Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կարող է լրացվել

679

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ 2008թ. Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Այդ մասին ՀՔԾ պետն ասել է կառավարությունում լրագրողների հետ զրույցում:

«Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու համար, դուք կիմանաք: Եկեք պարզապես տրամաբանենք. Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ բանակը ներգրավված չի եղել, չի կրակել։ Հետո, երբ պարզեցինք, որ ներգրավված է եղել, հնչում էին կարծիքներ, որ լավ՝ ներգրավված է եղել, մնացել է զորանոցներում, չի կրակել։ Հետո, մենք հիմնավորեցինք, որ բանակը կրակել է։ Այս բացահայտումներն արդեն խոսում են, որ բանակի կրակված պարկուճները կեղծվել են։ Իրականում, շատ նշանակալի եմ գնահատում այս բացահայտումը, որովհետև դրանով փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքներն ու գործի ողնաշարը կոտրել», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սասուն Խաչատրյանը։