ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Լուկաշենկոն քննարկում է Ադրբեջանի դեսպանի հետ

1378

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 12-ին Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մինսկ առաջիկա այցի մասին։

Ինչպես հայտնում են բելառուսական կայքերը, Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է, որ Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի հարցը հիմնականը չէր։ Լուկաշենկոյին զարմացնում են այդ թեմայի շուրջ բուռն քննարկումները։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է ընդամենը 15 րոպե։

«Հիմնական ժամանակը գրավել է առաջին հարցը՝ ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական իրավիճակը։ Բնականաբար, անդրադարձել ենք նաև ներքաղաքական իրավիճակին, բայց բացառապես այս կամ այն նախագահի մատուցմամբ։ Ոչ ոք այնտեղ չէր պատրաստվում միջամտել այս կամ այն գործընթացներին»,- ասել է Լուկաշենկոն։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ նոր ղեկավարին՝ ըստ Լուկաշենկոյի տարբերակները շատ էին։

«Եվ դա չի նշանակում, որ մենք խոցել ենք Հայաստանին, ինչ-որ մեկը հաղթել է, մեկը՝ պարտվել։ Հարցն այն է, որ Նիկոլ Փաշիյանը պարզապես պետք է կառավարությունում պարզի իրավիճակը, քանի որ այդ երկիրն այսօր նախագահում է ԵՏՄ-ում՝ մեր տնտեսական միությունում, և ՀԱՊԿ-ում․ դա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում։ Կհաջողվի՞ Հայաստանին հաղթահարել դա։ Եթե Նիկոլ Փաշինյանը պարզի այդ ամենը և մեզ պատասխան տա, դա կլինի Սանկտ Պետերբուրգում»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։

Բացի այդ, ըստ Լուկաշենկոյի, Բելառուսը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածություն առաջարկել։

Թեմայի շուրջ ավելին՝

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման քննարկումը՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում

ՍիվիլՆեթ