Աշոտ Նավասարդյանից՝ Սերժ Սարգսյան. ՀՀԿ ընտրությունների պատմությունը

1781

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակից 11 ուժերից մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:

1989-1990թթ., երբ ստեղծվում էր ՀՀԿ-ն և մինչև 1998 թվականը, նրա անդամների թիվը մի քանի հարյուրի սահմաններում էր:

1998-ի փետրվարին, երբ հրաժարական տվեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը իշխանական ուժ դարձրեց ՀՀԿ-ն:

Շուրջ 20 տարի, մինչև 2018-ի ապրիլի 23-ը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, ՀՀԿ-ն Հայաստանի հիմնական իշխանական ուժն էր: Մի քանի հարյուր հոգանոց կուսակցությունը 2017-ի մայիսի տվյալներով ուներ 165 838 անդամ:

ՀՀԿ-ն 1990-ից մասնակցել է Հայաստանի համապետական բոլոր ընտրություններին և հաճախ աչքի ընկել ընտրակեղծարարությամբ:

ՀՀԿ-ն 1990-ին բացառապես մեծամասնական ընտրակարգով ձևավորված խորհրդարանում՝ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում, ուներ մեկ պատգամավոր՝ Աշոտ Նավասարդյանը՝ կուսակցության հիմնադիրը (մահացել է 1997-ի նոյեմբերին)։

1991-ի հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական առաջին ընտրություններում ՀՀԿ-ի առաջնորդ և թեկնածու Աշոտ Նավասարդյանը 6 թեկնածուների մեջ գրավեց 6-րդ տեղը՝ ստանալով քվեների 0,16 տոկոսը:

1995-ի հուլիսի 5-ին կայացան Հայաստանի Ազգային ժողովի առաջին ընտրությունները մեծամասնական և համամասնական ընտրակարգերով, ինչպես նաև՝ առաջին Սահմանադրության ընդունման հանրաքվեն:

ՀՀԿ-ն այնքան փոքր կուսակցություն էր, որ միայնակ չէր կարող մտնել ԱԺ, այդ պատճառով՝ միացավ այն ժամանակ իշխող ՀՀՇ-ի ձևավորած Հանրապետություն դաշինքին:  Այդ դաշինքի նախընտրական ցուցակում, որը գլխավորում էր Բաբկեն Արարքցյանը, ընդգրկվել էին մի քանի ՀՀԿ-ականներ: Ցուցակի 6-րդ հորիզոնականում Աշոտ Նավասարդյանն էր, 23-րդը՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (2000-2007):  Գագիկ Մինասյանը այդ ցուցակում զբաղեցնում էր 52-րդ, Ռազմիկ Զոհրաբյանը՝ 128-րդ, Գալուստ Սահակյանը՝ 149-րդ,  իսկ Հերմինե Նաղդալյանը զբաղեցնում էր ցուցակի նախավերջին՝ 221-րդ տեղը:

Հանրապետություն միավորումը ստացավ քվեների ավելի քան 42 տոկոսը. Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը մտան ԱԺ:

1996-ի սեպտեմբերի 22-ին կայացած նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ընդ որում ավելի շուտ, քան դա կաներ օրվա իշխանական ուժը՝ ՀՀՇ-ն:

Կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանը բացատրեց, թե ինչու են աջակցում Տեր-Պետրոսյանին. «Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում, ասպարեզում եղած թեկնածուների մեջ (Վազգեն Մանուկյան, Սերգեյ Բադալյան, Աշոտ Մանուչարյան-Թ. Հ.) լավագույնը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այն խնդիրները, որոնք դրված են ՀՀԿ-ի առջև, իրենց մի մասով արդեն իսկ իրականացվել են ներկայիս նախագահի կողմից: Իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության ծրագրերին համապատասխան մի շարք այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի հայկականացումը, մեր անկախության հռչակումը, պետականության ամրապնդումը և բանակի ստեղծումը… Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրելը մեզ համար առանձնապես կարևոր էր, որովհետև հանրապետության քաղաքական խճանկարում ազգային իղձերի իրականացման առումով ամենաառողջն ու ամենասթափը նա է»:

ՀՀԿ-ի պաշտոնական կայքում՝ կազմակերպության պատմության հատվածում  (http://www.hhk.am/hy/history/) միտումնավոր կամ անուշադրության պատճառով բացակայում է 1996 թվականը: Այսպիսով, ՀՀԿ-ն չի ուզում հիշել, որ 1996-ի նախագահական աղմկահարույց և կեղծված ընտրություններում պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էր մինչև վերջինիս հրաժարականը: 1998-ին ՀՀԿ-ն գտավ նոր հովանոց: Կուսակցությունը աջակցեց Ռոբերտ Քոչարյանին ինչպես 1998-ի, այնպես էլ 2003-ի նախագահական կեղծված ընտրություններում:

1999-ին ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցեց Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքով և համամասնական ընտրակարգով գրավեց առաջին տեղը՝ ստանալով 42 տոկոս քվե։ ՀՀԿ-ի առաջնորդը արդեն ամենազոր Վազգեն Սարգսյանն էր: Վերջինիս սպանությունից հետո կուսակցությունը գլխավորեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

2003-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն մասնակցեց միայնակ և ստացավ գրեթե 24 տոկոս, 2007-ին՝ 33 տոկոս, իսկ 2012-ին՝ 44 տոկոս։ Աճը՝ կասկածելի, բայց տպավորիչ էր։

2007 թվականի մարտին Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցության ղեկավարությունը ստանձնեց Սերժ Սարգսյանը:

2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն Սերժ Սարգսյանն էր, որը Բաղրամյան 26 հասավ ընտրակեղծիքներով և Մարտի 1-ի արյան ճանապարհով:

2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պաշտոնը պահեց դարձյալ ընտրակեղծիքների օգնությամբ:

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնք առաջինն էին կեղծիքներով ընդունված Սահմանադրական հանրաքվեից հետո, ՀՀԿ-ն ստացավ գրեթե 50 տոկոս քվե:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ներկայացրել է 125 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Բաբկեն Արարքցյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օգնական, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Ցուցակի վերին հորիզոնականներում տեղ են ստացել Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը (նախկին ՀՀՇ-ից), Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Շուշան Պետրոսյանը:

Քաղաքական առումով ուշագրավ և անհեթեթ է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը չկա ցուցակում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ