Արամների օրինակը պետք է վարակիչ դառնա մեր իշխանավորների համար. Երվանդ Փամբուկյան

1711

«Ապառաժ»-ի զրուցակիցն է անվանի պատմաբան, հայագետ, խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցության արխիվների գիտակ Երվանդ Փամբուկյանը: Նա hայոց պատմության և հայագիտության վերաբերյալ շուրջ երեք տասնյակ գրքեր է կազմել ու խմբագրել: Երվանդ Փամբուկյանի աշխատասիրությամբ հրատարակվել է «Նյութեր Հ. Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով փաստաթղթերի ժողովածուի 10 հատորներ:

Երվանդ Փամբուկյանը վերջերս Արցախում էր՝ մասնակցելու իր կազմած «Արամ Մանուկյան. նամականի» գրքի Արցախյան շնորհանդեսին:

– Պարոն Փամբուկյան, «Արամ Մանուկյան. նամականի» ժողովածուի լույս ընծայումը մեծ խանդավառությամբ է ընդունվել հասարակական ու գիտական շրջանակներում: Կխնդրեի ներկայացնեիք, թե ինչպե՞ս է այն իրականություն դարձել:

– Վերջին 15 տարիների ընթացքում իմ գլխավոր զբաղմունքը «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» հատորների հրատարակումն էր: Այդ աշխատանքի համար ամեն տարի մեկից մեկուկես ամիս մեկնում եմ ԱՄՆ Բոստոնի ՀՅԴ արխիվների կենտրոն, որտեղ կատարվում է նյութերի հիմնական մասի հավաքումը: Այդ աշխատանքի ընթացքում իմ ուշադրությունը գրավել են Արամի նամակները: Անցած դարերում հաղորդակցության հիմնական միջոցը նամակներն էին: Մեր կուսակցական, ղեկավար ընկերները նամակների միջոցով մշտապես կապի մեջ են եղել և՛ գերադաս մարմինների, և՛ իրենց ընկերների հետ: Նամակների մեջ գտել եմ շատ արժեքավոր, հավաստի տեղեկություններ: Համարձակվում եմ ասել, որ դրանց մեջ ավելի շատ իրականության ենք հանդիպում, քան ժողովական արձանագրություների, տեղեկագրերի մեջ, որտեղ հարցերը բավականին մշակված, սղագրված են, մինչդեռ նամակների մեջ ավելի ճշգրիտ կերպով կարելի է թափանցել իրականության մեջ:

Նամակները բովանդակալից են, որով և գրավել են ուշադրությունս: Արամ Մանուկյանի ձեռագրերը գտնելու համար հարյուրավոր թղթածրարներ եմ պրպտել, փնտրել: Տարիների ընթացքում նրա ձեռագիրը, լեզուն արդեն հարազատ են դարձել:

– Հետաքրքիր է, արդյո՞ք Արամ Մանուկյանի գրությունների մեջ զգացվում է Արցախի բարբառի ազդեցությունը:

– Արամ Մանուկյանը յուրահատուկ գրելու ոճ ուներ: Մասնավորապես իր սկզբնական նամակներում շատ են հանդիպում Արցախյան բարբառային բառեր, ասույթներ: Հետզհետև փոխվում է նրա գրագրության լեզուն, նույնիսկ փորձել է արևմտահայերեն գրել: Դա բնական է, քանի որ երկար տարիներ գործել է Վան-Վասպուրականում, նաև որոշ ժամանակ «Աշխատանք» թերթը հրատարակեցին, որտեղ Արամը արևմտահայերեն է տպագրվել:

– Արամի բոլոր ժամանակիցները, այդ թվում և ինքը առավել հայտնի են իրենց գաղտնանուններով: Արդյո՞ք ինչ-որ տեղ հիշատակության հանդիպել եք, թե ինչպե՞ս է ընտրվել «Արամ Մանուկյան» անունը:

– Իրական անուն-ազգանունը Սարգիս Հովհաննիսյան է: Երբ ուսումն ավարտելուց հետո գործուղվեց Կարս, այնտեղ հայտնի էր Սերգեյ անունով: Նախքան Վասպուրական հասնելը մի քանի ամիս մնաց Ատրպատականում, որտեղ արդեն հայտնի էր Արամ անունով:

Ծածկանուններն անհրաժեշտ էին ցարական, թուրքական գրաքննությունից խուսափելու համար: Նամակների մի մասը գաղտնագիր են, գաղտնի մելանով գրություններն ունեին նաև բաց բաժինը, որտեղ խոսվում է եղանակի, կարոտի, ապրուստի միջոցների սղության մասին: Այդպիսի նամակների տակ հաճախ ստորագրում էր «Արամ Սարումյանց»: Ծածկանուններն այնքան շատ են, որ հատուկ գիտելիքներ են պետք գրողների ինքնությունը պարզելու համար: Վասպուրականի հարյուրավոր գյուղերը, որտեղ կազմակերպական բջիջ էր գործում, հատուկ ծածկանուններ էին կրում: Վասպուրականը մեծ նահանգ էր՝ 39.000 քառ կմ տարածքով, մինչդեռ Վասպուրականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն իր գործունեությունը ծավալում էր շատ ավելի ընդարձակ տարածքի վրա. Բիթլիս-Բաղեշի վիլայեթի լեռնային գավառները, Կարինի վիլայեթի Բայազետի շրջանը ենթարկվում էին այս կոմիտեությանը: Արամի նամակներում այդ բնակավայրերը հիշատակվում են ոչ թե բուն անուններով, այլ կուսակցության կողմից սահմանված գաղտնանուններով: Հրատարակված գրքում ծածկանունով հիշատակված բոլոր գյուղերի և քաղաքների դիմաց նշված են իսկական անունները:

– Նամականին ընդգրկում է 1904-1915թթ.՝ Արամի գրագրությունը: Ինչո՞վ է պայմանավորված հենց այդ ժամանակշրջանի ընտրությունը:

– Ժամանակներն այնպիսին էին, որ երիտասարդության իդեալն էր գնալ և նվիրվել Երկրի ազատագրության դատին, մեծագույն երազ էր կռվի մեջ նահատակվելը: Արցախից, Ջավախքից և Հայաստանի այլ շրջաններից շատ երիտասարդներ մեկնում էին այդ գաղափարով: Արամի ժամանակակիցները՝ Թուման Թումյանցը (Թորգոմ), Եգոր Առստամյանը (Մենակ, Գևորգ), Խանասորի Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) այս գաղափարներով են Երկիր հասել: Սասունի ապստամբության նախօրյակն էր և ամբողջ նահանգը գտնվում էր արտակարգ եռուզեռի մեջ. այդտեղ խմբված էին բազմաթիվ անվանի մարտիկներ: Սասուն անցնելու նպատակով Կարս եկած Արամը զինյալ խմբի միանալով փորձել է անցնել սահմանը, բայց հիվանդության պատճառով հետ է դարձել: Մի քանի խմբեր պատրաստած և սահմանն անցկացրած Արամը խոր վիշտ էր ապրում և տառապում՝ ամեն անգամ թանկագին ընկերների նահատակության լուրն առնելով: Ի վերջո, հակառակ Կարսի Կենտրոնական կոմիտեի պնդումներին, Արամը վճռում է անցնել Երկիր, բայց ոչ թե Սասուն, որտեղ ճնշվել էր ապստամբությունը, այլ Վասպուրական:

1904թ. աշնանը երեք ընկերների ուղեկցությամբ Արաքսը կտրելով գնաց Խոյ, ապա սահմանամերձ Ս. Թադեի վանքը՝ այնտեղից Վան անցնելու ծրագրով: Ձմռան սաստիկ եղանակների պատճառով ճանապարհներն անանցանելի էին, և նա ստիպված էր մնալ այդտեղ՝ զբաղվելով դեպի Երկիր զենքի փոխադրության հարցերով: Տագնապալի տարիներ էին ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլ նաև հայրենիքի արևելյան հատվածի համար: Այն օրերին, երբ Արամը գտնվում էր Վասպուրականում, Բաքվում հայերի ջարդեր էին տեղի ունենում:

Նամակների մեծագույն մասը գրվել է հենց Վասպուրականում հաստատվելուց հետո, մանավանդ առաջին երկու տարիներին, երբ զբաղված էր զենք-զինամթերքի ապահովման գործով: Միայն 1905-1906թթ. այդ նամակների թիվը հասնում է 240-ի: Դրան հակառակ, 1914-1915թթ. Արամի գրչին պատկանող սակավաթիվ գրություններ են մեզ հասել: Ցավոք, այդ տարիների Վասպուրականի, ինչպես նաև կուսակցական մյուս շրջանների արխիվը, ժամանակին Ժնև չտեղափոխվելով, ոչնչացվել է:

Գրքում տպագրվել են մի քանի նամակներ, որոնք մեր արխիվներից չեն: Դրանք ցարական գրաքննության կողմից բռնագրավված նամակներն են, որոնք գտնվում են Հայաստանի արխիվներում: Նամակներում տեղ գտած որոշ արտահայտություններից պարզ է դառնում, որ դրանց որոշ մասը տեղ չի հասել, բայց մեծամասնությունը բարեբախտաբար պահպանվել է:

– Նամակներն ուսումնասիրելով՝ ի՞նչ նոր բացահայտումներ եք արել Արամի կերպարի մեջ:

– Արամը շատ անձնուրաց, սակավակյաց անձնավորություն էր, չարքաշ կյանք էր վարում: Օսմանյան պետության հայահալած քաղաքականության օրերին տեղի ու եկվոր գործիչները ընդհատակյա գործ էին կատարում: Մի վայրում առավելագույնը երկու գիշեր կարող էին մնալ, պետք է անընդհատ տեղափոխվեին: Արամը ահավոր հոդացավեր, տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, դժվարությամբ էր շարժվում: Նրան երբեմն շալակած էին փոխադրում տեղից տեղ:

Վասպուրականում մի տարեց կին, տեսնելով դրսից եկածների վիճակը, հարցնում է, այ տղա դու հայր-մայր, ընտանիք չունե՞ս:

Չէ,-պատասխանում է Արամը,- ես երկնքից եմ իջել:

Արամը սիրվեց, ընդունվեց վանեցիների կողմից, ովքեր դրսեկների նկատմամբ վերապահ էին: Ինքն էլ սիրեց Վան-Վասպուրականը, Վասպուրականում գտնվելու այդ ավելի 10 տարիների ընթացքում վանեցի դարձավ: Վանեցիների նման ինքն էլ Վանը դրախտ էր անվանում:

Վանն ապահովվել էր պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, և միայն դրա շնորհիվ կարողացավ 1915թ. Եղեռնի ժամանակ զենքի դիմելով հաղթանակով դուրս գալ: Տեղի հայերի փրկության համար պարտական ենք Վանի դաշնակցական ղեկավարներին, Արամի համբերատար, տքնաջան աշխատանքին, որն արտացոլված է նրա նամակներում՝ որքան փամփուշտ, զենք է ստացվել, ինչի կարիք կա, ինչն է պակասորդի պատճառը: Տպավորություն կա, թե գիշեր-ցերեկ զբաղված էր զենք-զինամթերքի խնդիրներով: Բայց, բացի դրանից, նրա ուսերին էր ամբողջ Վասպուրականի շրջանի կուսակցական գործերի ղեկավարությունը, որն ընդգրկում էր կյանքի բոլոր ոլորտները՝ կազմակերպական, մշակութային, քաղաքական, կրթական, քարոզչական և այլն:

Մյուս գործիչների ցուցամոլությունը չուներ, ինքը ստվերի մեջ էր, գործը ընդհանուրինն էր, ինքը՝ դրա մի մասնիկը:

Բնույթով համեստ մարդ էր, բայց միևնույն ժամանակ իր գրություններում, հատկապես վերադաս մարմիններին ուղղված նամակներում համարձակ էր, հանդուգն, բուռն քննադատող: Այսօր դժվար է երևակայել, որ Բյուրոյի հետ որևէ գործիչ այդպիսի լեզվով կխոսի, բայց նրան չէին պատժում, որովհետև հասկանում էին, որ անձնականի, նյութականի, իր հարմարավետության մասին չի մտահոգվում, այլ ժողովրդի ցավի թարգմանն է:

ՀՅԴ մեծերը, հատկապես Ռոստոմը, հատուկ վերաբերմունք, գուրգուրանք ունեին Արամի նկատմամբ, նրա մեջ էին տեսնում Դաշնակցության գործը արժանավոր շարունակողին: Եվ պատահական չէ, որ կազդուրվելու համար Եվրոպա մեկնելու հատուկ հրահանգ տվեցին: Ռոստոմը Ժնևում ապրող իր ընկերջը գրում էր, որ այդ օրերին իրենց մոտ է գտնվում Արամը, «նրան քշեցեք մեկ հեռավոր անկյուն, մարդու երես չտեսնի»: Բայց չի հաջողվում «մեկուսացնել» Արամին, «Դրօշակի» խմբագրությունում է աշխատում, թղթակցում:

Անշահախնդիր նվիրվածություն ուներ իր գործին: Գրքում տպագրված և այլ լուսանկարներում նա կոստյումով է, բայց դրանք բոլորը վարձով վերցված, փոխ առնված էին: Միայն Արամը չէր, մյուս ղեկավարներն էլ նույնն էին: Եթե ուշադրություն դարձնենք, բոլորը միևնույն կոստյումով են լուսանկարվել: Թուրքերը նրան «փաշա» էին ասում, Հայաստանում նրան դիկտատոր էին անվանում: Ի՞նչ դիկտատոր, նա ամենաժողովրդավար մարդն էր: Իր խառնվածքին, բնավորությանը բոլորովին անհարիր էին այս որակումները: Իր գործին անմնացորդ նվիրված համեստ մարդ էր: Արամների օրինակը պետք է վարակիչ դառնա այսօրվա մեր իշխանավորների համար:

– Չնայած Ձեր պատկառելի տարիքին, դուք հրատարակել եք այս արժեքավոր աշխատությունը, և ենթադրելի է, որ տպագրությունից հետո նոր աշխատանքի եք լծվելու:

– Այո, շատ-շատ նյութեր կան, որ արժանի են հատուկ ուշադրության, հավաքվելու, ժողովածու կազմելու: Օրինակ, մեկ այլ արցախցու՝ Նիկոլ Դումանի նամակները, որոնք ես ամբողջացրել եմ և, հավանաբար, Աստծո կամոք հաջորդիվ կհրատարակվի:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

aparaj.am