Գերիների/պատանդների ամենամեծ փոխանակումը. 39 հայ և 71 ադրբեջանցի․ մայիս, 1996

4311

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և հետո եղել են հայ ու ադրբեջանցի գերիների, պատանդներ ու քաղաքացիական անձանց բազմաթիվ փոխանակումներ: Դրանցից ամենահայտնին ու ընդգրկունը եղել է 1996 թվականի մայիսին: Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար, հանգուցյալ Եվգենի Պրիմակովը առաջարկեց «բոլորը՝ բոլորի հետ» սկզբունքով կատարել փոխանակություն: Հայաստանը համաձայնվեց փրկել Ադրբեջանում գտնվող 39 հայերին՝ դրա դիմաց տալով 71 ադրբեջանցիների: Ներկայացնում ենք հատված Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. կանաչ ու սև» հատորից:

—-

1996թ. մայիսի 8-11-ը հետհակամարտային շրջանի ամենամարդասիրական օրերն էին, իրական Հաղթանակի տոն հայ և ադրբեջանցի տասնյակ մայրերի համար:

Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովը Բաքվում Ալիևի հետ բանակցություններից հետո ժամանում է Երևան` ռուսական օդանավով իր հետ Հայաստան բերելով 39 հայ ռազմագերիների և պատանդների:

Պրիմակովի պատվիրակությունը Երևանից մեկնում է Ստեփանակերտ, բանակցություններ վարում Քոչարյանի հետ: Մայիսի 9-ին Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում հանդիպում է Տեր-Պետրոսյանի հետ, հաջորդ օրը կրկին ուղևորվում Բաքու` իր հետ տանելով 71 ադրբեջանցի ռազմագերիների և պատանդների:

Իրավամբ մարդասիրական այս միջոցառումը քիչ էր մնում ձախողվեր: Մայիսի 17-ին Մոսկվայում սպասվում էր ԱՊՀ գագաթաժողովը և ռուսները մտադիր էին և’ իրականացնել գերիների ու պատանդների փոխանակում և’ հասնել նրան, որ կողմերը գագաթաժողովի ընթացքում նախագահների մակարդակով խաղաղ կարգավորման օգտին համատեղ հայտարարություն անեն:

Մոսկվայում որոշել էին հայտարարության արարողությունը բաժանել երկու մասի, քանի որ Քոչարյանի մասնակցությունը և հավասարը հավասարի ներկայությունը ԱՊՀ գագաթաժողովում անընդունելի էր լինելու Ալիևի համար:

Մայիսի 17-ին հայտարարությունը ստորագրելու էին Ալիևը, Տեր-Պետրոսյանը և Ելցինը, իսկ քիչ անց Ելցինը կարճ հանդիպում էր ունենալու Քոչարյանի հետ, ով միանալու էր հայտարարությանը:

Բաքվում Պրիմակովին հասկացնել էին տվել, որ դեմ են հայտարարությանը ԼՂ մասնակցությանը: Ստեփանակերտում Ռուսաստանի արտգործնախարարը ընդհանրապես չի հիշատակում հայտարարության մասին, ինչը նյարդայնացնում է Քոչարյանին:

Երբ Պրիմակովը Ստեփանակերտից վերադառնում է Երևան, ԼՂՀ նախագահը զանգահարում է և փորձում կապվել նրա հետ, սակայն Պրիմակովը խուսափում է և Կազիմիրովին առաջարկում զրուցել:

՚Քոչարյանը բավական գրգռված տոնով ասաց, որ մենք խաբում ենք իրենց և փորձում հայտարարություն անել առանց ԼՂ մասնակցության: Նա հայտարարեց, որ կարգադրել է Երևանից վերադարձնել բոլոր 60 ադրբեջանցի ռազմագերիներին, որոնց նախօրեին ավտոբուսներով բերել էին, որպեսզի մեր օդանավով հասցվեն Բաքուՙ,- գրում է Կազիմիրովը:

Ռուս միջնորդը Պրիմակովին տեղեկացնում է ստեղծված բարդ վիճակի մասին: Այցը կարող էր ունենալ ամենաանցանկալի արդյունքը, եթե Քոչարյանն ՚իրՙ գերիներին հետ տաներ ԼՂ:

Պրիմակովն արդեն իսկ Բաքվից իր հետ Երևան էր հասցրել 39 գերիների: Քոչարյանի սպառնալիքները իրականանալու դեպքում Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու կտաներ ընդամենը 11 գերիների, և Ալիևը ուղղակի խաբված կզգար, թեև հենց Բաքուն էր դեմ եղել Ստեփանակերտի մասնակցությանը:

Որոշվում է հրաժարվել մայիսի 17-ին ԱՊՀ գագաթաժողովում ղարաբաղյան թեմայով հայտարարությունից և բավարարվել հումանիտար գործողությամբ:

՚Պրիմակովյան փոխանակմանՙ մասին մի ծիծաղաշարժ դրվագ Ալբերտ Ոսկանյանի հիշողության մեջ է: Գերիների մեջ ադրբեջանցիներից բացի կային լեզգիներ, թաթարներ, ուկրաինացիներ ու ռուսներ, որոնք կռվել էին Ադրբեջանի կողմից:

՚Մի ռուս վարձկան՝ Իվանով ազգանունով, կտրականապես հրաժարվեց վերադառնալ, պատճառաբանելով, որ գնալու տեղ չունի և ուզում է մնալ Ղարաբաղում: Բոլոր գերիները պետք է ստորագրեին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փաստաթուղթը, որտեղ նրանք վերադարձի համաձայնություն են տալիս և նշում, թե որտեղ են ուզում մեկնել: Բոլորը ստորագրեցին, բացի Իվանովից: Երևանի օդանավակայանում կանգնած օդանավի մեջ բոլորը սպասում են, թե երբ են օդ բարձրանալու և վերադառնալու տուն՝ հայրենիք, իսկ Իվանովը չի ստորագրում թուղթըՙ,- գրում Ոսկանյանը:

Պրիմակովը, Կազիմիրովը և Ոսկանյանը գրեթե մեկ ժամ փորձում են համոզել Իվանովին, սակայն նա չի ուզում վերադառնալ ու վերջ:

՚Տարիներ են անցել, և աչքերիս առաջ օդանավակայանում հոգնած Եվգենի Մաքսիմովիչն է կանգնած, մարդ, որ ձգտում էր հաշտեցնել մեր ժողովուրդներին, որպեսզի ղարաբաղյան խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով, որ մարդիկ չմեռնեն: Հենց նրա անձնական վաստակն էր, որ գերությունից տասնյակ մարդիկ վերադարձան իրենց հարազատ ընտանիքներՙ,- 2015-ի ամռանը, Պրիմակովի մահվանից մի քանի օր անց, գրեց Ոսկանյանը:

Կարդալ նաև՝ 

«У меня перед глазами уставший Евгений Максимович»: Альберт Восканян