Մարտի 1-ի գործով Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվեց Մուշեղ Սաղաթելյանին և Վարդգես Գասպարիին

917

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 20-ին հրապարակել է 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ խախտվել են 2008-ի հանրահավաքների մասնակից, քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի անձնական ազատության անձեռնմխելիության,  խոշտանգումներից զերծ մնալու, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։

2008-ի փետրվարյան շուրջօրյա հանրահավաքները Մարտի 1-ին դադարեցվեցին ոստիկանական գրոհի արդյունքում։ Սաղաթելյանն այդ օրը ձերբակալվել էր ու ավելի ուշ դատապարտվել 5 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով։

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 15 հազ․ 600 եվրո վճարել Սաղաթելյանին՝ հասցված բարոյական վնասի ու ևս 5000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Մուշեղ Սաղաթելյանի վճռից բացի, Եվրոպական դատարանը հրապարակել է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիի բողոքի վերաբերյալ վճիռը։ Ստրասբուրգի դատարանը գտել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի համար:

Գասպարին ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին, նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում մանրակրկիտ անդրադարձել է ՄԻԵԴ որոշմանը։ Նրա մեկնաբանությունը առանց փոփոխությունների՝ ստորև։

«ՄԻԵԴ-ն այս վճռով ճանաչել է, որ դիմողի կալանքը եւ նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական վարույթների արդյունքը՝ դատարանների որոշումները, ՄԻԵԿ իրավունքի իմաստով ապօրինի են եղել եւ հանգեցրել են դիմողի իրավունքների կոպիտ խախտումների։

Այն ճանաչել է դիմող Մուշեղ Սաղաթելյանի իրավունքների հետեւյալ խախտումները․

1․ 2008թ․-ի մարտի 1-ին՝ իր ձերբակալման պահին եւ հետագայում՝ նույն օրը նաեւ ոստիկանության բաժնում, դիմողը ենթարկվել է խոշտանգումների։ Այս հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր դատարանները եւ իրավապահները:

2․ Վերը նշված խոշտանգումների վերաբերյալ արդյունավետ քննություն չի կատարվել։ Այս մասով առհասարակ քննություն չի կատարվել։ Ավելին․այս մասով քննությունը բացառվել է՝ խոշտանգողների հրոսակախմբերին պատասխանատվությունից ազատելու հստակ դիտավորությամբ: Դատարանը նշել է, որ կառավարության կողմից նշած քննության ողջ նպատակն իրականում ոչ թե խոշտանգողնեին պատասխանատվության ենթարկելը, այլ դիմողի դեմ ապացույցներ հավաքելն է եղել։

3․ Դիմողի անազատությունը՝ սկսած իր ձերբակալման պահից եղել է կատարելապես ապօրինի եւ կամայական, չի ունեցել որեւէ օրինական հիմք:

4․ Հայաստանյան դատարանների որոշումները չեն պարունակել դիմողի կալանքի համար բավարար եւ վերաբերելի հիմնավորումներ։ Այլ խոսքով՝ դիմողի կալանքը սկզբից ի վեր եղել է բացարձակապես կամայական:

5․ Պետությունը ձախողել է արդար դատաքննության իրավունքի ապահովման իր պարտականությունը, քանի որ դիմողի գործով ապահովված չի եղել կողմերի հավասարության հիմնարար սկզբունքը, իսկ իր դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա: Չեմ կարող չմեջբերել այս կապակցությամբ ՄԻԵԴ դատողության այս հատվածը․ «210․ Ամփոփելով՝ Դատարանը հաշվի է առնում, որ ազգային դատարանները քննելով մեղադրանքի առանցքային փաստերը, որոնք ավելին՝ հիմնված էին իրարամերժ ապացույցների վրա, ձեռնպահ են մնացել խելամիտ հնարավորություններից օգտվելուց՝ ստուգելու համար ոստիկանների մեղադրական հայտարարությունները, որոնք մեղադրանքի կողմի (դատախազության) միակ վկաներն են եղել և ակտիվ դերակատարություն են ունեցել խնդրո առարկա իրադարձություններում։ Իրադարձությունների մասին ոստիկանական վարկածի անվերապահ սատարումը, դիմողի որեւէ միջնորդությանը պատշաճ կերպով չանդրադառնալը եւ պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելուց հրաժարվելը՝ առանց պատշաճորեն դիտարկելու նրանց հայտարարությունների իրավացիությունը, կարելի է ասել, հանգեցրել են պաշտպանական կողմի իրավունքների սահմանափակումների, որոնք անհամատեղելի են արդար դատաքննության երաշխիքների հետ ․․․։»

Հավելեմ, որ սա ոչ թե տեխնիկական սխալի, կամ եռաստիճան դատական համակարգի կողմից «անմեղորեն» թույլ տված խախտում է եղել վերը փաստարկները անտեսված լինելու չեզոք պատճառով, այլ սա եղել է այդ գործը քննած բոլոր դատավորների բարոյականության բացակայության ցուցիչը․ նրանք ուղիղ դիտավորությամբ թույլ չեն տվել դիմողի օգտին վկայող վկաների մասնակցությունը դատաքննությանը եւ հրաժարվել են ստուգել ոստիկանների կողմից տված ցուցմունքների արժանահավատությունը, որպեսզի դիմողին ամեն գնով դատապարտելու իրենց հանձնառությունը չխոչընդոտվեր հակասող ապացույցներով:

6․ Դատարանը համարել է նաեւ, որ պետությունն՝ իր իրավապահների եւ դատարանների միջոցով խախտել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը, քանի որ ոստիկանության կողմից Ազատության հրապարակում խաղաղ հավաքին միջամտելու միակ նպատակը եղել է այն ցրելը։ Կմեջբերեմ այդ հատվածը քոմենթում, քանի որ այս կետը մատի 1-ի գործի անկախ քննության մեկնարկ է թելադրում․ մինչ մի քանի ամիս առաջ մեզ հրամցվել էր իշխանության կուսակցական վարկածը, որի նպատակն էր այդ օրվա ապօրինություններին իրավականության երանգ հաղորդելը։

Այս բոլոր խախտումների արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է պատճառված բարոյական վնասի փոխհատուցում նշանակել դիմողին։

Այս վճիռն այն մասին է, որ այս գործին մասնակից եւ դիմողին ապօրինաբար ու առանց ընթացակարգային երաշխիքների ապահովման, դիտավորությամբ նրա օգտին եղած ապացույցներն անտեսելու եւ կուսակցական քաղաքական գիծը դատավճռի միջոցով հաստատելու նպատակով երկարաժամկետ ազատազրկման դատապարտած դատավորները՝ զինվորական ենթարկվելիությամբ եւ հնազանդությամբ ի կատար են ածել կուսակցական-քաղաքական հրահանգներ՝ մարդուն դատապարտելու եւ իրադարձությունների համար կեղծ համատեքստ ներկայացնելու նպատակով։

Այլ խոսքով, Հայաստանը 2008թ․-ի դրությամբ չի ունեցել (առնվազն 2008թ․-ի մարտի 1-ի լույս 2-ի դեպքերի քննության մասով) արդարադատության համարակարգ։ Իսկ սա նշանակում է, որ այս վճիռը նաեւ մարտիմեկյան դեպքերի «պաշտոնական» վարկածի մահախոսականն է։ Եւ այդու, մարտիմեկյան ոճրագործության մասին խոսելիս «պաշտոնական» վարկածն այլեւս խոտանված է ի բնե։

Միթե՞ վերը նշված խախտումների միջոցով մարդուն ապօրնաբար երկարատեւ ազատազրկման դատապարտելիս դատավորները չեն հասկացել իրենց արածը։ Իհարկե՝ այո։ Հասկացել են։ Իսկ խախտումները կատարել են դատապարտելու նպատակով, հնարավոր դարձնելով կամ, որ ավելի ճիշտ է, պատրանք ստեղծելով, թե դիմողի մեղքն ապացուցված է (միայն ոստիկանների ցուցմունքներով) եւ հակառակի մասին վկայող ապացույցներ չկան։ Այսինքն, դիմողի նկատմամբ կատարելապես ապօրինի դատավճիռը իրենց կողմից թույլ տված դատավարական խախտումների արդյունքում սխալ եզրահանգման տրամաբանական սկիզբը չի եղել։ Այդ խախտումները կատարվել են գործերը քննող դատավորներին թելադրված եւ նրանց կողմից էլ պատրաստակամորեն հանձնառված դատավճիռների եզրափակիչ մասերի համար «պատճառաբանություններ» հորիելու կամ եղած «պատճառաբանությունները» չնվասելու նպատակով։

Այս դատավորները, փաստորեն, իրենց իսկ երդմնազանցության եւ այլոց ճակատագրերի գիտակցաբար խեղման ճանապարհով շարունակել են պաշտոնավարել եւ Հայաստանի անունից արդարադատություն իրականացնել։ Նրանք ոչ միայն շարունակել են պաշտոնավարել, այլ նրանցից ոմանք անմիջապես առաջխաղացում են ունեցել։ Եւ ամբողջ համակարգային տրամաբանության մեջ մարտիմեկյան ոճրագործությանը դատավորների կողմից այսպիսի զազրելի մասնակցությունը արմատավորվել է որպես հետագա անձնական բարեկեցության եւ մասնագիտական առաջխաղացման խթան։

ԻՍԿ ՀԻՄԱ Ի՞ՆՉ

Հիմա արդարադատության համակարգի համար ճշմարտության պահն է։ Դատական իշխանությունը այլեւս զուրկ է որեւէ (հակա)փաստարկից, թե առանձին վերցրած գործերով կարող են լինել իրավունքների խախտումներ եւ որ դա համակարգային բնույթ չունի, կամ որ պետք չէ այն կոնկրետացնել որեւէ դատավորի վրա։

Այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է․ այն ցույց է տալիս ոչ միայն այն, որ Հայաստանի արդարադատության համակարգը կազմ ու պատրաստ է եղել գործել 1937թ․-ի ոգով եւ մարդկանց դատապարտել երկարաժամկետ պատժաժամկետների՝ «հայրենիքի դավաճանի» կնիքով, այլ այն, որ շատ ավելի վտանգավոր համակարգի հատկություններ է ձեռք բերել։

Այն ցանկացած պահի ի վիճակի է տրանսֆորմացվել արտակարգ դատարանների համակարգի եւ իր սեւ գործն անելուց հետո շարունակել տարիներով գոյատեւել՝ ժողովրդավարական պետության արդարադատության համակարգի տեսքով։

Ավելին․ առավել վտանգավոր է հիմա այս համակարգի հիվանդության մեկ այլ հնարավոր հատկություն։ Նախկինում թույլ տված զանգվածային ռեպրեսիաների դատապարտումը կանխելու նպատակով այն հիմա պատրաստ է որպես ինքնապաշտպանություն վերահաստատել իր կամ իր անդամների մի զգալի մասի կողմից նախկինում հաստատված դիրքորոշումները՝ ցույց տալու համար, թե անմեղ մարդկանց դատապարտելիս իրենց համոզմունքը իրական է եղել, եւ ապա՝ նպատակ ունենալով դատական ակտերի միջոցով ազատագրել իրենց հանցակիցներին ՝ շարքերը կուռ պահելու տրամաբնությամբ։

Մենք արդեն նման մի ակտի ականատես ենք եղել, երբ դատավորը կողմերից թաքցրել էր իր՝ մարտիմեկյան «բորենիների խրախճանքին» մասնակցության փաստը եւ հենց նույն կոնտեքստին վերաբերող մեկ այլ գործով կալանքի մասին որոշում էր կայացրել։

Հիմա դատական իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ է այլեւս հենց համակարգի կենսունակության եւ դրա ու արդարադատության հեղինակության պշտպանության նկատառումներով հանրությանը պարզաբանել, թե ինչպես է ձերբազատվելու դատական իշխանության մեջ դեռ պաշտոնավարող կուսակցական դահիճներից (հարցը կոնկրետ կուսակցությունը չէ, այլ կոնկրետ պաշտոնյայի այս կամ այն կուսակցական քաղաքական գիծը դատավորի կարգավիճակում իրագործելու հատկությունը)։

Հիմա ժամանակն է, որ դատական իշխանությունը ներկայացնի իր դիրքորոշումը, թե ինչպե՞ս է պատկերացնում իր այս համակարգային ախտից ձերբազատվելու ճանապարհը եւ կոնկրետ ի՞նչ գործողություններով։ Միեւնույնն է՝ պետությունը չի կարող հանդուրժել այս իրավիճակը։ Ճիշտ կլինի, որ գործընթացը սկսվի հենց դատական իշխանության մեջ եւ դրա շրջանակներում։ Հակառակ դեպքում խնդիրներ են առաջանալու օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ հանրության վերաբերմունքի համաչափության մասով։

ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ

Այս գործով դատավարությունների բոլոր զոհերն այլեւս իրավունք-պահանջ են ձեռք բերում՝ իրենց գործերի վերաբացման եւ վերանայման համար։ Դրանց իրավական հիմքերին դեռ կանդրադառնամ: Նրանք այլեւս ՊԱՀԱՆՋԱՏԵՐ են մարտիմեկյան իրադարձությունների մասով հատուկ՝ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնման հարցում, ինչի նպատակով քաղաքացիական հասարակության անդամ կազմակերպությունները կարող են այլեւս սկսել իրենց քննարկումները։

Գործադիր իշխանությունը պետք է նախաձեռնի այս գործընթացի նյութական եւ իրավական տեխնիկական ապահովման բեռը։

Մեկնաբանություններում կտեղադրեմ նաեւ այն բոլոր դատավորնեի անունները, որոնք դիմողի դատավճռի կայացման մասնակից են եղել։ Նրանք միաձայն են դատապարտել, կամ ուժի մեջ թողել նրա նկատմամբ կայացված ակտերը։ Նրանցից ոմանք դեռ պաշտոնավարում են։

ՀԳ․ Հայաստանի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկի քննության գործը նոր է սկսվել։ Մենք պետք է պատրաստ լինենք ճաշակել այդ գործի ճշմարտության դառնությունը, այլ ոչ թե «էջը շրջելու» ջայլամաբարո կեցվածքով շարժվենք առաջ։ Այս պատմության մեջ ինփ համար ամենազարհուրելին ոչ այնքան այն է, թե ինչ է տեղի ունեցել հենց կոնկրետ ռազմական գործողությունների թատերաբեմում, որքան այն, թե ինչ հանգստությամբ եւ սառնասրտությամբ են հետագայում իրենց ապահով առանձնասենյակներում նստած բարձր վարձատրվող եւ սոցիալական բոլոր բարիքներից օգտվող դատավորները իրենց կամքով եւ ընտրությամբ իրենց իսկ փալաս են դարձրել այլոց արյունոտ ձեռքերը մաքրելու համար»։

Արխիվային լուսանկար՝ Վարդգես Գասպարին