Վաչէ Բրուտեանը՝ «թաթուլ-յակոբեան կամ մայքլ-բաբայան կոչուածների» մասին

2075

Իմ ընկերներից մեկը, ով ՀՅԴ անդամ է (ես, ի ծնե անկուսակցական եմ և այդպես էլ կմնամ, քանի դեռ լրագրության մեջ եմ, իսկ լրագրության մեջ կմնամ հավանաբար մինչև մահ: Ես տասնյակ, եթե չասեմ հարյուրն անց ընկերներ ունեմ ՀՅԴ-ից՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որոնց հարգում եմ, ինչպես իմ մյուս ընկերներին), ինձ ուղարկեց «դաշնակցականներ/arf members» փակ խմբում ծավալված մի քննարկում, որը իրավունք չունեմ ամբողջապես հանրայնացնելու:

Այդպես եմ խոստացել, բայց նրա թույլտվությամբ հանրայնացնում եմ մի հատված այդ քննարկումից, որը կարող եք կարդալ այս գրության վերևի հատվածում՝ նկարում:

Այս տողերի հեղինակը իմ ֆեյսբուքի ընկեր, Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՅԴ Բոստոնի արխիվի նախկին պատասխանատու Վաչէ Բրուտեանն է:

Պարոն Բրուտեանին մտահոգել է, որ տողերիս հեղինակը անկեղծ չէ, երբ հրատարակում է Հովհաննես Քաջազնունու գործերը կամ մոռացությունից հիշատակելի դարձնում և վերանորոգում/մաքրում ՀՀ առաջին վարչապետի ընտանեկան գերեզմանը: Եթե ես մտահոգ լինեի, ըստ պարոն Բրուտեանի, ապա պետք է դիմեի ՀՅԴ գրասենյակներին՝ համագործակցության կամ գուցե թույլտվության համար: Եթե դա չեմ արել, ուրեմն, ինչպես ինքն է գրում, այդ ամենը կեղծիք էր և շոու:

Հովհաննես Քաջազնունին ինձ համար նախ և առաջ ՀՀ առաջին վարչապետն է: Երբ ես այս տարի, առաջին անգամ Հայաստանում, վերահրատարակեցի ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային գործը, առաջնորդվեցի ոչ թե այն սկզբունքով, որ Խատիսյանը դաշնակցական է, այլ որովհետև նա ՀՀ երկրորդ վարչապետն է և փայլուն աշխատություն է թողել:

Երբ վերահրատարակում եմ Ստեփան Սապահ-Գիւլեան, Արշակ Ջամալյան կամ Ռուբէն Տեր-Մինասեան, ես նրանց չեմ ընկալում որպես հնչակյան կամ դաշնակցական գործիչ: Երբ մի որ որևէ բան գրեմ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, նրան չեմ ընկալի որպես ՀՀՇ-ական, այլ ՀՀ առաջին նախագահ: Երբ գրեմ Սերժ Սարգսյանի մասին, կգրեմ որպես ՀՀ երրորդ նախագահ, այլ ոչ որպես ՀՀԿ-ական:

Անշուշտ, պարոն Բրուտեանը իրավունք ունի գաղտնի, փակ կամ բաց խմբերում քննադատելու ինձ: Պարզապես, ինձ համար ցավալի է, որ Քաջազնունուն հիշատակելը կամ նրա գործերը հրատարակելը կամ նրա ընտանեկան գերեզմանը կարգի բերելը ընկալվել է ոչ անկեղծ քայլ՝ շոու և կեղծիք: Հավանաբար, ըստ նույն տրամաբանության, անկեղծ կլիներ, եթե մինչև այսօր՝ ՀՀ հռչակման 100-ամյակի, առաջին վարչապետի ծննդյան 150 և մահվան 80-ամյակի տարում Քաջազնունու ընտանեկան գերեզմանը կորած լիներ մացառների մեջ:

Ո՞վ է խանգարում, որ որևէ այլ անհատ կամ կառույց հրատարակի Քաջազնունու գործերը: Ի դեպ, մտավորականը գոնե պետք է ընդունի, որ 100 տարի առաջվա գրքեր հրատարակելը դյուրին գործ չէ: Հատկապես, երբ չկա հովանավոր և հույսդ վաճառքից ստացվող դրամներն են:

Եվ ո՞վ է խանգարում, որ որևէ անհատ կամ կառույց Քաջազնունու ընտանեկան գերեզմանը վերանորոգի կատարելապես: Կանադայից մի հայորդու ուղարկած գումարով, որ, եթե հիշողությունս չի դավաճանում, 100 դոլար էր, գուցե մի քիչ ավելի, ես իմ որդիների հետ շաբաթ-կիրակի օրերին գնացել և մաքրել եմ Քաջազնունու ընտանեկան գերեզմանը: Եվ սա եղել է իմ անկեղծ հարգանքը Քաջազնունի-ՄԱՐԴՈՒ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԾՆՈՂԻ հանդեպ: ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ով երեք որդիներին ուղարկել է կռվի՝ ի պաշտպանություն Հայաստանի:

Ցավալի է, որ մեր մտավորականությունը, ինչպես այս դեպքում պարոն Բրուտեանը, կոշտ բառապաշարի փոխարեն (ինչը ընդունելի է), օգտագործում է վիրավորական արտահայտություններ: Եվ կարևոր չէ՝ իմ կամ երիտասարդ պատմաբան Մայքլ Բաբայանի հասցեին:

Ես, իհարկե, Մայքլի փոխարեն չեմ խոսում, բայց կարծում եմ, որ 100-ամյակի տարում Մայքլը ահռելի աշխատանք կատարեց և մեզ ծանոթացրեց ՀՀ բազմաթիվ գործիչների, բազմաթիվ արխիվներ գտավ և փրկեց մոռացությունից: Այդ գործը նա շարունակում է կատարել ամենօրյա ռեժիմով:

Հուսանք, որ այսուհետ պարոն Բրուտեանը մարդկանց անունը և ազգանունը կգրի մեծատառով, քանի որ, փոքրատառով գրելը անարգանք է մայրենիի հանդեպ:

Հարգանքներով՝ Թաթուլ Հակոբյան