«Վայոց Ձորի 1930 և 1931 թվերի ապստամբությունները». Աշոտ Սիմոնյանի նոր աշխատությունը

1747

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Աշոտ Սիմոնյանի նոր աշխատությունը՝ «Վայոց Ձորի 1930 և 1931 թվերի ապստամբությունները»:

Շուրջ 700 էջանոց գրքի խմբագիրը և առաջաբանի հեղինակը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է, գրախոսը՝ Մհեր Քումունցը:

Ականատեսների հուշագրությունների, վկայությունների, պաշտոնական փաստաթղթերի, դատաքննչական և այլ նյութերի հիման վրա ներկայացվում է Վայոց Ձորում 1930-1931 թթ կոլեկտիվացում-թալանի հետ կապված կոմունիստական բռնաճնշումների և դրա դեմ ժողովրդի ընդվզման պատմությունը:

Վերջին տարիներին Վայոց Ձորի՝ Շարուր-Դարալագյազի պատմությունը մանրամասնորեն ուսումնասիրող Աշոտ Սիմոնյանը 2008-ին ընթերցողի սեղանին դրեց իր առաջին հատորը՝ «Արփա-Արենին Վայոց Ձորի պատմության հոլովույթում»:

Դրան հաջորդեցին «Վայոց Ձոր. 20-րդ դարի քառուղիներում /1914-1921թթ», «Ռուբէն Աբրահամեան» և «Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան» հատորները:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Վայոց Ձորի 1930 և 1931 թվերի ապստամբությունները» գրքի առաջաբանում գրում է. «Աշոտ Սիմոնյանը ահռելի գործ է արել, հսկայական նյութերով լրացրել ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի համարյա լիակատար ոչ միայն ցանկերը, այլև պատկերը: Գրքում հավաքված նյութերը առատ տեղեկություններ են տալիս ոչ միայն բուն ապստամբության, այլև 30-ական թվականների ընդհանուր գյուղացիության վիճակի, բնակչության ներքին հարաբերությունների, կուսակցական վեճերի համար: Այն հիանալի շտեմարան է հետազոտողների համար»:

ԱՆԻ կենտրոն