Ծավ. Կապանի գյուղաշխարհը

1555

ԾԱՎ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ծավը բնության եզակի անկյուն է՝ հարուստ անտառներով, սառնորակ ջրերով, աղբյուրներով: Բնության իսկական պարգև է Բասուտա գետը, որը ժամանակին հարուստ էր կարմրախայտ կոչվող ձկներով: Իզուր չէ, որ այս տարածքների հանդեպ անտարբեր չէին թուրք բեկերը: Մեզ հայտնի չէ, թե ի՞նչ անուն է ունեցել Ծավը Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում: Բայց, անշուշտ, այն գոյություն է ունեցել:

Ծավը կար Դավիթ Բեկի ժամանակներում, բայց ազատագրական պայքարի պարտությունից հետո գյուղը հեռացել է պատմական ասպարեզից, և որպես վկայություն մնացել են տների ու եկեղեցու ավերակները և տեղանունը: Գյուղին շունչ տվին Ղափանի վերինձորցիները, որոնք Ծավի տարածքը ընտրեցին որպես ձմեռանոց և մտադրվեցին խլել այն թուրք բեկերից: Ձմեռանոցը վերածվեց գյուղի, որը կատաղեցրեց թուրք բեկերին: Նրանց սրտովը չէր գեղատեսիլ այս վայրում հայկական բնակավայրի վերածնունդը: Վերինձորցիների մտքով անցավ բնակավայրը օրինականացնել ցարական կառավարության համապատասխան ակտերում: Այս հարցով զբաղվում էին Բաքվի նավթահանքերում աշխատող վերինձորցիներ: Նրանք լուսանկարիչ ուղարկեցին Ծավ, ով լուսանկարեց պահպանված ավերակները, գերեզմանատունը, կիսավեր եկեղեցին, Թարջումանանց (Թարգմանչաց) եկեղեցին, խաչքարերն ու հայատառ վիմագրերը: Լուսանկարները և համապատասխան խնդրագրերը հանձնվեցին քաջարանցի Թադևոսին, որը մեկնեց Պետերբուրգ (1904 թ.), այսպես ասած՝ բեկերի դեմ պաշտպանելու ծավեցիների դատը:

Թադևոսը վերադարձավ՝ բնակավայրը վերականգնելու թույլտվության փաստաթղթերով: Ծավ գյուղացի Բենիամին Առաքելյանը, ով հայտնի <<Բենիամինի աղբյուրի>> կառուցողն է, պատմում է, որ ինքը տեսել է Պետերբուրգից բերված փաստաթղթերը (ի դեպ հայտնաբերել ենք լուսանկարներից մի քանիսը և և հուսով եմ, կհրապարակեմ): Բայց քանի որ բեկերն ունեին սեփականության իրավունք, Բաքվի վերինձորեցի ունևորները ստիպված էին գումար հանգանակել և թուրք Նարիման բեկից գնել հողերը:

Պատմում են նաև, որ Ծավի հողերի նկատմամբ որպես կառավարության հսկիչներ հանդիսանում էին Շիկահողի տանուտերերը: Նախնական փաստաթղթերի տակ ստորագրել էր Շիկահողի Դավիթ քյոխվան, որը կատաղեցրել էր Նարիման բեկին: Նա ծեծի էր ենթարկել <<քյոխվա >> Դավիթին: Ծավեցիները գումար հավաքեցին Դավիթի համար, իսկ չարագործ Նարիմանը տարիներ անց գնդակահարվեց Ծավի և Հանդի քաջերի կողմից:

Դարասկզբին Ծավում բնակվում էր 36 ընտանիք:

Ծավ գյուղը անվանի մի շարք մարդանց ծննդավայրն է ու հայրենիքը: Ծավում է ծնվել Խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանը:

ԾԱՎ ԴՊՐՈՑԻ ԼԵԳԵՆԴԸ

Իր << Մեր գյուղը>> հուշագրության մեջ ծավեցի Բենիամին Առաքելյանը գրում է. <<Պետք է նշել, որ առհասարակ ծավեցիներին բնորոշ է լուսավորության ձգտումը : Նրանք ծանր աշխատանք էին կատարում , ունենում չնչին եկամուտներ, բայց իրենց վաստակից բաժին էին հանում կրթության կարիքների համար>>(Բենիամինի հուշերը պահպանվում են Տավերսի արխիվում և Ծավի գրադարանում):

Գյուղի վերաբնակեցման հենց առաջին տարիներին ծավեցիները մտածեցին եկեղեցի և դպրոց ունենալու մասին: Գյուղացիները մաքրեցին եկեղեցու շրջակայքը և ձեռնամուխ եղան նրա վերականգնմանը: Պատմում են, որ եկեղեցու պատի տակ հայտնաբերվել է ոսկե խաչ: Որոշում է կայացվել վերականգնումից հետո խաչը դնել եկեղեցու ներսում: Բայց մինչ կկատարվեր նավակատիքը, խաչն անհետացավ: Մարդիկ միմյանց վրա բարդեցին մեղքը, հյուսվեցին զանազան պատմություններ, բայց այդպես էլ խաչը չհայտնաբերվեց:

Որ ծավեցիներ չափազանց ուսումնատենչ էին, վկայում է գյուղի դպրոցի հիմնադրման մասին մեզ հասած ավանդապատումը: Ասում են՝ կառավարությունը թույլ չէր տալիս դպրոց բացել:

-Բայց ի՞նչ գյուղ առանց դպրոցի ,-ասում էին ծավեցիները: Եվ ահա մի պատվիրակություն է մեկնում Ռուսական կայսրության մայրաքաղաք՝ Պետերբուրգ և երկար դեգերումներից հետո հանդիպում Նիկոլայ 2-րդ ցարին:

-Լսում եմ, ի՞նչ խնդիրք ունեք,-հարցնում է ցարը:

-Թագավորն ապրած կենա,-ասում է ծավեցիներից մեկը,- մենք քո հպատակներն ենք, քեզ երկար տարիների կյանք ու պայծառ արև ենք մաղթում: Գյուղ ունենք, բայց դպրոց չունենք:

-Դպրոցը ձեր ինչի՞ն է պետք,-դժգոհում է ցարը:

-Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ծառայում ենք երկրին: Մեր երեխաները բանակ են գնում, նրանք պիտի տիրապետեն զենքին, նամակ գրեն, մեզ նման ավանակ չպիտի լինեն:

Ցարը ժպտում է և գոհանում պատասխանից: Ծավի տարեցներն ասում են, որ ՆԻկոլայ 2-րդը անմիջապես հրաման է արձակել գյուղում դպրոց բացելու վերաբերյալ: (Ըստ Գ.Սմբատյանի << Սյունիքը փորձության մեջ >> գրքի, Երևան-2018 թ., էջ 83-84)

Լեգենդը՝ լեգենդ, բայց որ ծավեցիները հակում ունեին կրթության հանդեպ, դպրոց պահել գիտեին, հարգում և պատվում էին ուսուցիչներին, դա իրականություն է:

ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ ԽՓՑԽԱ (Ղափճուղա)

Այս հիասքանչ բնակատեղին, որի իրական պատմությունը այդպես էլ անհայտ կմնա, գտնվում է Ծավ գետի համանուն վտակի ափին, վաղ միջնադարյան և ավելի ուշ շրջանի առևտրական ուղու վրա: Այստեղով է անցել միջազգային առևտրական ուղիներից մեկը, որը Քուռ գետի ավազանը կապել է Արաքսի ափի Ջուղա հայտնի քաղաքի հետ: Ճանապարհը Խնձորեսկից անցել է Տաթև, ապա Աճանան, Շրվենանցի մոտ անցել է դեպի Ճակատեն , Շիկահող , Կեմանց, ապա դիմացի ժայռափոր ճանապարհով բարձրացել է Խփցխա: Այստեղից Մեղրու լեռնաշղթայի վրայով ձգվել է դեպի Արաքսի հովիտ, այդ թվում՝ Ջուղա: Հավանաբար հենց Ղափճուղա բառը ստուգաբանությամբ նշանակում է կապ Ջուղայի հետ: Երբեմնի ծաղկուն գյուղաքաղաքից այսօր մնացել են միայն քարե կամարակապ կամուրջները, երեք մատուռ, գերեզմանատներ, և որ ամենաուշագրավն է, միջնադարյան բուժարանը՝ սրբազան ջրի ավազանով:

Բուժարանի մեջ կառուցված է ջրավազան, որը համեմատաբար տաք ջուր է ստանում դրսից, և ինչպես մասնագետներն են կարծում, ջուրը հոսում է ընդերքից՝ արծաթե երակների միջով: Հավանաբար հենց դրա համար էլ այն բուժիչ է, բուժում է տարատեսակ մաշկային հիվանդություններ, այդ թվում քոսը, որի համար աղբյուրը կոչվում է նաև Քսաջուր: Ավազանը ունի ելքի երկու անցք, մեկը ՝ներքևում, մյուսը՝ ամենավերում: Ստորին ելքը փակվում է, որի շնորհիվ ավազանը լցվում է ջրով, իսկ վերին ելքը ապահովում է ջրի մշտական հոսքը: Մինչև 2007 թվականը ավազանը ջուր էր ստանում, սակայն հավանաբար մարդու միջամտության հետևանքով ջուրը փոխել է հունը և հոսում է մոտակա ձորակը: Բուժարանին կից գոյություն ունի փոքրիկ մատուռ, որի մուտքը հակառակ կողմից է: Մատուռի պատը մուտքի մոտ ագուցված է փորագիր արձանագրությամբ, ներսում կան խա չքարեր:

Այն, որ գյուղաքաղաքի միջով ժամանակին կապ են հաստատել Ջուղայի և Արաքսի հովտի բնակավայրերի հետ, վկայում է Ջուղայի ծաղկման ժամանակաշրջանին վերաբերող արծաթյա մի դրամի հայտնաբերումն այստեղ: Դա սաքսոնական Կյուրֆուստ Ավգուստ Սաքսոնացու 1575 թվականին Դրեզդենում հատած դրամն է:

Անհամեմատ հարթ տարածքում Խփցխա գետակի վրա կառուցված միաթռիչք քարե կամարակապ կամուրջը կարծես ավելորդություն է այստեղ, որովհետև գետակը դժվար թե այնքան վարարեր, որ քարավանները չկարողանային անցնել: Բայց դարերի խորքից մեզ հասած զրույցների համաձայն այստեղ եղել է փոքրիկ լիճ: Եվ ասում են, որ նույնիսկ լճակի վրա լողացել են մակույկներ: Ուրեմն կամուրջը կառուցվել է լճակն անցնելու համար և, որ պակաս կարևոր չէ, նրա վրայով գյուղաքաղաք մտնելու համար: Ի դեպ վերջին ժամանակներում Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի շինարարության ժամանակ այստեղ հայտնաբերվել են Ք.Ա. 9-8-րդ դդ. բրոնզեդարյան դամբարաններ: Սա վկայություն է, որ Ղափճուղան հնագույն բնակավայր է եղել:

Գյուղն անցյալում ավելի շատ հայտնի էր Քսաջուր անունով, որի բնակիչները հեռացել են Դավիթ Բեկի պարտությունից հետո և հաստատվել Թուրքիայի հարավ արևմուտքում: Մինչև 20-րդ դարի կեսերը պահպանվում էին Քսաջրեցիների տապանաքարերը:

ԾԱՎ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

  1. Իլուի ամրոց՝ գտնվում է Ծավ գյուղից 3 կմ հվ., Ծավ գետի աջ ափին
  2. Աղջկա բերդ՝ գտնվում է Ծավ գյուղից 2 կմ հվ., սարի գագաթին, 10-13-րդ դդ., ավերված է
  3. Միջնադարյան գյուղատեղի Ծանաղու՝ գյուղից 5 կմ հեռու՝ Ծավ և Հանդ գյուղերի միջև, Մթնաձորի սկզբնամասում, լքվել է 1918 թ.
  4. Մթնաձորի միջնադարյան եկեղեցի՝ ավերված
  5. Թարգմանչաց եկեղեցի՝ 10-13-րդ դդ. , գտնվում է Ճանճապտուկ լեռան հարավային լանջին, կիսավեր է, թաղածածկ
  6. Գյուղատեղի Թարգմանչաց՝ 10-13-րդ դդ.,գտնվում է գյուղից 1 կմ հս, անտառում: Ունի հին այլ անվանումներ ՝ Թրջմնաց, Թարջումանաց, Թրջմունանք…
  7. Գերեզմանոց՝ 10-13-րդ դդ.
  8. Կամուրջ՝ կառուցված 17-րդ դարում, Ծավ գետի վրա Կեմանց գյուղից ներքև՝ Ղափճուղա տանող միջնադարյան առևտրական ուղու վրա
  9. Գյուղատեղի Կեմանց՝ գտնվում է գյուղից 4.5 կմ արմ, Ծավ-Շիշկերտ ճանապարհից աջ, անտառի բացատում, ավերված է: Հիշատակվում է Դավիթ Բեկի ժամանակներից (Ղուկաս Սեբաստացի),վերաբնակեցվել է 1860-ականներից, լքվել է 1939 թվին
  10. Միջնադարյան գյուղատեղի Նավս՝, գտնվում է գյուղից 3 կմ հվ-արմ, Ծավ գետի աջ ափին, Նավսաքար լեռան լանջին
  11. Միանավ եկեղեցի՝ կիսավեր, գտնվում է գյուղի հս եզրին, թվագրվում է 19-րդ դ. 2-րդ կեսով
  12. Եկեղեցի՝ գտնվում է գյուղից 7 կմ հվ-արմ՝ Մթնաձորում, միջնադար
  13. Միանավ Սբ Գևորգ եկեղեցի՝ գյուղամեջում, վերակառուցվել է 20-րդ դդ.

14․Եկեղեցիներ՝ 17-20-րդ դդ., գտնվում է գյուղից 5-8 կմ հվ-արմ,անտառի բացատում, գետի ափին, << Քսաջուր >> կոչվող վայրում: Կառուցվել է սրբացված բուժիչ աղբյուրի վրա

  1. Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ծավեցիներին նվիրված հուշակոթող՝ 1966 թ.,գտնվում է գյուղի բարձունքում, հեղինակ՝ Վ.Արշակյան
  2. Քարավանատուն՝ 16-17-րդ դդ, գյուղից 1 կմ հվ-արմ, Ծավ գետի ափին
  3. Մելիք-Նուբարյանների (այս նշանավոր տոհմից են սերում Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշան և նրա որդին՝ ազգային գործիչ Պողոս Նուբարը) միջնադարյան ամառանոց-ապարանքը՝ 17-րդ դդ. կառույց, մնացել են ավերակները: Գտնվում է Կեմանցի դաշտ կոչվող տարածքում, գետի ձախ ափին: Մի ավանդության համաձայն Նուբարյանները, ովքեր բնակվում էին Բասուտա գետի միջին հոսանքում և Շիկահողում, ամռանը գալիս էին զովաշունչ այս վայրը: Դավիթ Բեկի ազատագրական շարժումից հետո, երբ Նուբարյանները հեռացան Իզմիր, այս վայրերում բնակություն հաստատեցին թուրքերը և հիմնադրեցին փոքրիկ մի գյուղ Դալլաքլու անունով: 1920 թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ ծավեցիները թուրք գյուղացիներին իրենց գույքի հետ միասին տեղափոխեցին անվտանգ վայրեր:

ԾԱՎԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

  1. Կեմանցի աղբյուր
  2. Նավսի աղբյուր
  3. Մյասնիկի աղբյուր (Նորդ Օստ) –աղբյուրը կառուցված է ի հիշատակ 2002 թվականին չեչեն գրոհայիների կողմից Մոսկվայում գործող մյուզիքլի գրավման ժամանակ զոհված շիշկերտցի Մյասնիկ Զաքարյանի հիշատակին: Աղբյուը կոչվում է նաև Նորդ Օստի աղբյուր
  4. Բենիամինի աղբյուր
  5. Քանքանի աղբյուր
  6. Գետ Քարվանքաձոր
  7. Գետ Սարատուն
  8. Գետ Զառկոն
  9. Հանդ Սարատուն
  10. Հանդ Զառկոն
  11. Ճգնավեր (Ճգնավեր)՝ Ծավ գյուղի դիմաց, Ճանճապտուկ լեռան լանջին, անտառոտ վայրում: Ավանդության համաձայն այստեղ՝ փոքր այրի մեջ, ապրել է ճգնակյաց մեկը: Մինչև 20-րդ դարի վերջը այստեղ պահպանվում էին կավե ճրագներ, իսկ որոշ հավատացյալներ մերթընդմերթ այստեղ գնում էին մոմավառության։

Արմինե Հովհաննիսյան

«Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր

Հղումը՝ https://www.visitkapan.am/about-tsav.html

Կարդալ նաև՝

Ծավ գյուղի բնակչությունը 1897-1979 թվականներին․ Կապանի շրջան