Արցախյան պատերազմի հետևանքները, Սպիտակի երկրաշարժի հետևանքները

1035

Ազգային անվտանգության մի անտեսված մարտահրավերի մասին

 

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան 

Ազգային անվտանգության մասին պատկերացումները շատ դեպքերում սահմանափակվում են հիմնականում ռազմական բաղադրիչով ու հատկապես արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Հավանաբար, ազգային անվտանգության համակարգի նշանակության նման ընկալումը պայմանավորված է Ադրբեջանի հետ 30 տարուց ավելի ձգվող պատերազմական իրավիճակով։

Սակայն ազգային անվտանգության համակարգը բազմաշերտ է, որի առաջնային խնդիրներից մեկը բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն է ինչպես արտաքին հակառակորդից, այնպես էլ բնական աղետներից։ Ինչպես նաև սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների անվտանգության ու բնականոն կենսագործունեության ապահովումը։Արտաքին թշնամուց բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրը պատշաճ կերպով լուծում է բանակը, սակայն բնական աղետներից երկրի բնակչության անվտանգության ապահովման համակարգը Հայաստանում կաղում է։

Դժբախտաբար, վերջին 30 տարում մենք ստիպված ենք եղել մեզ վրա կրելու թե՛ բնական աղետների, թե՛ պատերազմների հետևանքները։ Երկու դեպքում էլ ունեցել ենք հազարավոր մարդկային ու նյութական կորուստներ,  ենթակառուցվածքների ավերածություններ։

Սակայն 1988թ. Սպիտակի երկրաշարժի և Արցախյան պատերազմի հետևանքները նյութական ու մարդկային կորուստների առումով համադրելի չեն։

Սպիտակի երկրաշարժի հետևանքները

Երկրաշարժի վնասի գոտու մակերեսը կազմել է 10 000 քառակուսի կիլոմետր՝  հանրապետության տարածքի 40 տոկոսը (համադրելի է Արցախի ներկայիս տարածքի հետ), ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ։ Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:  Ավերվել է հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել է 170 արդյունաբերական ձեռնարկության գործունեություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրներին:

Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 25000 մարդ, Գյումրիում՝ մոտ 15-17 հազար, Սպիտակում՝ 4 հազար մարդ: Վանաձորում աղետի հետևանքով զոհվել է 1200, Ախուրյանում՝ 500 և Ստեփանավանում՝ 125 մարդ։

Երկիրը կրել է ավելի քան $13 միլիարդի տնտեսական վնաս:

Ըստ պաշտոնական տվյալների՝ մարդկային ու նյութական կուրուստների հիմնական պատճառ են հանդիսացել՝

  • Հանրապետության ողջ տարածքում սեյսմիկ վտանգի թերագնահատվածությունը։ Մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ, և դա այն դեպքում, երբ 1988թ.երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ:
  • Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի և կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:
  • Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին:
  • Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները:
  • Շատ զոհերի պատճառներից էին նաև փրկարարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը:
  • Ազգաբնակչության՝ էքստրեմալ պայմաններում համապատասխան հմտությունների և իրազեկման բացակայությունը:

Այս տարի լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն մինչ այժմ հատկապես բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերման հետևանքները վերացված չեն։ Ավելին՝ Երևանում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կառուցված են Խորհրդային Միության ժամանակահատվածում, նույն որակով ու նույն տիպի, ինչ Գյումրիում ու Սպիտակում փլուզված շենքերն էին։

Արցախյան պատերազմի հետևանքները

Aniarc.am կայքում բերվող ոչ պաշտոնական տվյալների համաձայն` 1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայկական կողմերի՝ Արցախի և Հայաստանի մարդկային կորուստների ընդհանուր թիվը կազմել է 9700: Արցախյան պատերազմում և 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր Հայաստանը և Արցախը միասին ունեցելեն ավելի քան 10 հազար հաշմանդամ զինծառայողներ:

Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմերի կրած նյութական վնասների մասին տեղեկություն հնարավոր չեղավ գտնել:

Ավերիչ երկրաշարժի միջով անցնելուց հետո տրամաբանական է, որ պետք էր միջոցառումներ ձեռնարկել նման բնական աղետի դեպքում մարդկային ու նյութական կորուստները նվազագույնի հասցնելու համար։ Առավել ևս, որ Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, այդ թվում՝ Երևանը։ Քաղաք, որտեղ կենտրոնացված է Հայաստանի բնակչության 30 տոկոսից ավելին։

Երկրաշարժերը՝ սպառնալիք ազգային անվտանգությանը

Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ պաշտպանության համակարգ է ներդրվել, ընդունվել են օրենքներ և ենթաօրենսդրական փաստաթղթեր։ ՀՀ տարածքում և հատկապես Երևանում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ ծրագիր է մշակվել: Սակայն գերխիտ բնակեցված Երևանը, կարելի է ասել, պատրաստ չէ դիմագրավելու 9 բալանոց երկրաշարժին։

Դեռ 2013թ. Mediamax գործակալության հետ զրույցում  ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանն ասել էր. «Նախնական գնահատականներով կարելի է ասելոր Երևանի շուրջ 4800 բազմաբնակարան շենքերի 20%-ը սեյսմակայունության տեսակետից շահագործման պիտանի չէԴրանք պետք է ապամոնտաժվեն և փոխարինվեն նորերով:  Բազմաբնակարանների մոտ 60%-ը սեյսմազինվածության բարձրացման և ամրակայման կարիք ունիԱյսպիսովբազմաբնակարանների միայն20%-ը ուժեղ երկրաշարժի դեպքում կվնասվիբայց չի փլուզվի»:

Նույն հրապարակման մեջ նշվում է, որ հայ և ճապոնացի մասնագետները դիտարկել են հավանական երկրաշարժի մի քանի սցենարներ:

Այսպես, սցենարներից մեկի համաձայն՝ Գառնու մերձակայքում ցերեկային ժամերին ուժգին երկրաշարժի պարագայում Երևանում կզոհվի շուրջ 100 հազար մարդ, կփլուզվի շենքերի 40%-ը: Եթե երկրաշարժը գրանցվի գիշերը, զոհերի թիվը կհասնի  250 հազարի:

Մի քանի վայրկյանում 250 հազար մարդ կորցնելու ու միլիարդավոր դոլարների հասնող նյութական վնաս կրելու հեռանկարը արդյո՞ք լրջագույն սպառնալիք չէ պետական անվտանգությանը։ Նույնիկս եթե գոյություն ունի մի քանի վարկյանում մի քանի հազար մարդկային կյանքեր կորցնելու վտանգ, ապա պետությունը պարտավոր է այն նվազագույնի հասցնել ու հնարավորինս ապահովագրել նման վտանգներից։

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մայրաքաղաքի խոցելի բազմաբնակարան շենքերի խնդիրը չհայտնվեց հանրային-քաղաքական օրակարգում: Քաղաքը կառավարելու հայտ ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչները գրեթե չեն անդրադարձել վերոհիշյալ խնդրին։

Կենտրոնական իշխանությունները նույնպես չունեն բնակավայրերի և մասնավորապես Երևան քաղաքի խոցելի բնակֆոնդի ամրացման ու վերակառուցման ռազմավարական նախագիծ, ինչը հնարավորություն կտար դիմագրավելու հնարավոր ուժգին երկրաշարժերին։ Առավել ևս՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ազգային անվտանգության խնդիր է թիկունքի ապահովագրումը տարատեսական վտանգներից՝ լինի դա բնական, թե տեխնածին աղետ։

Խնդրի լուծման համար, իհարկե, անհրաժեշտ է լրջագույն ֆինանսական միջոցների ներգրավում, սակայն հնարավոր աղետի դեպքում կպահանջվեն էլ ավելի լուրջ ներդրումներ նյութական վնասները վերականգնելու համար, իսկ մարդկային կորուստների վերականգնումը, բնականաբար, հնարավոր չի լինի։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ խիտ բնակեցված ու ռազմավարական նշանակություն ունեցող Երևան քաղաքը երկրաշարժի տեսքով բնական աղետին դիմագրավելու առումով առնվազն թերի է նախապատրաստված։ Ավելին՝ մինչև այժմ այս ուղղությամբ որևէ միջոցառում չի իրականացվել, ու ներկայում էլ տեսանելի չեն մայրաքաղաքի խոցելի բնակֆոնդը սեյսմիկ անվտանգության նորմերին համապատասխանեցնելու քայլերը։ Չկա համակարգված ռազմավարական պլան մայրաքաղաքի բնակֆոնդը սեյսմակայունության համապատասխան ստանդարտների բերելու առումով։

2018թ. գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո կարելի է ակնկալել, որ գործող կառավարությունը, գիտակցելով բոլոր ուղղություններով ազգային անվտանգության ապահովման կարևորությունը, հավուր պատշաճի ուշադրություն կդարձնի քաղաքացիների ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգներին դիմակայելու խնդրին։ Այս առումով Հայաստանի համար օրինակ կարող է ծառայել Ճապոնիան, որը բնական ու տեխնածին աղետներին նախապատրաստվելու ու դիմագրավելու հարուստ ու մշակված փորձ ունի։

Աղբյուրը՝ ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, Ստեփանակերտ