Հայկական ֆուտբոլում կեղծում են երեխաների փաստաթղթերը

727

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Թեև թեման ֆուտբոլն է, սակայն խոսքն այստեղ ավելի շատ կեղծարարության ու հանցագործության մասին է: Սա մի թեմա է, որը տարիներ ի վեր ուղեկցում է հայկական ֆուտբոլին և այդ հանցագործության դեմ ժամանակն է, որ մղվի ամենախիստ պայքարը: Եվ հուսանք, որ ՀՖՖ նոր ղեկավարությունը հենց այդ պայքարի ճանապարհն է ընտրել:

Արտաշատ քաղաքի ֆուտբոլի թիմը (իրավաբանական անունը՝ «Արտաշատի համալիր մարզադպրոց»), որը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019 թթ. առաջնության Ա ենթախմբում, այս տարվա 8 խաղերից 7-ում դաշտ է դուրս բերել կեղծված ծննդականի փաստաթղթերով ֆուտբոլիստներ` Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին և Նարեկ Էմիշյանին:

Այս կեղծարարության համար, որը իրականում հանցագործություն է, թիմին գրանցել են տեխնիկական պարտություններ, պատասխանատու մարզիչ Թելման Յաղմուրյանին որակազրկել 3 տարի ժամկետով, Արտաշատի համալիր մարզադպրոց ակումբին տուգանել 150 հազար դրամով և «Արտաշատ» թիմին հանել են առաջնությունից:

Փաստաթղթային ընտրակեղծարարության համար պատժվել է նաև «Վարդենիսի թ.1 մարզադպրոց» ակումբի «Անդրանիկ» թիմը, որը հանդես է գալիս մինչև 14 տարեկանների ՀՀ ֆուտբոլի առաջնությունում:

Այս դեպքում հանրակրթական դպրոցի կեղծ տեղեկանքի փաստաթղթերով թիմում խաղացել են ֆուտբոլիստներ Արգիշտի Սողոմոնյանը, Էդգար Գրիգորյանը և Նարեկ Մարգարյանը: Անդրանիկ» թիմին ՀՖՖ-ն գրանցել տեխնիկական պարտություններ, մրցակից թիմերին՝ տեխնիկական հաղթանակներ, թիմի պատասխանատու մարզիչ Սամվել Ասատրյանը որակազրկել է 3 տարի ժամկետով, իսկ «Վարդենիսի թ.1 մարզադպրոց» ակումբը տուգանել է 150 հազար դրամով:

Գրեթե ամեն տարի են հայկական ֆուտբոլում հանդիպում նման պատմություններ: Անգամ խոսակցություններ կան, որ տարիներ առաջ մեր նշանավոր ֆուտբոլիստների և կամ նրանց երեխաների փաստաթղթերն են կեղծվել, որպեսզի նրանք հանդես գան միջազգային մրցաշարերում:

Ահա այստեղից պետք է նաև սկսել հայկական ֆուտբոլի վերականգնողական դժվարին գործը: