միայն խնդրեցինք, որ գնա ու փորձի Ադրբեջանում տեղեկություններ հավաքել Խաչիկի մասին ու մեզ մի ձևով տեղեկացնի՚:

Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղը խրված էր հայկական Ոսկեպար, Ոսկեւան և Բաղանիս գյուղերի միջեւ: Բաղանիս-Այրումով է անցնում Երևան-Իջեւան-Նոյեմբերյան-Թբիլիսի մայրուղին: Հայկական ուժերը 90-ականների սկզբներին վերահսկողության տակ առան այդ եւ հարևան ադրբեջանական Աքսիպարա գյուղը: Պատերազմի տարիներին և  1994թ. զինադադարից հետո այս տարածքներում տասնյակ մարդիկ են սպանվել նշանառուների գնդակներից: Այս տարածքներն ականապատվել են, մոտակա բարձունքներից ռմբահարվել են մերձակա գյուղերը:

Պատանդ տարված Խաչիկ Խաչիկյանի միջնեկ որդին` Վաչիկը, տնամերձ այգում գտնում է ականանետի չպայթած փամփուշտ, բերում է տուն ու դանակով քչփորում: Փամփուշտի պայթյունից դպրոցականը կորցնում է ձեռքը և աչքը: Խաչիկի կրտսեր որդին` Սասունը, մի քանի տարի առաջ սահմանամերձ շրջանում ՙհանդիպում՚ է ցանված ականներից մեկին, պայթյունից տեղում կորցնում է ոտքը, արյունաքամ, սողալով հասնում ճանապարհին և օգնություն խնդրում անցնող մեքենաներից:5

Ականների պայթյունները, ռմբահարումները, պատանդներ վերցնելն առաջին հերթին հարվածում են սահմանամերձ տարածքների բնակիչներին: Խաչիկյանների ընտանիքը դրանցից ընդամենը մեկն է: Պատերազմը, ողբերգությունը չեն ճանաչում ո’չ սահմաններ, ո’չ ազգություն:

Ոսկեւանին հարևան ն Բաղանիս հայկական գյուղում է բնակվում Լալա Սահակյանը կամ Ադիգյոզալովա Համավախ Սաֆար կըզըն (օրիորդական անունն է): Նա հիշում է ամուսնու` Դերենիկ Սահակյանի սպանությունն իրենց տան այգում` 1992թ. ամռանը, մեղվի փեթակի մոտ: ՙԴիակը պահում էինք նկուղում, որովհետև գյուղի վրա ադրբեջանցիները կրակ էին թափում: Մի քանի հարևաններով Դերենիկին տարան, թաղեցին՚,- ասում է Լալան:6

Դերենիկ և Լալա Սահակյանների որդին` Անդրանիկը, մեկնում է բանակ` Մեղրի, ապա իր ցանկությամբ` Ղարաբաղ: Հորադիզում վիրավորվում, կորցնում է ոտքը: Հիմա Անդրանիկը Բաղանիսում կոշկակար է: Այս արհեստը սովորել է պատերազմից հետո: Ամուսնացել է, ունի երկու որդի: Սահակյանները, ինչպես Բաղանիսի մյուս ընտանիքները, դժվար են ապրում: Տարիներ առաջ պատերազմի հաշմանդամ Անդրանիկին օգնություն էին տալիս: Նա պարգևատրվել է արիության մեդալով: Բայց Սահակյանների ընտանիքը փող չի ուզում, այլ խաղաղություն:7

Բաղանիսի հողատարածքները սահմանին մոտ են: Այստեղ պատերազմը շատ ընտանիքների է դժբախտություն բերել: Հիմա էլ գյուղացիները վախով են մշակում հողը: Սահման կոչվածի մասին յուրաքանչյուր ոք իր պատկերացումներն ունի: Անդրանիկի մոր` Լալայի համար (նա հայերեն շեշտադրումներով է խոսում, ճիշտ է, կիսով չափ մոռացել է հարազատ ադրբեջաներենը, որովհետև վերջին անգամ այդ լեզվով խոսել է 1990թ.) սահմանը միայն իր հորական ավերված տունը չէ: Այս դժբախտ ադրբեջանուհին իր կյանքի մի մասը և հարազատներին թողել է սահմանի այն կողմում:

Լալան Դերենիկի հետ ամուսնացել է 1966թ. ամռանը, երբ ընդամենը 19 տարեկան էր ու հայերեն բառ չգիտեր: Դերենիկը Երևանում բաժանվել էր հայ կնոջից, վերջինիս մոտ թողել 3 երեխաներին, իսկ 4-րդին` Գառնիկին, իր հետ բերել հայրական տուն: ՙՄենք` 2 քույր ու 12 եղբայր, Բաղանիս-Այրում գյուղում էինք ապրում: Մի օր Դերենիկն իր մեքենայով տարավ Ղազախի շուկա` իբր առևտուր անելու: Շուկայից նա ինձ բերեց իրենց տուն: Դերենիկը 45 տարեկան էր, Գառնիկը` 5-րդ դասարանում, միասին պահեցինք, բանակ ուղարկեցինք: Վերադառնալուց հետո գնաց հարազատ մոր մոտ` Երևան՚,- ասում է Լալան:

Բաղանիսցիները խաղաղություն են ուզում, որովհետև ուզում են ապրել, հող մշակել ու չսպանվել իրենց հողում: Խաղաղություն է ուզում նաև ադրբեջանուհի Լալան, ով Դերենիկի հետ ամուսնանալուց հետո 3 զավակ է ունեցել: Խաղաղությունը նրան կարող է կապել իր անցյալի ու հարազատների հետ, որոնց թողել է սահմանի այն կողմում:

ՙԱղջկաս` Արմինեին, ամուսնացրել եմ ադրբեջանցու հետ պատերազմից առաջ: Վերջին անգամ հանդիպել ենք 1988-ին: Դրանից հետո ո’չ իմ աղջկանից և ո’չ էլ իմ հայրական ընտանիքից տեղեկություն չունեմ: Միգուցե եղբայրներս սպանվել են պատերազմի ժամանակ, չգիտեմ, կարոտում եմ: Շատ եմ ուզում երազում տեսնել բարեկամներիս, բայց նրանք ինձ երազ չեն գալիս՚,- տխրում է Լալան:

Նոյեմբերյանի տեղական հեռուստաընկերությունը տարիներ առաջ այս ադրբեջանուհու մասին մի ռեպորտաժ էր պատրաստել: Սոնիկ Խաչիկյանը ճանաչում է Լալային ու տեսել է նրա մասին պատրաստված հեռուստանյութը: ՙԴժբախտ կին՚,- ասում է նա:

Ղարաբաղյան պատերազմը 1994թ. մայիսյան զինադադարով մտել է նոր փուլ` ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚: Ռազմական գործողությունների երեք տարիների ընթացքում հակամարտության կողմերը տվել են մոտ 20 հազար սպանված, ևս տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են: Փախստականների ու տեղահանվածների ընդհանուր թիվն անցնում է մեկ միլիոնը: Հատկապես տուժել են Լեռնային Ղարաբաղը և վարչականորեն Ադրբեջանին պատկանող, ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանները, որոնց ընդհանուր մակերեսը գրեթե կրկնակի գերազանցում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը:

Հայերն ու ադրբեջանցիները չափազանց թանկ գին են վճարել: Վրեժ Բաբայանն այս պատերազմին տվել է իր մարմնի ուղիղ կեսը: Լեռնային Ղարաբաղի Բերդաշեն գյուղի դպրոցի ուսուցիչը 1993թ. հուլիսին Աղդամի մերձակայքում պայթում է հակատանկային ականի վրա, կորցնում աջ ոտքը, աջ ձեռքը, վիրավորվում ձախ ոտքից և աչքից: Երբ նրանից տպագրության համար մի նկար խնդրեցի, պարզվեց, որ Վրեժն ավտոմատով կամ զինվորական համազգեստով նկար չունի:

Պատերազմին երեք տարի մասնակցած մաթեմատիկայի ուսուցչի վկայականը նրա այսօրվա մարմնական վիճակն է:

Վրեժը չի ամուսնացել, պատերազմն է խանգարել: ՙՀետո հասկացա, որ պատերազմում տուժում են անմեղ մարդիկ: Ղարաբաղյան պատերազմը ազգային-ազատագրական էր, դրան մենք ստիպված էինք մասնակցել, որովհետև այլընտրանք չկար. կա’մ պետք է տուն-տեղ թողնեինք, փախչինք, կա’մ պատերազմեինք: Կա’մ պետք է մեզ սպանեին, կա’մ մենք սպանեինք նրանց: Պատերազմում մենք հաղթեցինք շատ ծանր գնով, ամեն դեպքում` ազատություն ձեռք բերեցինք, բայց հաղթանակած ժողովուրդն արժանի չէ ներկայիս կյանքին, ապրուստին՚,- ասում է նա:8

Ադրբեջանուհի Էլմիրան խոստովանում է, որ հավասարապես տուժել է ադրբեջանցիներից և հայերից: Մոտ 40 տարի առաջ նա Բաքվում ծանոթացել է ապագա հայ ամուսնու հետ, եկել, հաստատվել Բերդաշենում: Նրա երիտասարդ որդին կամավոր մեկնել է ռազմաճակատ` հայրենիքը պաշտպանելու և զոհվել: Էլմիրայի 17-ամյա աղջկան խանդի հողի վրա սպանել է մի հայ երիտասարդ: Բայց սրանով չի ավարտվում այս կնոջ անձնական, ընտանեկան ողբերգությունը: Նա Բաքվում թողել է իր երկու քույրերին, վերջին անգամ նամակագրական կապ է ունեցել 2001թ.` ԿԽՄԿ-ի օգնությամբ, իսկ վերջերս իմացել է, որ մայրն է մահացել: Տիկին Էլմիրան ապրում է ապագայով, քանի որ միայն այդ ձևով է հնարավոր մեղմել ճակատագրի հարվածները: Նա իր ընտանիքում սիրված մայր է, կին ու տատիկ: Սակայն մի անիրականանալի թվացող ցանկություն հանգիստ չի տալիս նրան. ՙԵրազում եմ քույրերիս տեսնել՚:9

Իսկ ահա Թամարա տատիկի ամուսինն էր ադրբեջանցի: Նրա դժբախտությանն ավելացել են մենությունն ու ծերությունը: Լեռնային Ղարաբաղի Խաչեն գյուղում բնակվող այս կինը միակ աղջկան ամուսնացրել է ադրբեջանցու հետ: Բաքվում ինստիտուտն ավարտելուց հետո բանասեր ամուսնու հետ աղջիկը վերադառնում է գյուղ, ուսուցչություն անում դպրոցում: Տարիներ անց նա հիվանդությունից մահանում, երկու երեխաներին թողնում է որբ` Թամարայի խնամքին: Պատերազմի պատճառով մանկահասակ երեխաների` 12-ամյա Էմինի եւ 10-ամյա Լիլյայի հետ ադրբեջանցի հայրը հեռանում է Խաչենից: Երկար ժամանակ Թամարան թոռներից տեղեկություն չուներ ու միայն վեց տարի առաջ է նամակ ստացել:

ՙԹիֆլիսում բարեկամներ ունենք, նրանց միջոցով Էմինը նամակ է ուղարկել և երկու նկար: Դա այն ամենն է, ինչ ես նրանցից ունեմ: Օր ու գիշեր այդ նկարների հետ զրույց եմ անում: Նամակում գրված էր, որ դպրոցն ավարտելուց հետո Էմինին ուղարկել են հորեղբոր մոտ` Բաքու, որ ուսում ստանա: Այնտեղ նա ամուսնացել է և երեխա ունի արդեն: Լիլյայի մասին խոսք չկար: Թե որտեղ է կամ ինչ է պատահել նրան, ինձ հայտնի չէ: Ես շատ եմ անհանգստանում Լիլյայի համար՚,- ասում է ծեր կինը և այն աշխարհ գնալուց առաջ երազում մեկ անգամ տեսնել թոռներին:10

Մաթեմատիկայի ուսուցիչ Վրեժ Բաբայանը, ադրբեջանուհի Էլմիրան, կոշկակար Անդրանիկ Սահակյանը, անհետ կորած Հայկ Գալստյանը եւ Խաչիկ Խաչիկյանը, վերջինիս հաշմանդամ երկու որդիները, Վահրամաբերդում զինվոր որդուն սպասող Լարիսա Չախոյանը, Տվեր աշխատանքի մեկնած նրա ամուսինն ու տղան, Թամարա տատիկը, հարազատներին երազում սպասող Ադիգյոզալովա Համավախ Սաֆար կըզըն եւ Սոնիկ Խաչիկյանն այս պատերազմի ողբերգական, բայց նաև սովորական կերպարներ են:

Հազարավոր այսպիսի դժբախտ մարդկանց կարելի է հանդիպել Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում: Երբեք չհայտարարված ու չավարտված այս պատերազմը տակնուվրա արեց տասնյակ հազարավոր հայերի ու ադրբեջանցիների կյանքը: Երկու հարևան ժողովուրդներին, նրանց ղեկավարներին չհաջողվեց խուսափել արյունահեղությունից, զանգվածային տեղահանումներից,  բնակավայրերն ավերելուց: Այսօր էլ` ռազմական գործողությունների ավարտից ավելի քան 15 տարի անց, հայերն ու ադրբեջանցիները չեն հասկանում միմյանց լեզուները:

  1. ՙԱռավոտ՚, 7 փետրվար, 2006թ.:
  2. Չախոյանի հետ զրույցից, 8 մայիս, 2006թ., Վահրամաբերդ:
  3. Ալավերդյանի հետ զրույցից, 16 մայիս, 2006թ., Երևան:
  4. Խաչիկյանի հետ զրույցից, 5 հունիս, 2006թ., Ոսկևան:
  5. Խաչիկյանի հետ զրույցից, 5 հունիս, 2006թ., Ոսկևան:
  6. Սահակյանի հետ զրույցից, 26 հունիս, 2004թ., Բաղանիս:
  7. Սահակյանի հետ զրույցից, 26 հունիս, 2004թ. Բաղանիս:
  8. Բաբայանի հետ զրույցից, 18 հունիս, 2006թ., Բերդաշեն:
  9. http://www.karabakhopen.com/src/index.php?lang=am&id=8&nid=8021:
  10. http://www.karabakhopen.com/src/index.php?lang=am&id=8&nid=6069: