Քոչարյանի մեղադրանքը լրացվել է. նրա փաստաբանները ավելի վաղ դիմել են Եվրոպական դատարան

727

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լրացրել է 2008 թվականի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։ Նախաքննական մարմինը չի մեկնաբանել, թե մասնավորապես ինչ լրացումներ է կատարել։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ օրեր առաջ են ՀՔԾ-ից ստացել լրացման մասին տեղեկատվությունը․ – «Ավելացված են դրվագներ, տվյալներ, որոնք վերաբերում են Մարտի 1-ի գործին ընդհանրապես, բայց թե ինչ կապ ունեն այդ դրվագները Քոչարյանի հետ, այդ մասով, կարծես թե, լրացված ծավալով որևիցե հստակեցում չկա»: Փաստաբանը շեշտել է, որ այս վերջին լրացումը չի նշանակում, թե Քոչարյանի մեղադրանքը խստացվել կամ մեղմացվել է․ «Առաջադրված մեղադրանքը նույն հոդվածով է շարունակում մնալ․ ընդամենը լրացուցիչ գործողություններ այլ դրվագներով»:
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները արդար դատաքննության իրավունքի, դրա հետ կապված անմեղության կանխավարկածի խախտումներ արձանագրելու խնդրանքով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հովհաննես Խուդոյանը պնդեց, որ կառավարությունը ոչ միայն չի ապահովել Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այլև ինքն է խախտել այն:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ:

«Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները արդար դատաքննության իրավունքի, դրա հետ կապված անմեղության կանխավարկածի խախտումներ արձանագրելու խնդրանքով մեկ շաբաթ առաջ դիմել են Եվրոպական դատարան։

Փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ կառավարությունը ոչ միայն չի ապահովել Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այլ նաև ինքն է խախտել այն: