Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ստորագրել են հուշագիր. 8 հոկտեմբերի, 2018թ

2870

Վարչապետ Նիկոլ Փաշինյան 2018թ հոկտեմբերի 8-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել են հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

ՀՈՒՇԱԳԻՐ

2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըմի կողմից եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ:

1. Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը եւ ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որեւէ թեկնածուի: Ինչպես նաեւ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ նախաձեռնության:

Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտությանեւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան