Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից, որի գինը 1.3 միլիոն դոլար է

1638

Սերժ Սարգսյանի գրասենյանը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց ՍիվիլՆեթի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։

Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների տասը առաջարկ էր ներկայացրել Սերժ Սարգսյանի գրասենյակին, որոնք, ըստ էության՝ մերժվել էին։

Վերջին առաջարկը Ավան վարչական շրջանում առանձնատան տարբերակն է եղել։ Այն արժեր ավելի քան 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝  Սարգսյանի գրասենյակը այս մի տարբերակին էլ չի համաձայնել, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել առանձնատան վերևում գտնվող մի էլեկտրական լարի հետ, մինչդեռ ԱԱԾ  պետական պահպանության ծառայությունը առանձնատան հետ կապված խնդիրներ չեն տեսել։

Քանի որ Ավանում առաջարկված առանձնատունը Սարգսյանի տեղափոխման համար վերջնական տարբերակ էր, ակնկալվում է, որ այս տարբերակը մերժելուց հետո կառավարությունը կարող է այլևս այլ Սարգսյանի հետ տարբերակներ չքննարկել։

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման ու անվտանգության ապահովման մասին» օրենքը չի պարտադրում պաշտոնաթող նախագահին անպայման տրամադրել առանձնատուն։

Էդուարդ Աղաջանյանը Սիվիլնեթին հոկտեմբերի 1-ին հայտնել էր, որ Սարգսյանի գրասենյակը կառավարությանն առաջարկել է Ազատության պողոտայում ձեռք բերել 6 միլիոն դոլար արժողությամբ մի կիսակառույց։ Սա ձեռք բերելու դեպքում կառավարությունը ևս 6 միլիոն դոլար պետք է ծախսեր կիսակառույցն ամբողջությամբ վերանորոգելու վրա։ Այս տարբերակը կառավարության կողմից մերժվել էր։ Մեկ այլ տարբերակով Սարգսյանը ցանկություն էր հայտնել ստանալու Ազատության պողոտայում գտնվող ԱԱԾ ընդունելությունների տունը։

Աղաջանյանը տեղեկացրեց, որ այս տարբերակը մերժվել է, քանի որ նշված տարածքն օգտագործվում է պետության կարիքների համար։

Լուսանկարներ Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատնից

 

Մկրտիչ Կարապետյան

ՍիվիլՆեթ