Խորհրդային Հայաստանի տարածքը եղել է 30.948 քառակուսի կիլոմետր՝ 29 743 քառ կմ-ի փոխարեն

10042

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումից հետո երկու հանրապետությունների միջև տեղի են ունեցել հողային բազմաթիվ փոխանակումներ, որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանի տարածքը 30․948 քառակուսի կիլոմետրից դարձել է 29․743, այսինքն՝ շուրջ 1․2 հազար քառակուսի կիլոմետրով նվազել է։

Օրինակ, Մեղրիի շրջանի թաթաբնակ (հետագայում ադրբեջանական դարձած) Նյուվադի գյուղը միայն 1928 թվականին է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Նախիջևանի մի քանի սահմանային հայկական գյուղեր միացվել են Վայքի՝ նախկինում Ազիզբեկովի շրջանին։ Թե դրա դիմաց ինչ է Հայաստանը զիջել Ադրբեջանին, մենք տեղյակ չենք։

Բայց իրականություն է, որ հայ-ադրբեջանական հողային փախանակումների վերջնարդյունքում Հայաստանը կորցրել է ավելին։ Այս քարտեզը՝ հրատարակված 1927-ին, ձեռք է բերվել Մոսկվայի Ռուսական պետական գրադարանից:

Ամենաակռանու կորուստը Լաչինի, այսօր՝ Բերձորի շրջանում է։ Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանի կազմում նոր ձևավորված ԼՂԻՄ-ը ունեցել են ընդհանուր սահման, սակայն տարիների ընթացքում այն վերացել է։ 1992-ի մայիսի կեսերին, երբ բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը, Հայաստանի և Արցախի միջև ցամաքային հեռավորությունը հասել էր 7 կիլոմետրի։

Ամենայն հավանականությամբ Խորհրդային Հայաստանի հողային կորուստները տեղի են ունեցել 1927-ից 1935 թթ միջև ընկած ժամանակաշրջանում։ 1922-ից մինչև 1937-ը Խորհրդային Հայաստանը, Խորհրդային Ադրբեջանը և Խորհրդային Վրաստանը մեկ միասնական միավոր էին Խորհրդային Միության կազմում՝ Անդրֆեդերացիա անունով և Թիֆլիս վարչական կենտրոնով։

1935-ին տպագրված քարտեզում Հայաստանի տարածքը հասել է 29,8 հազար քառակուսի կիլոմետրի։ 1927-ից 1935 թթ ընկած յոթ-ութ տարիներին Հայաստանում հայտնվել են ադրբեջանական անկլավները՝ Քյարքին, այսօր՝ Տիգրանաշեն, ինչպես նաև Յուխարը Աքսիպարա, Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերը Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում։

Ուշադրություն դարձրեք՝ Արծվաշենը 1927-ին դեռ անկլավ չէր Ադրբեջանի ներսում, ինչպես նաև Վարդենիսի և Ջերմուկի միջև գտնվողղ Ալ լճերը ևս Հայաստանի կազմում էին, այլ ոչ նախկին Քելբաջարի։ 

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

9 նոյեմբերի, 2018թ.