«Ավրորան» նոր կրթաթոշակ կտրամադրի՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

992

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ:

«Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին:

Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրեւ դերասան եւ երգիչ, իբրեւ մարդասեր եւ բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը մեր կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը: Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այս  կրթաթոշակները տրվում են ի երախտիք  ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան եւ փառքի հասավ:

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու  UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, եւ մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ»,- ասված է նախաձեռնության հաղորդագրությունում:

ՍիվիլՆեթ