ՀՅԴ նախընտրական ցուցակը և ընտրական 100-ամյա անցյալը

1044

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջիկա օրերին և շաբաթներին կներկայացնենք բոլոր 11 ուժերի ընտրական անցյալը։ Շարքը սկսում ենք ՀՅԴ-ով։

ՀՅԴ-ն ներկայացված է եղել 1990 թվականից ի վեր Հայաստանի բոլոր խորհրդարաններում։

1920-ական թթ․ սկզբին Խորհրդային Հայաստանից ստիպողաբար հեռանալուց հետո կուսակցությունը հայրենիք վերադարձավ 1990-ի օգոստոսին։

Նույն տարվա մայիսին (երկրորդ փուլը՝ հունիսին) կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՅԴ-ն չէր կարող մասնակցել ոչ միայն այն պատճառով, որ դեռ իրավաբանորեն չէր հաստատվել անկախության ուղին բռնած Խորհրդային Հայաստանում (ՀՅԴ-ն հաստատվեց 1990-ի օգոստոսին), այլ որովհետև այդ ընտրությունները բացառապես մեծամասնական ընտրակարգով էին։ Այդուհանդերձ, երբ ձևավորվեց խորհրդարանը, կարճ ժամանակ անց պատգամավորներից ձևավորվեց ՀՅԴ խմբակցությունը, որը ԱԺՄ-ի և ԱԻՄ-ի հետ միասին ընդդիմադիր դիրք էր գրավել իշխանական Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ-ի դեմ։

1995-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կասեցված լինելու պատճառով հնարավորություն չունեցավ մասնակցել դրանց։ Մեծամասնական ընտրակարգով մեկ ՀՅԴ-ական՝ Ռուբիկ Հակոբյանը (կոմունիստ լրագրող, ով մտել էր ՀՅԴ, իսկ հետագայում՝ «Ժառանգություն», այսօր՝ անկուսակցական), ընտրվեց պատգամավոր և հնչեցնում էր կուսակցության ձայնը խորհրդարանում և նրա պատերից դուրս։ 1996-ի սեպտեմբերյան նախագահական աղմկահարույց ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանեց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի։

1999-ի, 2003-ի, 2007-ի և 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն մշտապես հաղթահարել է 5 տոկոսի շեմը, ինչպես նաև ունեցել ընտրված պատգամավորներ մեծամասնական ընտրակարգով։ Լավագույն արդյունքը ՀՅԴ-ն ցույց է տվել 2007-ին՝ գրեթե 13 տոկոս։

1998-ի և 2003-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-n թեկնածու չի առաջադրել և պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ընդդեմ Կարեն Դեմիրճյանի, ապա՝ Ստեփան Դեմիրճյանի։ 2008-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը ստացավ քվեների 6 տոկոսը։ 2013-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց և փաստացի աջակցեց Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի։

2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն ստացավ քվեների 5,5 տոկոսը։ 2018-ի ապրիլի 14-ին ՀՅԴ-ն հավանություն տվեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում և կրկին կոալիցիոն կառավարության մաս կազմեց։ Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց՝ ապրիլի 25-ին, ՀՅԴ-ն հայտարարեց քաղաքական կոալիցիային իր մասնակցության դադարեցման մասին, իսկ երկու շաբաթ անց մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը, ինչը շարունակվեց մինչև հոկտեմբերի 2-ը։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ՀՅԴ-ն ներկայացրել է 152 հոգանոց ցուցակ, որոնցից 22-ը անկուսակցական են: Ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Եվ վերջում՝ վերադառնանք 1919 թվական, երբ այդ տարվա հունիսի 21-23-ը կայացան Հայաստանի Հանրապետության առաջին և վերջին խորհրդարանական ընտրությունները։ Դրանք հայ ժողովրդի պատմության առաջին ընտրություններն էին։ ՀՅԴ-ն, որն իշխող ուժն էր Հայաստանում և բացահայտ հաղթեց այդ ընտրություններում (մեծությամբ երկրորդ ուժը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը, բոյկոտեց ընտրությունները), ներկայացրել էր 120 հոգանոց ցուցակ։ Ահա այդ ցուցակի առաջին 20 անդամները, որոնց անունները մտել են հայ քաղաքական մտքի պատմության մեջ․

1․Ավետիք Սահակյան
2.Հովհաննես Քաջազնունի
3.Ավետիս Ահարոնյան
4.Գարեգին Փաստրմաջյան (Արմեն Գարո)
5.Միքայել Վարանդյան
6.Համազասպ (Համո) Օհանջանյան
7.Հովսեփ Տեր-Դավթյան
8.Աբրահամ Գյուլխանդանյան
9.Ռուբեն Տեր-Մինասյան (Ռուբեն փաշա)
10.Նիկոլ Աղբալյան
11.Ալեքսանդր Խատիսյան
12.Հովսեփ Արղության (Իշխան)
13.Սմբատ Խաչատրյան
14.Վահան Փափազյան (Կոմս)
15.Լևոն Թադևոսյան (Պապաշա)
16.Դրաստամատ Կանայան (Դրո)
17.Սարգիս Արարատյան
18.Արտաշես Բաբալյան
19.Պերճուհի Բարսեղյան
20.Հովակիմ Բուդաղյան

 
Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ