Բեխ. Կապանի գյուղաշխարհը

2725

Բեխը Սյունիքի հինավուրց գյուղերից է, գտնվում է Կապան քաղաքից 4 կմ հս. արևմուտք: Հայտնաբերված հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ այստեղ եղել է հեթանոսական մեհյան: Բեխը առաջին անգամ հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը՝ 871 թ. Բաղք գավառի Արաքս գյուղի հետ փոխանակելու առթիվ: Գյուղը հիշատակում են նաև Ղուկաս Սեբաստացին, Ղևոնդ Ալիշանը և այլոք: Մելիքանիստ գյուղ է, հանդիսանում է Մելիք-Փարսադանյանների ոստանը: Գյուղի կենտրոնում գտնվում է միանավ թաղակապ եկեղեցի: Եկեղեցու պատերին ագուցված են տարբեր ժամանակների նախշազարդված, վիմագրերով հարուստ տապանաքարեր:

Մելիք-Փարսադանյանները զգալի դեր են խաղացել հատկապես Դավիթ Բեկի ազգային ազատագրական պայքարում: Նրանցից շատերը եղել են զորահրամանատարներ և զորավարներ: Մելիք-Փարսադանյանները առաջիններից էին, որ Կապանում սկսեցին պղնձի արդյունահանումն ու ձուլումը և լուրջ մրցակից դարձան հույների համար: Մելիք –Փարսադանյաններին է պատկանել Հալիձորի բերդը իր շրջակայքով:

Անկասկած Բեխում է ծնվել նշանավոր Դավիթ Բեկ զորավարը:Այստեղից են ծագել նաև Բալի զորավարը, ազգային գործիչ և արդյունաբերող Սամսոն Բեկ Մելիք-Փարսադանյանը, համբավանուն մաթեմատկոս ուսուցիչ Կամո Առուստամյանը, բժիշկ, գրող, հասարակական գործիչ Ստեփան Մելիք-Փարսադանյանը (Ստեմել), ՀՅԴ գործիչ Դավիթ Մելիք –Փարսադանյանը և ուրիշներ:

ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴԸ

Հալիձորի բերդը ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Գտնվում է Կապան քաղաքի Հալիձոր թաղամասից վեր՝ լեռան լանջին: Այն նախապես եղել է կուսանաց անապատ, որտեղ 17-րդ դարում ընդօրինակվել են ձեռագրեր: Վկայություններ կան այն մասին, որ այստեղ ապրել և ճգնել է 60 կույս, ինչպես նաև վանահայրեր: Բնականից տեղանքը լավ պաշտպանված էր, ուստի Դավիթ Բեկը 1723 թվին անապատը վերակառուցեց և դարձրեց ամրոց:

Հալիձորի ճարտարապետական համալիրն ունի քառանկյան ձև, որի կենտրոնում գտնվում են միջնաբերդն ու եկեղեցին: Բերդը պարսպապատ է, ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսային։ Արևելյան կողմից այն անառիկ է շնորհիվ անհաղթահարելի զառիթափի, որն իջնում է դեպի Ողջի գետը: Ամրոցի պատերը հաստ են, շարված են անկանոն քարերով: Ամրոցի ներսի շինությունները երկհարկ են և կառուցված են այնպես, որ կազմում են մեկ ամբողջական պաշտպանական համակարգ: Պարիսպների վրա կառուցված աշտարակները դեպի դուրս են , նրանց մեջ թողնված են անցքեր հրաձգության համար: Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որը հնարավորություն է տվել շրջափակման ժամանակ կապ ստեղծել դրսի հետ: Կավե փողրակներով ամրոցը ջուր է ստացել հեռավոր աղբյուրներից:

Ամրոցն ունի երկու եկեղեցի: Ստորին մասում գտնվող Սբ Մինաս եկեղեցին անկասկած կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որի մասին վկայում են պատերի մեջ ագուցված նախաքրիստոնեական զարդանախշերով քարերը: Դրանք դիտողի վրա թողնում են մեծ տպավորություն: Միջնաբերդում է գտնվում Սբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցված է նաև սրբատաշ քարերով: Այն ունի ուղղանկյուն հատակագծով թաղածածկ դահլիճ , արևելյան խորանի աջ և ձախ կողմերում՝ զույգ ավանդատներ: Աղոթասրահի վրա բարձրանում է զանգակատունը: Եկեղեցին ունի երկու դուռ, որոնցից մեկը տանում է սյունասրահ, մյուսը՝ դեպի մերձակա երկհարկանի շինություն: Եկեղեցու ներսում՝ առաստաղի վրա, նշմարվում են որմնանկարների հետքերը:

Միջնաբերդն ուներ ձիանոց, առանձնասենյակներ, սրահներ, խոհանոց իր օջախով, դիտակետեր և այլն: Շատ են վիմագիր արձանագրությունները: Միջնաբերդից դուրս պահպանվում է հին գերեզմանատունը՝ տապանաքարերով:

2007-2009 թթ. Հալիձորի բերդը վերականգնվել է, բայց տարածքը լուրջ ուսումնասիրության և հնագիտական պեղումների կարիքն ունի: Հալիձորից հայտնաբերված որոշ գտածոներ այսօր գտնվում և ցուցադրվում են Կապանի երկրագիտական թանգարանում:

ԲԱԼԻ ԶՈՐԱՎԱՐ

Զորավար Բալին եղել է Դավիթ Բեկի ազգային ազատագրական շարժման ականավոր դեմքերից , բեխցիների զինված ջոկատներից մեկի հրամանատարը: Նրա հերոսական գործերն ու անսահման քաջությունը արտացոլված են Րաֆֆու «Դավիթ Բեկ» և Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպերում: Ազատագրական պատերազմի ընթացքում մեկը մյուսին հաջորդում էին ճակատամարտերը, որոնցից մեկն էլ տեղի է ունեցել 1724 թվականին Վերին Խոտանանի Հցոտ կոչվող վայրում: Մարտերը տեղի էին ունենում Մխիթար Սպարապետի ուժերի և Բարգուշատի խանի ավազակախմբերի միջև: Կռվի ընթացքում թշնամու սրի հարվածից կիսով չափ կտրվում է Բալի Զորավարի պարանոցը: Թշնամին կարծում է , թե նա արդեն սպանված է, թողնում է ընկած ու հեռանում: Բայց ահա որոշ ժամանակ անց ուշքի է գալիս Բալին, պարանոցն <<առնում>> է ուսերին և Խոտանանից մինչև Հալիձորի բերդն ընկած հսկայական տարածությունը անցնում է` մի կերպ սողալով, տեղ-տեղ քայլելով: Բոլոր ականատեսները, ինչպես վկայում է Ղուկաս Սեբաստացին, հիացել էին ու սքանչացել նրա հերոսական արարքից:

Չնայած ծանր վիրավորված լինելուն, Բալին երկար ապրեց, որի մասին վկայում է Բեխի եկեղեցու առջև Բալիի գերեզմանին տեղադրված տապանաքարի վիմագիրը: Տապանաքարի վրա արձանագրված է՝ <<ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԵԼԻՔ-ՓԱՐՍԱԴԱՆԻ ՈՐԴԻ ԲԱԼԻ ԶՈՐԱՎԱՐԻ Ի ԹՎ ՌՄԽ>>: ՌՄԽ-ն 1240 թվականն է, որին եթե գումարում ենք Հայոց 551 թվականը, ստացվում է 1791 թվականը:

Բալի Զորավարի կերպարը ոգևորել է սերունդներին, այսօր էլ կան նրա ժառանգները: Զորավարի մասին պոեմի հեղինակ է բանաստեղծ Գրիգոր Գևունցը (Զորավար Բալի, Երևան, << Զանգակ>> հրատարակչություն, 2001 թվական):

ՆԱՊԱՏ

Ոչ միայն Բեխի, այլ ամբողջ Կապանի համար հետաքրքրություն է ներկայացնում հայտնի Նապատը թե ճարտարապետական կառույցներով, թե իր հետ կապված լեգենդներով ու պատմություններով: Այն գտնվում է Կապան քաղաքի Բեխ գյուղից մոտ 6 կմ հարավ-արևելք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ:

Նապատը հնում հայտնի է եղել նաև Տանձափարախ անունով, ուր վտանգի ժամանակ ժողովուրդը ապաստանել էր այստեղ գտնվող միաբանութեան հետ միասին: Սա փաստորեն փոքրիկ ամրոց-դղյակ էր, ուր թե պաշտպանվում էին, և թե իրականացնում կրոնական արարողություններ: Նապատը դարեր շարունակ կիսավեր վիճակում էր և ծառայում էր որպես ուխտագնացության վայր` շրջակա գյուղերի համար:

Առաջին անգամ Նապատի մասին հիշատակվում է X դ., երբ Սյունյաց Վահան իշխանը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, «հրաժարվեց աշխարհական կարգից, կրոնավորի տարազ հագավ ու երկար ժամանակ ճգնում էր Տանձափարախի սուրբ վկայարանում»:

Տանձափարախը եղել է անապատ. պատմիչը նշում է, որ նրա կրոնավորները «խարազնազգեստ ու սակավապետ էին»:

Այս յուրահատուկ սրբավայր ամրոցի մասին գրել է Րաֆֆին <<Դավիթ Բէկ>> վեպում, նրա մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Ստեմելը , որը գրառել էր զրույցները տարեցներից: Նապատի մասին զրույցները չեն դադարում Բեխում նաև մեր օրերում: Մերօրյա սերունդը պատմում է դարեդար փոխանցված ավանդություններն ու լեգենդները:

<< Հալիձորի անկումով, Դավիթ Բեկը յուրայիններով պատսպարվում է Անապատ կոչուած ամրոցի մէջ: Այս բերդը կոչվում էր Անապատ այն պատճառով, որ նրա մեջ գործում էր մի կուսանոց, ուր, ասում են , կուսակրոն կյանքով ապրում, աղոթում և ապաշխարհում էին շուրջ քառասուն միանձնուհիներ: Օսմանցիները , գետը անցնելուց հետո, պաշարեցին բերդը: Վեց օր տևեց պաշարումը: Թշնամին կրկնապատկում է իր զորությունը և վայրենի կատաղությամբ հարձակում գործում: Հասնում է օրհասական րոպեն: Այդ սարսափելի տագնապի մէջ, երբ մի կողմից շողում էին սրեր, հոսում էր արյուն, որոտում էին թնդանոթներ, մյուս կողմից` բարեպաշտ միանձնուհիների դասը հնչեցնում էր զանգակներ և աղերսում վերին օգնականությանը>>:

Րաֆֆին գրում է. «Քաջազնական հոգին, միանալով կրոնական զգացմունքների հետ, հրաշքներ էր գործում: Պաշարվածները ընտրել էին մահը, քան թէ անձնատուր լինել. «Արևը մոտենում էր իր մուտքին: Սույն միջոցին Մխիթար սպարապետը Տեր-Ավետիքի հետ, թողնելով Դավթին փոքրաթիվ պահապանների հետ բերդի մէջ, իրանք ամրոցի գաղտնի դռնով դուրս են գալիս՝ իրանց հետ ունենալով մի քանի հարյուր սպառազեն տղամարդիկ: Նրանք անակնկալ կերպով հարձակվում են թշնամու գլխավոր բաժնի վրա: Որովհետև մութը պատած էր այն ժամուն, թշնամին շփոթվում է. նրանք կարծում են, թէ պաշարվածներին դրսից օգնություն հասավ: Ամբողջ բանակի մէջ տիրում է խռովություն և իրարանցում: Սկսվում է կոտորածը: Նույն միջոցին թշնամու խառնիճաղանճ բազմությունը թողնում է բերդը: Նրանք սկսում են ցրվել: Նույն ժամին բերդից դուրս է գալիս և Դավիթ- Բեկը, միանում է իր ընկերների հետ: Թշնամին փախչում է: Դրանք հետամուտ էին լինում: Նրանցից ընկնում են մի քանի հազար հոգի, խլում են հարյուրից ավելի դրոշակներ եւ հարուստ պատերազմական մթերք:

Սյունյաց նահանգը մաքրվեց օսմանցիներից: Այդ եղավ 1727 թվին»:

Տանձափարախը լքվել և ավերվել է ուշ միջնադարում:

XVII դ. առաջին կեսին վերականգնվել է: Ինչպես հայտնում է XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցին, Տաթևի Մեծ անապատից Տեր Արիստակեսը «գնաց Տանձափարախ անվանված վայրը, այստեղ շինեց անապատ և մնաց մինչև իր կյանքի վերջը ու այստեղ թաղվեց»:

Տանձափարախում ապրել է Գրիգոր Տաթևացու աշակերտ Մաթևոս վարդապետը, որը 1393-ին «Քարոզգիրք» է գրել:

XVII դ. վերականգնվելուց հետո անապատը գործել է մինչև XVIII դ. վերջը:

Համբարձման տոնին այդտեղ էին հավաքվում, պատարագ մատուցում, մատաղ անում ընդհանուր սեղան նստում, ջան-գյուլում երգում ու պարում: Եվ տարին մի անգամ գոնե Նապատը կենդանանում էր ուխտավորներով` բազմերանգ ծաղիկների անուշ բուրմունքը խառնելով խունկի անուշահոտության հետ:

2016թ.-ի օգոստոս ամսին, «Երկիր և Մշակույթ» Համազգային կազմակերպության նախաձեռնությամբ, 20-25 կամավորներով իրականացվեցին Անապատի տարածքում հնագիտական՝ պեղման, տարածքի մաքրման, կառույցների վրայի բուսածածկույթի հեռացման, կառույցների որոշ հատվածների ամրակայման և այլ աշխատանքներ:

ՃԳՆԱՎՈՐԻ ԼԵԳԵՆԴԸ

Բեխում մեր օրերում էլ տարեցները հիշում են Ճգնավորի մասին լեգենդը, որը խորապես կապված է անցյալի անհետացած պատմությունների և հայրենի չնաշխարհիկ բնության հետ: Երբ անտառը վերջանում է, նրանից հետո բարձրանում է հորիզոնական մի ժայռ, որին գյուղացիք Քարին Կտուր են անվանում: Քարին Կտուրի ճակատը լերկ ապառաժ է ՝ մի քանի հարյուր մետր բարձրությամբ: Քարին Կտուրի վրա հարթ տարածություն է՝ ծածկված հարուստ բուսականությամբ: Այստեղ տարածված է մշահամուկը, որը ունի նաև այլ տարանուններ:

Քարին Կտուրի ստորոտում կա մի խոշոր քարանձավ, որը տեղացիները անվանում են թատերասրահ, քանի որ նման է դրան: Այդտեղ կարող է տեղավորվել ավելի քան 200 մարդ: Ունի բարձր քարե առաստաղ և գեղեցիկ բնական պատեր: Դրանից քիչ վար բխում է մի սառնորակ աղբյուր: Քարին Կտուրի թիկունքում գոյություն ունի իսկական ամառանոց՝ խայտաբղետ, բազմապիսի տեսարաններ, մաքուր սառը օդ, ծաղիկներ, հարուստ կենդանական աշխարհ: Անցյալում այստեղ սարվորները ամռանը վրաններ էին տեղադրում, զբաղվում անասնապահությամբ:

Քարին Կտուրի հսկայական ժայռը Ճգնավորի քար անունն ունի: Այն արձագանք է տալիս ստորոտից եկած բոլոր ձայներին: Այն իր պատմությունն ունի:

Անհիշելի ժամանակներից մեզ է հասել լեգենդ Ճգնավորի քարի ու նրանում պատսպարված ճգնավորի մասին: Վտանգի ժամանակ երբ թշնամին հարձակվել է Սյունյաց աշխարհի վրա, շատերը իրենց փրկությունը գտել են անմատչելի լեռներում, քարանձավներում ու խցերում: Ստեմելը տարեցներից գրառել է գեղեցիկ ավանդազրույց. «Բեխում թշնամիներից փախած մի ճգնավոր այդ ժայռի վրա է ապաստանել: Ճգնավորը խորասուզվել է ժայռի ներսի անդունդը, որպեսզի թշնամիները չգտնեն իրեն: Երկար ժամանակ նա շարունակել է ապրել այստեղ աղոթքներ մրմնջալով և ծոմ պահելով: Տարիների ընթացքում նրա մրմունջները հեծեծանքների են փոխվել, և հեծեծանքներն էլ լսվում էին որպես արձագանք : Իր ապրած խոր անդունդից նա լսում էր անցնողների ոտքերի ձայնն ու խոսակցութիւնները և կամենում էր իմանալ, թե ովքեր են մոտեցել իր կացարանին՝ թշնամինե՞ր, թե բարեկամներ: Ճգնավորը կանչել է. « Ով ՞ ես դու, որ մոտեցել ես իմ կացարանին, արդյոք բարեկա՞մ ես, թե՞ թշնամի, հա՞յ ես, թե թուրք» : Երկար ժամանակ, դարեր շարունակ, ինչպես վկայում են տարեցները, երբ պատանիները անցնում էին այդ կողմերով, հիշում էին Ճգնավորին ու կանչում էին՝ «Թո՞ւրք ես, թե՞ հայ»:

«Հա~յ » ,-պատասխանում է Ճգնավորի Քարը` տխո~ւր, երկա~ր, մելամաղձոտ կերպով:

Ու այս արձագանքը գնում, հասնում է մինչև Բեխ գյուղի տները ու հեռուները…

ՄԱՐԳԱՐԱ ԱՄՈՒՆ ՔԱՐԸ

Բեխի բնության հուշարձաններից է Մարգարա ամուն Քարը: Ամի՝ նշանակում է հորեղբայր: Անդնդախոր ձորերի եւ հսկա ժայռերի միջից դեպի վեր էր բարձրանում մի բարձր կղզիացած ժայռ, որ ստացել էր հայտնի որսորդ Մարգարի անունը: Մարգարը զոհ է գնացել իր արկածախնդրությանը, զոհվել այստեղ՝ որպես հիշատակ սերունդերին թողնելով անունն և համարձակ արարքը:

Այս ժայռեղեն բարձունքի վրա բնակվում էին այծյամները, անառիկ ամրոց էին դարձրել այն իրենց համար և այդ բարձրությունից կարծես արհամարհում էին որսորդներին: Որևէ վտանգի ժամանակ նրանք արագ մագլցում էին ժայռն ի վեր և, կարծես օդից կախվելով, լարախաղացների նման անհետանում էին խորունկ քարայրներում եւ այնտեղից դիտում թշնամուն: Եվ մի օր էլ պատահում է անսպասելին: Մարգարը կամենում է հաղթահարել բնական ամրություններ, բարձրանալ անառիկ ժայռի վրա, խուզարկել քարանձավները: Բայց ոտքը սայթաքում է, կամուրջ դարձրած հրացանը չի դիմանում, ջարդվում է: Տեղի է ունենում անդառնալի ողբերգություն: Նա վայր է ընկնում բարձրությունից և մահանում: Մարգարի դիակը գտնում են, տանում գյուղ և թաղում Բեխ գյուղի հասարակաց գերեզմանատանը:

Իսկ Մարգար ամուն անունը կապվում է ընդմիշտ հսկա մեծ ժայռի հետ:

ԿՈՄԲԱԽ

Ճգնավորի քարից վեր Կոմբախի հսկայական լեռնազանգվածն է, որի բարձունքներն ու շուրջը արեգակը հազվադեպ է նետում իր ճառագայթները: Այդ հսկա ժայռերի ճակատից գահավիժում են Կոմբախի սառցատնից հալվող ջրերը և թափվում ջրվեժներով դեպի անդնդախոր ձորեր: Կոմբախը և բնության հուշարձան է, և պատմական վայր:

1918-1919 թթ.Կապանին մոտիկ Շհարջիկ (պատմական Շեկք) և Աչաղու թուրքական գյուղերը՝ սահմանակից լինելով Բեխ գյուղին, հարձակումներ էին կատարում, մարդ սպանում: Երբեմն էլ գերի էին վերցնում հայերին և պահում պատանդ:

Այս և Գեղվաձորի որոշ գյուղերի պետք էր պատժել: Սրանք նույնիսկ գաղթականներին էին կոտորել: Գարեգին Նժդեհը կազմակերպեց գրոհ թուրքական գյուղերի վրա: Թուրքերը չդիմանալով, ամրացան Աղջկաբերդի (Շեկք գյուղից վեր) բարձունքներում: Հարկավոր էր հրետակոծել այդ բարձունքները և որոշ ամրացված գյուղեր: Կռաթաղի (Գիրաթաղ) եւ Գեղվա ձորերի բարձունքներին հասնելու համար պէտք էր թնդանոթը ավելի բարձր տեղ տանել: Անգլիական դիմացկուն ջորին անգամ չէր կարողանում պահպանել ծանր բեռան հավասարակշռությունը զառիվայր լանջերի վրա: Եվ ահա օգնության եկան բեխցի երիտասարդ զինվորները, որոնք շալակած տարան թնդանոթի մասերը դեպի իրենց ծանոթ լեռան բարձունքը: Նրանք թնդանոթը հասցրին Խուստուփի բարձրությանը գրեթե հավասար Կոմբախի գագաթը, որտեղից մեծ հորիզոն է բացվում դեպի Գեղվա ձորի և Կռաթաղի սարերը : Թնդանոթի հետ Կոմբախի կատարն են բարձրանում Նժդեհը և հրետանավորները: Թնդանոթի դիպուկ կրակոցները վերջ տվին ավազակներին: Գեղվաձորը ազատվեց: Կոմբախը ևս դարձավ պատմական վայր:

ԲԵԽ ԳՅՈՒՂԸ ՀԱՐՈՒՍՏ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ԲՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

Բեխ գյուղի տարածք

  • Սբ Գևորգ եկեղեցի՝ գյուղի կենտրոնում, ունի միանավ սրահ, վերակառուցվել է 1903 և 2010 թթ.: Պատերը շուրջբոլոր ագուցված են տարբեր ժամանակաշրջանով թվագրվող տապանաքարերով (17-րդ դ.)․
  • 17-19-րդ դդ. գերեզմանոց՝ եկեղեցու շուրջը
  • 17-18-րդ դդ. խաչքար՝ եկեղեցու բակում
  • Դավիթ Բեկի զորավար նշանավոր Բալի զորավարի տապանաքարը՝ 1791 թ.
  • Դավիթ Բեկ Փարսադանյանցի տապանաքարը՝ ագուցված եկեղեցու հս ճակատին, 1864 թ.
  • Սբ Մինաս եկեղեցին՝ 17-18-րդ դդ., գյուղի գործող գերեզմանատան մուտքի մոտ, պահպանվել է 70 սմ բարձրությամբ պատը
  • Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիներին նվիրված հուշարձան-աղբյուր (գտնվում է գյուղի կենտրոնում, կառուցվել է 1975 թ.)
  • 10-11-րդ դդ. մատուռ՝ գյուղից 1 կմ արմ.: Մատուռի մոտ կա 1019 թ. Տիկնանունի անունը կրող տապանաքար

ԲԵԽԻ ԱՆԱՊԱՏԻ ՏԱՐԱԾՔ

  • Գյուղից 4 կմ հվ-արլ՝ վանական համալիր՝ Բեխի անապատ, կամ , ինչպես տեղացիներն են ասում, Նապատ (10-17-րդ դդ)
  • Գավիթ՝ եկեղեցուն կից, պահպանվել են հիմքերը, 17-րդ դար
  • Գերեզմանոց համալիրի արլ կողմում, 11-18-րդ դդ.
  • Եկեղեցի՝ համալիրի կենտրոնում, 17-րդ դ.
  • 10-11-րդ դդ. թվագրվող խաչքար՝ եկեղեցու ներսում
  • Խաչքար Տեր Հակոբի ՝ եկեղեցու ներսում, 1757 թ.
  • Պարսպապատին կից միաբանության խցեր, որոնք ավերված են, 17-րդ դ.
  • Համալիրի շուրջը ձգվող պարիսպի հիմքեր, 17-րդ դդ
  • Եկեղեցու հվ կողմում՝ սեղանատան և սրահի կիսավեր շինություններ և հիմքեր

ԱՄՐՈՑ ՀԱԼԻՁՈՐ

  • Հալիձորի ամրոց (10-18-րդ ): Գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին, ՀԷԿ-ի մոտ: 18-րդ դարում այն եղել է նշանավոր Դավիթ Բեկ զորավարի աթոռանիստ ամրոցը
  • Ամրոցի տարածքում ՝ եկեղեցի Սբ Աստվածածին, 17-րդ .: 1723 թ. վերակառուցվել է Դավիթ Բեկի կողմից
  • Ամրոցի տարածքում խաչքար՝ նվիրված Հայր Վարդանին, 982 թ.
  • Սբ Աստվածածին եկեղեցուն կից երկհարականի բնակելի շինություններ, 17-րդ դ.
  • Ամրոցի հս.կողմում սեղանատուն, 17-րդ դ.
  • Բերդից հվ-արլ՝ Հալիձոր գյուղատեղի, միջնադար( ավերված)
  • 17-րդ դ.դամբարան՝ ամրոցի հս կողմում
  • Հալիձոր գյուղատեղիում, բերդից 25 մ արլ՝ միանավ սրահով եկեղեցի, 17-րդ դ., պատին ագուցված է 14-րդ դ.խաչքար

Արմինե Հովհաննիսյան

«Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր

Կարդալ նաև՝

Բեխ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կապանի շրջան